Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԵՎԱԿԱՆԱՉ ԺԱՆՏԱԽՏ». ՀԱԼԵՊԻՑ ՓԱՐԻԶ



Իսլամական ծայրահեղությունը, որպես կրոնաքաղաքական ուժ, ի սկզբանե միտված էր պայքարելու գերտերությունների ազդեցության ոլորտների ընդարձակման (էքսպանսիայի) դեմ՝ հանուն մահմեդական երկրների անկախության, սակայն տարիների ընթացքում այն արմատապես վերափոխվեց և ներկայումս օգտագործվում է նույն գերտերությունների կողմից՝ իրար միջև հաշիվներ պարզաբանելու համար: Սաուդյան Արաբիայի և Քաթարի համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դարձավ կարևոր գործոն, որն ի վիճակի է փոխելու աշխարհաքաղաքական մթնոլորտը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլեւ ամբողջ եվրասիական մայրցամաքում:

2003 թվականին Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումից հետո ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում կարևոր տարածաշրջանային գործընկերներ դարձան Սաուդյան Արաբիան և Քաթարը: Օգտվելով այդ երկու երկրների տնտեսական հնարավորություններից` Սպիտակ տունը «կանաչ լույս» վառեց նրանց քաղաքական և կրոնական էքսպանսիային, փորձելով օգտագործել նրանց հզորացումն իր աշխարհաքաղաքական խոշոր խարդավանքներում: Այս ոչ պաշտոնական համագործակցության շնորհիվ Սաուդյան Արաբիայի պետական գաղափարախոսություն վահաբականությունը սկսեց լայնորեն տարածվել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Եվրոպայում և Ամերիկայում: Վաշինգտոնում էլ փորձեցին օգտագործել դրանք` Մերձավոր Արևելքում իրենց հարմար աշխարհաքաղաքական միջավայր ստեղծելու համար:

Սաուդա-ամերիկյան նման համագործակցության շնորհիվ 2011 թվականին Մերձավոր Արևելքը պայթեց «արաբական գարնան» հեղափոխություններից` Թունիս, Ալժիր, Եգիպտոս: ՆԱՏՕ-ի գործուն մասնակցությամբ տապալվեց Մուամմար Քադաֆիի վարչակարգը Լիբիայում: Եթե Թունիսում, Ալժիրում և Եգիպտոսում տապալված իշխանությունները չունեին հասարակության բավարար աջակցությունը, ապա Լիբիայում դրանք տապալվեցին բացահայտ ինտերվենցիայի (ներխուժման) միջոցով: Ահաբեկչական խմբավորումները տեղերում ստեղծեցին ոչ թե արևմտյան երկրների կողմից ակնկալվող ժողովրդավարական, այլ, հակառակը, շարիաթի օրենքների վրա և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ ազգայնամոլ կիսակրոնական-վահաբիստական պետական կազմավորումներ:

«Արաբական գարունը» ձախողվեց միայն Սիրիայում, որտեղ գործող նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմը` Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի աջակցությամբ կարողացավ կանխել ինտերվենցիան (ներխուժումը): Եգիպտոսում ծայրահեղական իսլամիստների իշխանությունը տապալվեց ռազմական հեղաշրջման շնորհիվ:

2014 թվականից Մերձավոր Արևելքում իր ծանրակշիռ դերն սկսեց վերականգնել Իրանը, որը արաբական մի քանի երկրների հետ ձգվեց դեպի Մոսկվա: Զգալով տարածաշրջանում Թեհրանի դերի բարձրացումը` Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անհետևողականորեն փորձեց վերականգնել դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ:

2014 թվականը նաև փաստեց, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող առաքելությունը տապալված է: Եթե այդ երկիր ներխուժման առիթը թալիբների և Ալ Քաիդայի դեմ պայքարն է, ապա 2001 թվականից մինչ օրս իսլամիստ ծայրահեղականներն իրենց դիրքերը էականորեն չեն զիջել, իսկ երկրի գործող կառավարությունը պահպանվում է հիմնականում խաղաղապահ առաքելության և արևմտյան դրամաշնորհների շնորհիվ:

«Արաբական գարնան» տապալումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում վերահսկելու նպատակով 2014 թվականի գարնանը Վաշինգտոնը փաստացի հանդուրժեց Արևելյան Սիրիայի և Հյուսիսային Իրաքի տարածքներում վահաբական «Լևանտի և Իրաքի իսլամական պետության» (ISIS) կողմից «Իսլամական խալիֆայության» հռչակումը: Նույնիսկ անվանումը պատահական չէր՝ դրանով իսլամիստ ծայրահեղականները մտադիր էին միավորելու բոլոր մահմեդականներին: Շուտով այդ կառույցը ցույց տվեց իր իսկական դեմքը` Դեր Զորում պայթեցնելով հայկական եկեղեցի – հուշակոթողը, իսկ այնուհետև ծրագրավորելով և իրականացնելով թե՛ տեղաբնիկ քրիստոնյաների և թե՛ եզդիների զանգվածային ոչնչացումը: Իսլամիստ ծայրահեղականների հոգեորսության շնորհիվ Եվրոպայից Սիրիա և Իրաք ուղևորվեցին բազմաթիվ երիտասարդներ, «Խալիֆայությունը» նմանվեց 1960-ական թվականների «հիփիների» համայնքի: Շարիաթի օրենքներին զուգահեռ այստեղ ծաղկեցին թմրամոլությունը և մարմնավաճառությունը: Մահմեդական կանայք գալիս են «սեքս ջիհադի»՝ սպասարկելու «հանուն հավատքի պայքարող մարտիկներին», մարմնական զվարճանքների համար այստեղ վաճառքի են հանվում «խալիֆայության» ձեռքի տակ անցած տարածքներում բնակվող քրիստոնյաների և եզդիների կանայք ու երեխաները:

Նույն ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան արդեն նոր ռազմական կոալիցիան վերադարձավ Մերձավոր Արևելք՝ պայքարելու իսլամական ծայրահեղ արմատական այս տարրերի դեմ: Եվ եթե ամերիկյան ռազմական օդուժը ռմբակոծում էր «Իսլամական խալիֆայության» դիրքերը Իրաքում, Սիրիայում՝ Բաշար ալ Ասադի դեմ շարունակվող պատերազմում նրանց աջակցություն էր ցուցաբերում: Միայն տարեվերջին Հյուսիսային Իրաքի քրդերին հաջողվեց որոշակի առավելություն ձեռք բերել իսլամականների նկատմամբ, ոչնչացումից փրկվեց Սինջարի շրջանում շրջափակման մեջ հայտնված եզդիական համայնքը: Ծայրահեղ իսլամականները հատուցեցին ոչ թե Մերձավոր Արևելքում, այլ` Ֆրանսիայում: Եվ դա պատահականություն չէր: Վերջերս Եվրամիության այս առաջատար երկրում մեծանում էր դժգոհությունը հակառուսական սանկցիաներից, և նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն պատրաստ էր գնալու զիջումների և առճակատման Գերմանիայի վարչապետ Մերքելի դեմ, որը պատժամիջոցների հիմնական ջատագովն է: Ֆրանսիան փորձում էր փրկել դեմքը` Ռուսաստանին «Մինստրալների» վաճառքը կասեցնելու և դարավոր բարեկամությունը կասկածի տակ դնելու համար և շուտով Եվրամիության ղեկավար մարմիններում պետք է բարձրաձայներ պատժամիջոցների վերացման մասին: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պատիժ էր Ատլանտյան օվկիանոսի այն ափից:

Ֆրանսիական թերթի խմբագրությունում տեղի ունեցած սպանդից հետո Եվրոպայում թև առած հակաիսլամական ալիքի ողնաշարը կոտրվեց Ռուսաստանում, որտեղ փորձ արվեց ֆրանսիական պարբերականի հրապարակումների դեմ ցույցերի հանել երկրի մահմեդականներին: Մուհամմեդի ծաղրանկարների հրապարակումը խիստ քննադատվեց Ռուսական Ուղղափառ եկեղեցու և մյուս կրոնական համայնքների առաջնորդների կողմից: Նույն օրերին քրիստոնյա երկրների երիտասարդներին դիմեցին նաև Իրանի հոգևոր առաջնորդները՝ կոչ անելով չխառնել իսկական իսլամը՝ ահաբեկչական կազմակերպությունների հրամցրած բարքերի, վախի մթնոլորտի և անբարոյականության հետ: Անսպասելի և բավական խիստ դիրքորոշմամբ հանդես եկավ Եգիպտոսի նախագահ Աբուլ Ֆաթախ ալ Սիսին: Ի դեպ, նա դարձավ Եգիպտոսի առաջին ղեկավարը, որը մասնակցեց քրիստոնեական Սուրբ Ծննդի պատարագի:

Փաստացի փորձ է արվում բոլոր միջոցներով կրոնը ծառայեցնել տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը: Բարեբախտաբար, կրոնական հանդուրժողականության նավակը դեռ կայուն է, սակայն դրա ճոճքը կարող է բերել մեծ ողբերգությունների: Միաժամանակ, ծայրահեղ իսլամականության «Սևականաչ ժանտախտի» դեմ սկսեցին պայքարել հենց իսլամական համայնքում, ինչն արդեն մեծ հույսեր է ներշնչում:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


30/01/2015