ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՈՎ
Հայաստանի Հանրապետության բանակի 23-ամյակը շուքով նշվեց նաև Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Լ. Պետրոսյանը:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և իզուր չէ , որ ունի անպարտելիի համբավ: Երբ դարանակալ թշնամին դիվերսիոն հարձակումներ էր գործում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների տարբեր տեղամասերում, մեր բանակը արժանի հակահարված տվեց թշնամուն՝ ապացուցելով, որ հայ զինվորի համար թանկ է ամեն մի թիզ հողը, թանկ է հայրենիքը, թանկ են հարազատները:
Դպրոցն է այն կարևոր օղակը, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում ապագա զինվորները: Դրանում իրենց ներդրումն ունեն բոլոր ուսուցիչները և առավելապես ռազմագիտության ուսուցիչ մայոր Ա. Գրիգորյանը»:
Միջոցառման ընթացքում անուն առ անուն հիշեցին դպրոցի այն շրջանավարտներին, որոնք այսօր ծառայում են բանակում: Նրանց ծնողները հրավիրված էին միջոցառմանը և իրենց զավակների անունից շնորհակալության խոսք հղեցին դպրոցի տնօրինությանը և բոլոր ուսուցիչներին:
Դպրոցում ամեն տարի նշվում են բոլոր պետական տոները: Այդ միջոցառումները լի են անակնկալներով: Այս անգամ էլ երեխաները ծանրոցներ էին պատրաստել ծառայող տղաների համար, որոնք ծնողները կուղարկեն նրանց զորամասերը:
Ապագա զինվոր Հայկ Շարոյանն ընթերցեց իր նամակն ուղղված հայ զինվորին:
«Շնորհավոր տոնդ, զինվո՛ր: Դու ես պատվարը այնքան թանկ ձեռք բերված մեր խաղաղության: Ինչքան էլ դժվար լինի ծառայությունը, դու գիտես, որ պաշտպանում ես քո հայրենիքը, քո հարազատներին, քո սիրած աղջկան:
Ամուր եղիր, անկոտրում: Մենք հպարտանում ենք քեզնով: Աղոթում ենք Աստծուն, որ քո ծառայությունը խաղաղ ու անփորձանք անցնի, և դու փառքով ու կոչումներով տուն վերադառնաս:
Մենք սպասում ենք քեզ և մաղթում բարի ծառայություն»:
Մ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Բանակ և հասարակություն