Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՌՆԵՐՈՒՄ…



Մթության մեջ բարձունքից նայելիս քաղաքի վառ ճրագները կարծես աստղազարդ երկնքի լուսատուների արտացոլանքը լինեին… Արտացոլանքն ընկնում էր քաղաքի դիմացի լճի վրա` ստեղծելով եռաչափ լուսավորություն:

Հեռվից եկող շան հաչոցը խլացնում էր քամու սուլոցը, որը ուղեկցվում էր ձյան սառած հատիկների հոսքով, որոնցից պաշտպանվելու համար կկոցել էի աչքերս ու լարել ուշադրությունս: Նայում էի հակառակորդի սահմանամերձ քաղաքի լույսերին, մտովի հաշվարկներ էի անում նրա տեղանքի, կոորդինատների և բնակչության մասին: Մտածում էի` ամեն լուսավոր պատուհանից ներս մի ընտանիք է ապրում, շատերը հավանաբար որդի են ուղարկել բանակ և ամեն օր լույսը վառելիս ուրախ մտածում են, որ մեկ օր էլ անցավ, որ շուտով իրենց որդին տուն կգա…

Մտքիս թելը հանկարծ կտրվեց, և ես շրջվեցի ինձ հասած ձայնի ուղղությամբ ու դիմացս նկատեցի մի սև կերպարանք, որը դժվար էր զանազանել` մարդո՞ւ է, թե՞ կենդանու… Դիրքավորվեցի, ինքնաձիգը լիցքավորեցի ու պատրաստ սպասեցի` լարելով ուշադրությունս: Մտածում էի` մոլորված մարդ կամ կենդանի կլինի, որ սահման ու սահմանագիծ չի ճանաչում… Նոր նկատեցի, որ մեկի փոխարեն երկուսն են…

Գնդակի սուլոցի ու կողքիս քարից բեկվելու ձայնը միանգամից լսվեց: Չհապաղեցի… Իմ կրակոցից հետո խավարի մեջ շարժվող կերպարանքներն անհետացան, ասես ձուլվեցին մթությանը:

Հետաքրքիր զգացողություն ունեի հերթափոխս հանձնելուց հետո, երբ պառկեցի քնելու: Չէի կարողանում քնել, ինչ-որ բան տանջում էր ներսից… Խառը մտքեր էին հայտնվում գլխումս:

Անցավ մի քանի օր: Զենքս էի մաքրում, երբ ավագ ընկերս մոտեցավ, նայեց դեմքիս, կպցրեց ծխախոտը, հյուրասիրեց, այնուհետև վերցրեց զենքս, համբուրեց ու ինձ վերադարձրեց` ասելով. «Ապրե՛ս, չե՛ս վրիպել…»: Նայեցինք իրար, ծուխը ագահորեն ներս քաշեց ու հետ դարձավ…

Ժամանակը դանդաղ էր հոսում… Ի՞նչ էր կատարվում ինձ հետ… Չնայած հոգնածությանս ու ցրտին, ուզում էի, որ ժամերը շուտ անցնեն, ու նորից հերթափոխի կանգնեմ: …Նույն տեղում եմ: Վերջին ժամն է: Մոտենում է ցած իջնելուս ժամանակը, բայց չեմ կարողանում հրաժեշտ տալ հենակետին. մի բան շարունակ ձգում է, մտածմունքները ինձ հանգիստ չեն տալիս: Ինչքա՜ն եմ փոխվել` դարձել եմ կարգապահ, ուշադիր եմ ամեն ինչի հանդեպ, զգոն եմ, կազմակերպված, զուսպ, հեշտ եմ հարմարվում մարդկանց, միջավայրին, սակայն… Սակայն մի բան, այնուամենայնիվ, պակասում է ինձ, մի բան, որը մեզ չեն սովորեցրել, մի բան, որ ինձ խորթ է…

Վերջին հերթափոխից վերադարձա հոգեպես հանգիստ ու վստահ: Վստահ, որ ամբողջ կյանքում այլևս չի կարող լինել մի այնպիսի միջադեպ, որից վախենամ, երկմտեմ կամ պատրաստ չլինեմ… Իսկ այդ ամենը տևեց ընդամենը երկու վայրկյան…

Արևը նոր-նոր էր բարձրանում` ճառագայթները ժլատորեն սփռելով շուրջբոլորը: Համատարած ճերմակությունը, սակայն, աղարտում էր մի բան… Այնտեղ` լեռներում, ձյան վրա կարմիր հետքեր կային…

Իսկ քամին հպարտ լեռների ճակատին խաղում է` օրորելով բույսերի մերկ ցողունները, որոնք ասես պատանի լեռան մազերը լինեն…

Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


30/01/2015