«ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐՔ»
Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարած 126 կործանիչների մատակարարման մրցույթի եզրափակիչ փուլ են դուրս եկել եվրոպական Typhoon-ը և ֆրանսիական Rafale-ը: Eurofighter և Dassault ընկերություններից բացի, մրցույթին մասնակցում էին նաև Boeing, Lockheed Martin, Saab և ՄԻԳ ընկերությունները: Ռուսական կողմը պաշտոնապես հաստատել է, որ իրենց ներկայացրած ՄԻԳ-35 կործանիչը դուրս է մնացել մրցույթից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է` «ավիացիոն տեխնիկայի մատակարարի ընտրությունը հնդկական կողմի բացառիկ իրավունքն է»: Այդուհանդերձ, Հնդկաստանը մնում է Ռուսաստանի խոշորագույն գործընկերներից մեկը: Միայն անցած դեկտեմբերին կողմերը պայմանավորվել են հինգերորդ սերնդի կործանիչի համատեղ արտադրության մասին, ինչը կարող է արժենալ մինչև 30 միլիարդ դոլար:
126 կործանիչների մատակարարման մրցույթը հայտարարվել է 2007թ. օգոստոսին: Պայմանագրի ամբողջական փաթեթի արժեքը գնահատվում է 10-12 միլիարդ դոլար, այն ամենախոշորն է Հնդկաստանում, ինչի համար էլ կոչվել է «մայր գործարք»: Պայմանագիրը ենթադրում է, որ հաղթող կողմը Հնդկաստան կմատակարարի 18 միավոր պատրաստի ինքնաթիռ, ապա գնման արժեքի 50 տոկոսի չափով գումար ներդրումների տեսքով կվերադարձնի երկիր: Մյուս 108 կործանիչների հավաքումը կիրականացվի անմիջականորեն Հնդկաստանի տարածքում: Ենթադրվում է նաև տեխնոլոգիաների փոխանցում: Բոլոր կործանիչները ստանալուց հետո բանակը կարող է ևս 64 ինքնաթիռ պատվիրել: