Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ



ՀՀ վետերանների միավորման Երևանի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, Աշխատանքի և իրավապահ մարմինների խորհուրդը մշտապես աշխույժ աշխատանքով է զբաղված: Երբ այցելում ես խորհրդի գրասենյակ, միջանցքում փակցված լուսանկարները քեզ տանում են դեպի պատերազմի ահեղաշունչ օրերը, ասես դու էլ անցնում ես այն ճանապարհներով, որոնցով անցել են Մեծ հայրենականի տարբեր ռազմաճակատներում կռված մեր քաջարի հայորդիները, ևս մեկ անգամ հպարտանում ես քո ժողովրդի փառապանծ զավակներով` Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Իսակով… ու ևս մեկ անգամ համոզվում ես` իրոք, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…

Էրեբունի համայնքի վետերանների խորհուրդը Խաչատուր Խաչատրյանի գլխավորությամբ զորամասերում, ակումբ-գրադարաններում, զինկոմիսարիատներում հավաքների ժամանակ հաճախակի է ռազմահայրենասիրական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպում, որոնց ժամանակ Մեծ հայրենականի մասնակիցներ Սուրեն Ստեփանյանը, Զավեն Գասպարյանը, Գերասիմ Հարությունյանը, Իվան Սարգսյանը իրենց մարտական անցած ուղուց դրվագներ են պատմում, խոսում պատերազմի պատճառած ցավ ու դառնությունից և երիտասարդ սերնդին պատգամում թանկ գնով նվաճված խաղաղությանը անպայման տեր լինել:

Խորհրդի անդամներ, զինղեկներ, գնդապետներ Վոլոդյա Կարապետյանը, Լևոն Արզումանյանը, փոխգնդապետներ Համլետ Հովհաննիսյանը, Միքայել Ապրեսյանը վետերանների մասնակցությամբ Արիության դասեր են անցկացնում կրթօջախներում: Խորհրդի վետերանները պարբերաբար մասնակցում են նաև ՌԴ դեսպանատանը կից գործող «Մոսկվայի տան» կազմակերպած դասախոսություններին ու տարբեր միջոցառումների:

Խորհրդի ուշադրության կենտրոնում են նաև անկողնային վիճակում գտնվող վետերանները: Արևհատ Պետրոսյանը, Դուսյա Սարգսյանը, Քնարիկ Սմբատյանը պարբերաբար այցելում են նրանց, կարիքավորներին տրամադրում նյութական օգնություն:

Խորհրդի ճանաչված անդամներից է նաև Խորեն Ավետիսյանը: Վերջինս ցավով է խոստովանում՝ երբ ինքը գործն ընդունեց, Հայրենական պատերազմի մասնակիցների թիվը 250 էր, այսօր ընդամենը 39 -ն են մնացել…

Անկախ բոլոր դժվարություններից, խորհուրդը շարունակում է եռանդով աշխատել, քայլել ժամանակին համընթաց, քանի որ այս տարի եւս բազմաթիվ ծրագրեր ունեն իրագործելու:

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի, Մեծ Հաղթանակի 70-ամյակի առթիվ կազմվել է հանձնաժողով՝ գնդապետ Վոլոդյա Կարապետյանի ղեկավարությամբ, որը առաջիկա խորհրդի նիստին ներկայացրեց իր աշխատանքային պլանը` դպրոցներում, զորամասերում, ակումբ-գրադարաններում անցկացնել թեմատիկ զրույցներ:

ՀՀ վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը եւ տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը, ՀՀ Հայրենական մեծ պատերազմի եւ ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը հաճախակի են լինում Էրեբունի համայնքի խորհրդում եւ աջակցում ավելի ծավալուն աշխատանքներ իրականացնելուն:

Ինչպես ասում են՝ վետերանները միշտ շարքում են:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Բանակ և հասարակություն


05/02/2015