ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
Երրորդ սերնդի միջուկային զինամթերքի արտադրությունը հնարավոր է` ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով
Եվ այսպես, հետազոտությունները ցույց են տվել, որ արագաշարժ նեյտրոնների համեմատական կենսաբանական արդյունավետությունը կենդանի հյուսվածքների վրա ներգործելիս յոթ անգամ գերազանցում է գամմա-քվանտների ազդեցությանը, այսինքն` նրանց ՀԿԱ-ն հավասար է 7-ի: Դա նշանակում է, որ, օրինակ, 10 ռադ նեյտրոնային ճառագայթման կլանման չափաբաժինը հավասար է 70 ռադ գամմա-ճառագայթման:
Նեյտրոնային ռումբը մշակելու ընթացքում ԱՄՆ-ում 1960-1970-ական թթ. բազմաթիվ փորձարկումներ են կատարվել` կենդանի օրգանիզմների վրա նեյտրոնային ճառագայթման կործանարար ազդեցությունը որոշելու համար: Պենտագոնի առաջադրանքով` Սան-Անտոնիոյի ռադիոկենսաբանական կենտրոնում, Լիվերմորյան միջուկային լաբորատորիայի գիտնականների հետ համատեղ, հետազոտություններ են կատարվել` մակակա-ռեզուս կապիկներին մեծ էներգիա ունեցող նեյտրոններով ճառագայթահարելու հետեւանքներն ուսումնասիրելու ուղղությամբ, որոնց օրգանիզմն ամենից շատ է մոտ մարդկայինին: Այնտեղ նրանց ենթարկում էին մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հազար ռադ ճառագայթման:
Այդ փորձարկումների, ինչպես նաեւ` Հիրոսիմայում եւ Նագասակիում իոնացված ճառագայթման զոհերի հետազոտությունների արդյունքում, ամերիկյան մասնագետները սահմանեցին ճառագայթման մի քանի բնորոշ սահմանային չափաբաժիններ: Այսպես, 8000 ռադ չափաբաժնի դեպքում անձնակազմն անմիջապես շարքից դուրս է գալիս: Մահը վրա է հասնում 1-2 օրից: 3000 ռադ չափաբաժնի պարագայում ճառագայթումից 4-5 րոպե անց նկատվում է աշխատունակության կորուստ, ինչը տեւում է 10-45 րոպե: Այնուհետեւ մի քանի ժամով տեղի է ունենում մասնակի բարելավում, որին հետեւում է ճառագայթային հիվանդության կտրուկ սրացում, եւ բոլոր ճառագայթահարվածները մեռնում են 4-6 օրվա ընթացքում: Մոտավորապես 400-500 ռադ չափաբաժին ստացողները թաքնված մահվան մեջ են հայտնվում: Վիճակի վատթարացումը վրա է հասնում 1-2 օր անց եւ կտրուկ սաստկանում է ճառագայթումից 3-5 օր հետո: Մահը, որպես կանոն, վրա է հասնում մեկ ամսվա ընթացքում: 100 ռադ չափաբաժնով ճառագայթումը հարուցում է ճառագայթային հիվանդության արյունաբանական տեսակը, որի դեպքում, առաջին հերթին, ախտահարվում են արյունաստեղծ օրգանները: Նման հիվանդների առողջացումը հնարավոր է, սակայն` չափազանց երկարատեւ:
Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել N-ռումբի ազդեցությունը` գետնի վերին շերտի եւ տարբեր օբյեկտների հետ նեյտրոնային հոսանքի շփման արդյունքում: Դրա հետեւանքով առաջանում է ռադիոակտիվ հոսք, որի պարագայում նեյտրոններն ակտիվորեն փոխազդեցության մեջ են մտնում հողի զանազան բաղադրիչների, ինչպես նաեւ` շինարարական կառույցներում, սարքավորումներում, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մեջ առկա մետաղների ատոմների հետ եւ դրանք վերածում ռադիոակտիվ իզոտոպերի, որոնք էլ համապատասխան ժամանակամիջոցում սկսում են կործանարար բնույթի միջուկային ճառագայթում արձակել: Այս ամենի արդյունքում ճառագայթման ենթարկված տանկերը, թնդանոթները, զրահամեքենաները եւ մնացած տեխնիկան որոշ ժամանակով վերածվում են ինտենսիվ ճառագայթման աղբյուրների:
ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
ԱՄՆ զինվորական մասնագետները պնդում էին, թե նեյտրոնային զենքի ռազմական կիրառությունն ամենից շատ արդյունավետ է հակառակորդի տանկային գրոհը ետ մղելիս, երբ այն ամենաբարձր ցուցանիշներն ունի «գին-արդյունավետություն» սանդղակով: Սակայն Պենտագոնն ամեն կերպ թաքցնում էր նեյտրոնային մարտագլխիկների իսկական մարտավարական-տեխնիկական բնութագրերը եւ դրանց ռազմական կիրառության դեպքում` ախտահարության գոտիների ծավալները:
Փորձագետների եզրակացությունների համաձայն` 203 մմ-անոց, 1 կիլոտոննա հզորությամբ հրետանային արկի պայթյունի հետեւանքով տանկերի անձնակազմերը 300 մ շառավղով անմիջապես շարքից դուրս են գալիս եւ զոհվում երկու օրվա ընթացքում: Պայթյունի էպիկենտրոնից 300-700 մ շառավղով հեռավորության վրա գտնվող տանկերի անձնակազմերը շարքից դուրս են գալիս մի քանի րոպե անց եւ մահանում են 6-7 օրվա ընթացքում: Արկի պայթյունի վայրից 700-1300 մ հեռու գտնվող տանկիստներն անմարտունակ են դառնում մի քանի ժամ անց, իսկ նրանցից շատերի մահը վրա է հասնում մի քանի շաբաթվա ընթացքում: Բնականաբար, բաց տեղանքում կուտակված կենդանի ուժը կախտահարվի առավել մեծ շառավղով: Հայտնի է, որ ժամանակակից տանկերի ճակատային զրահի հաստությունը հասնում է 250 մմ, ինչը նրա վրա ներգործող բարձր էներգիայի գամմա-քվանտների ազդեցությունը թուլացնում է հարյուրավոր անգամներ: Միեւնույն ժամանակ` նեյտրոնային հոսքը, հանդիպելով ճակատային զրահին, թուլանում է ընդամենը երկու անգամ: Ընդ որում, նեյտրոնների եւ զրահի ատոմների փոխազդեցության հետեւանքով, ինչպես նշվեց, առաջանում է երկրորդային գամմա-ճառագայթում, որը նույնպես ախտահարող ազդեցություն է գործում տանկի անձնակազմի վրա: Հետեւաբար` սոսկ զրահի հաստության մեծացումը չի ավելացնի տանկիստների պաշտպանվածությունը: Դա հնարավոր է բազմաշերտ, համակցված ծածկույթ ստեղծելու ճանապարհով միայն: Այս գաղափարն իր գործնական մարմնավորումն է ստացել ամերիկյան M2 «Բրեդլի» զրահամեքենայի պաշտպանական համակարգն ստեղծելիս. արտաքին պողպատյա զրահի եւ ներքին ալյումինե կառուցվածքի արանքում լցվել է ջրածին պարունակող պլաստիկ նյութ, որի ատոմների հետ նեյտրոններն ակտիվ փոխազդեցության մեջ են մտնում` ընդհուպ դրանք իսպառ կլանելը:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ
Թե ինչպիսին կլինի ապագայում սանձազերծված լայնածավալ պատերազմը մարտական գործողությունների եվրոպական թատերաբեմում (թեպետ` դա քիչ հավանական է թվում)` կարելի է դատել ամերիկյան ռազմական տեսաբան Ռոջերսի` «Արմի» ամսագրում տեղ գտած հրապարակումից:
«… Նահանջելով` ԱՄՆ 14-րդ մեքենայացված դիվիզիան դիմադրում է հակառակորդին` ծանր կորուստներ կրելով: Գումարտակներում մնացել է 7-8 տանկ, հետեւակային դասակներում կորուստները կազմում են 30 %: Տանկերի դեմ մարտնչելու հիմնական միջոցները` «ԹՕՈՒ» հակատանկային եւ լազերային նշանառության արկերը, վերջանալու վրա են: Ավիահետախուզության տվյալներով` հակառակորդի երկու տանկային եւ երկու մոտոհրաձգային դիվիզիաները հարձակման համար դիրքեր են գրավել ռազմաճակատի գծից 15 կմ հեռավորությամբ: Վիճակը գնալով ծանրանում է…
Եվ ահա, դիվիզիայի շտաբում գաղտնագրված հրաման է ստացվում. թույլատրված է կիրառել նեյտրոնային զենք: ՆԱՏՕ-ի օդուժը նախազգուշացվում է` դուրս գալ մարտադաշտից: Կրակային դիրքերում վստահաբար բարձրանում են 203 մմ-անոց հաուբիցների փողերը: Կրակ: Գրոհող հակառակորդի տասնյակ կարեւորագույն դիրքերում հրե գնդեր են ճայթում: Առաջին վայրկյաններին հակառակորդի վրա դրանց ներգործությունը, թվում է, աննշան է. հարվածային ալիքը կործանել է ոչ մեծ թվով մեքենաներ, որոնք գտնվում էին պայթյունների էպիկենտրոններից գրեթե հարյուր յարդ հեռու: Սակայն մարտադաշտն արդեն ներծծված է անտեսանելի մահաբեր ռադիացիայի հոսանքներով: Հակառակորդի գրոհը շուտով կորցնում է իր ուղղությունը: Տանկերն ու զրահամեքենաներն սկսում են անկանոն շարժվել, բախվում են միմյանց, կրակում են առանց նշանառության: Կարճ ժամանակում հակառակորդը կորցնում է անձնակազմից գրեթե 30 հազար հոգու: 14-րդ դիվիզիան անցնում է վճռական հակագրոհի` ետ շպրտելով հակառակորդին…»: Բնականաբար, սա հնարավոր սցենարներից մեկն է միայն, եւ այն էլ` իդեալականացված: Սակայն սա էլ բավական է` պատկերացում կազմելու համար, թե ամերիկյան ռազմական մասնագետներն ինչ հայացքներ ունեն նեյտրոնային ռումբի կիրառության վերաբերյալ:
Մոտ ապագայում նեյտրոնային ռումբի նկատմամբ հետաքրքրությունը կարող է աճել նաեւ` ԱՄՆ-ում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու առնչությամբ: Հայտնի է, որ 2002 թ. ամռանը Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը պաշտպանության նախարարության գիտատեխնիկական կոմիտեին հանձնարարել էր ուսումնասիրել ՀՀՊ համակարգի որսացող-հրթիռները միջուկային (հնարավոր է` նաեւ նեյտրոնային) մարտագլխիկներով հագեցնելու նպատակահարմարությունը:
Այստեղ հարկ է նշել, որ դեռեւս 1970-ական թթ. սկզբին մի քանի տասնյակ նեյտրոնային մարտագլխիկներ էին տեղադվել ԱՄՆ խոշորագույն Գրանդ Ֆորքս ավիակայանի մոտ գտնվող հակահրթիռային պաշտպանության «Սեյֆգադ» համակարգի «Սպրինտ» հակահրթիռների վրա: Մասնագետների հաշվարկներով, ինչը հաստատվեց փորձարկումների ընթացքում եւս, արագաշարժ նեյտրոնները, որ օժտված են ներթափանցելու մեծ կարողությամբ, անցնում են մարտագլխիկների եզրակարերից ներս եւ շարքից դուրս բերում մարտական լիցքի պայթելու համակարգը: Բացի այդ` նեյտրոնները, փոխազդեցության մեջ մտնելով մարտագլխիկի ատոմային դետոնատորի ուրանի կամ պլուտոնիումի միջուկի հետ, առաջ են բերում դրա մի մասի տրոհումը: Նման ռեակցիան տեղի է ունենում նշանակալի էներգիայի արտազատումով, ինչը կարող է հանգեցնել դետոնատորի տաքացմանը եւ շարքից դուրս գալուն: Ի լրումն դրա` նեյտրոնների եւ միջուկային մարտագլխիկների բաղադրիչների փոխազդեցության ժամանակ առաջ է գալիս երկրորդային գամմա-ճառագայթում, ինչը թույլ է տալիս կեղծ նպատակակետերի մեջ բացահայտել իսկական մարտագլխիկները:
Վերջում նշենք հետեւյալը. նեյտրոնային զինամթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակման առկայությունը, զինանոցներում դրանց առանձին բաղադրիչների եւ նմուշների պահպանումը, Նեւադա հրաձգարանի նախապատրաստումը միջուկային փորձարկումների վերսկսմանը` այս ամենը վկայում են, որ միանգամայն հնարավոր է նեյտրոնային զենքի նոր հայտնությունը համաշխարհային թատերաբեմում: Ու թեեւ Վաշինգտոնը գերադասում է ուշադրություն չհրավիրել դրա վրա, դրանից այն պակաս վտանգավոր չի դառնում: Այնպիսի տպավորություն է, թե «նեյտրոնային առյուծը» մարաղ է մտել, սակայն պետք եղած պահին պատրաստ է ոստնել եւ հայտնվել համաշխարհային մրցասպարեզում:
Թարգմ. Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ռազմական