Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ



Հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրն իր հարկի տակ էր հավաքել հանրապետության բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփում էր 2014 բանակային տարին: Ասուլիսին ներկա էին նաև օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը՝ պաշտպանության նախարարը ներկաներին պատմեց 2014 թվականին բանակի գործունեության կարևորագույն ձեռքբերումների մասին, գնահատեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ներկայացրեց հայկական զինված ուժերի հեռանկարային ծրագրերը:

Ինչպես և սպասվում էր, Սեյրան Օհանյանը առանձնակի շեշտադրեց հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները՝ նշելով, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու, սահմանային ընդհարումներ հրահրելու, դիվերսիոն գործողություններ կազմակերպելու, սեփական ժողովրդի շրջանում հայատյացություն սերմանելու և ակնհայտ փաստերը նենգաբար խեղաթյուրելու` ադրբեջանական կողմի գործելակերպը Հարավային Կովկասում ու մերձատարածքում անվտանգությունը ապակայունացնող գործոն է և իր ազդեցությունն է ունենում իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա: Գնահատական տալով ադրբեջանական աննախադեպ և անհեռատես ագրեսիային՝ ռազմական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Բաքվի աշխուժությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին բացատրեց բանակցային գործընթացը տապալելու, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բացառելու, ինչպես նաև սեփական երկրում առկա բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու ցանկությամբ: Ադրբեջանում սոցիալական անարդարությունը, կենսամակարդակի բևեռացումը, մարդու իրավունքների ոտնահարումը հասել են աննախադեպ չափերի, և սահմանային լարվածությունը թեժացնելը ժողովրդի ընդվզումը կանխելու միջոց է: Արգելելով Ադրբեջանում բանակի մասին տարածվող լրատվությունը, կոծկելով հայկական կողմի պատճառած մարդկային և նյութական կորուստները, փոխարենը՝ ուռճացնելով իր հաջողությունները՝ ադրբեջանական կողմը դրդում է մեզ կիրառելու հուժկու կանխարգելիչ միջոցառումներ…

Սեյրան Օհանյանը միանշանակ հայտարարեց, որ սահմանին լարվածությունը թեժացնելով՝ Ադրբեջանը չի կարող միակողմանի զիջումներ պարտադրել մեզ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, և հայկական կողմը միշտ պատասխանելու է ադրբեջանական ագրեսիային անհամաչափ ուժեղ հարվածներով, պատճառելու է անհամեմատ մեծ կորուստներ: «Մեր հրամանատարների գիտելիքներն ու փորձը, մեր զինվորների հմտությունն ու խիզախությունը հայ ազգին հաղթանակ են պարգևում ամեն օր: Մենք հակառակորդին հաղթել են բոլոր ճակատներում: Ցավոք, ունեցել ենք նաև զոհեր: Սակայն մենք չենք կորցրել մեր հերոսներին, մենք գտել ենք նրանց: Նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»:

Պաշտպանության նախարարը 2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին սահմանային ընդհարումներն անվանեց միկրոպատերազմ և իր երախտագիտությունը հայտնեց լրագրողներին զուսպ, ճշմարիտ, ազնիվ ու օպերատիվ լրատվության համար: Մեր լրագրողները չտրվեցին ադրբեջանական սադրանքին, ցուցաբերեցին պետական մտածողություն ու վարք, ինչը մեզ հնարավորություն տվեց առավելության հասնելու նաև տեղեկատվական գծի քարոզչական ճակատում, բարձր պահելու ազգի ոգին, խուսափելու խուճապային տրամադրություններից:

Այնուհետև պաշտպանության նախարարը ներկայացրեց բանակի մարտունակությունն ապահովող այն երաշխիքները, որոնք կատարելագործվել են 2014թ.-ի ընթացքում՝ շեշտելով հատկապես միջանձնային հարաբերությունների ասպարեզում առկա ձեռքբերումները: Դեռևս 2014թ.-ին նախարարն իր ուղերձում սահմանեց բանակային տարվա կարևորագույն նշանաբանը՝ Մեր տանը՝ մեր օրենքներով և անզիջում պայքար հոռի բարքերի դեմ:

Պաշտպանության նախարարը խստորեն մերժեց բռնության, անձի արժանապատվության նվաստացման յուրաքանչյուր դրսևորում բանակում, ինչը դարձավ ազդակ՝ բոլոր ուժերը նպատակաուղղելու զինվոր-սպա փոխհարաբերությունների սերտացման և զինվորների միջև կանոնադրային հարաբերությունների հաստատման գործին: Արդյունքում՝ 2014թ.-ին էապես կրճատվեցին բանակում կատարված հանցագործությունները, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով առաջացած մահերի թիվը հասավ նվազագույնի, ինքնասպանությունների քանակով մեր բանակը կարող է համեմատվել ամենակարգապահ ու հզոր բանակների հետ: «Մենք ունենալու ենք բանակ՝ լավագույն միջանձնային հարաբերություններով: Գրեթե զրոյականի ենք հասցնելու միջանձնային հարաբերությունների հետևանքով կատարվող հանցագործությունները»,- հայտարարեց ռազմական գերատեսչության ղեկավարը: Այսօր արդեն սպան զինվորի հանդեպ ունի ծնողի սրտացավություն և ընկերական վերաբերմունք՝ շեշտեց նախարարը, ավելացնելով, որ բանակը օտարում է բռի հրամանատարի կերպարը, քանի որ զինվորամոլությունը հարիր չէ մեր ազգին:

«2014թ.-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության ջանքերը հիմնականում կենտրոնացվել են մի կողմից պաշտպանական համակարգի զարգացման և զինված ուժերի ռազմական կարողությունների ավելացման, մյուս կողմից՝ զինված ուժերի միջազգային ինտեգրման և պաշտպանության մեխանիզմների զարգացման վրա»,- ասաց պաշտպանության նախարարը և տեղեկացրեց, որ 2014-2020 թվականների համար արդեն իսկ կազմվել է ԶՈւ հեռանկարային զարգացման ծրագիր:

Համակողմանի դիտարկելով անվտանգության միջավայրը, հնարավոր սպառնալիքները՝ մշակվել է սպառնալիքներին հակազդող ծրագիր: 21-րդ դարի բանակներին հատուկ չափորոշիչներ են ներդրվել զինված ուժերի կարևոր ոլորտներում: Նախարարը կարևորեց կրթական բարձր կարողություններով օժտված հրամանատարական կազմի պատրաստումը, բարեփոխումները ռազմական կրթության ասպարեզում, արհեստավարժ սերժանտական կազմի ներդրումն ու կատարելագործումը, անձնակազմի արդյունավետ կառավարումը, օրինապահության ամրապնդումը, ինչպես նաև հասարակության մեջ բանակի հեղինակության շարունակական բարձրացումը: Այնուհետև սկսվեց հարց ու պատասխանը:

Լրագրողների հարցերը տարաբնույթ էին, այդուհանդերձ, դրանց գերակշռող մասը վերաբերում էր հայ-ադրբեջանական հակամարտությանը, ադրբեջանական կողմի հրահրած սահմանային ընդհարումներին, հակառակորդին անհամաչափ հակահարվածով լռեցնելու՝ հայկական կողմի հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվում էին, թե արդյոք որն է այն սահմանը՝ կարմիր գիծը, որից հետո մեր համբերությունը կսպառվի, և կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանները հստակ էին, միանշանակ և համոզիչ: Հայկական բանակը պատրաստ է դիմակայելու յուրաքանչյուր ագրեսիայի և անառիկ պահելու երկրի դարպասները: Պաշտպանության նախարարը կատարել է հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգությանը անհամաչափ ուժեղ հակահարված տալու և անհամեմատ մեծ կորուստներ պատճառելու խոստումը: Բացի դրանից, հայկական կողմը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ սահմանին և անհրաժեշտության դեպքում է՛լ ավելի կխստացնի այն: Նախարարը չբացառեց լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը, սակայն նշեց, որ հայկական կողմը ամեն ինչ անում է հակառակորդին խելքի բերելու և լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Այն հարցին՝ ժամանակը չէ՞ դիմելու դաշնակից երկրներին՝ օժանդակություն ստանալու համար, նախարարը պատասխանեց, որ մեր զինուժը առայժմ ի վիճակի է սեփական ուժերով դիմակայելու հակառակորդին:

Լրագրողներն արծարծեցին նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում ներքին կարգուկանոնի ամրապնդման խնդիրները, նրանք մտավախություն ունեին, որ ոչ կանոնադրային հարաբերություններն ու թողտվությունը կարող են սպառնալ 102-րդ ռազմակայանի մերձակա տարածքներում ապրող բնակչությանը: Նախարարը հավաստիացրեց, որ ռազմակայանի ղեկավարությունը լուրջ աշխատանք է կատարում միջադեպերը բացառելու և ներքին կարգուկանոնը ամրապնդելու ուղղությամբ:

Լրագրողներն անդրադարձան նաև զորակոչի օրինականությանը ու նախարարին կից հանրային խորհրդի աշխատանքին:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ ստեղծված մեխանիզմները կոռուպցիոն ռիսկերը հասցրել են նվազագույնի, սակայն չի կարելի այն լիովին բացառել: Ի հակակշիռ՝ գործում են բողոքարկման լծակները: Նախարարի խոսքով, ավելի լավ է՝ որոշ առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկը զորակոչվի, բուժվի բանակում, ապա, ըստ իր առողջական վիճակի, շարունակի ծառայությունը կամ զորացրվի, քան հնարավորություն ընձեռվի որևէ մեկին կաշառք տալու միջոցով ձեռք բերել տարկետում կամ ազատվել զինծառայությունից:

Ամփոփելով ասուլիսը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը որդեգրել է սեփական գործունեությունը քննադատաբար գնահատելու, անցյալից դասեր քաղելու և շարունակաբար կատարելագործվելու ուղին:

Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի հերթական երեք հատորների շնորհանդեսը: Նախագծի հեղինակը և խմբագիրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Շնորհանդեսից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով խրախուսեց մի շարք լրագրողների, որոնք աչքի էին ընկել ռազմական գերատեսչության հետ իրենց արդյունավետ համագործակցությամբ և գործուն կերպով լուսաբանել էին բանակային անցուդարձը :

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/01/2015