ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Նորայր Մարտիրոսյանը սովորել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Այնուհետև ուսանել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Ավանդական կարատե-դո բաժնում: Թե՛ դպրոցում, թե՛ բուհում աչքի է ընկել լավ ցուցանիշներով, մարդկային լավ հատկանիշներով` ազնվությամբ, պատրաստակամությամբ, նվիրվածությամբ:
Դեռևս դպրոցական տարիներին քաջ գիտակցում էր, որ զինվորական ծառայության ժամանակ ամենակարևորը ուժեղ կամքն է, իսկ դա դրսևորվում է հայրենասիրությամբ: Նրան շնորհվել է մանկավարժ բակալավրի աստիճան` ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:
Այնպես որ, երբ նա զորակոչվեց ազգային բանակ, արդեն իսկական զինվոր էր` կրթված, զարգացած, դաստիարակված, ֆիզիկապես ուժեղ: Նա հենց այն զինվորն է, որ պետք է մեր բանակին: Այդ մասին է վկայում հենց զորամասի հրամանատարության՝ Նորայրի ծնողներին ուղարկած նամակը, որով շնորհակալություն է հայտնվում հայրենիքի պաշտպան պարտաճանաչ զինվոր դաստիարակելու համար: Թե որքան են ուրախացել ծնողները, դժվար չէ պատկերացնել. չէ՞ որ Նորայրը արդարացրել է ոչ միայն նրանց, այլև իր շրջապատի, հարազատների, ինչու չէ՝ նաև դպրոցի մանկավարժների հույսերը: Հպարտ են նրանք, ովքեր ճանաչում են Մարտիրոսյանների ընտանիքին, ովքեր մեծ հույսերով ճանապարհել են նրան հայոց բանակ:
Մենք համոզված ենք, որ Նորայրը մինչև իր ծառայության վերջը բարձր կպահի հայ զինվորի անպարտելի պատիվը: Կարող ենք փաստել նաև, որ հաղթանակն անխուսափելի է, երբ աննկուն է հայի մարտական ոգին:
Բարի ծառայություն նորակոչիկներին, բարի վերադարձ Նորայրին:
Գուրգեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կոտայքի մարզ, ք. Հրազդան