ՏԱՆԿԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
Զրույց տանկային վաշտի հրամանատար, կապիտան ՄԻՀՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ
Կապիտան Միհրան Ոսկանյանը մարզահամերգային համալիրում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նրա հրամանատարությամբ գործող տանկային վաշտը 2014 թ. ամփոփիչ քննությունների ժամանակ բարձր ցուցանիշ է արձանագրել կրակային պատրաստությունից եւ մեքենավարումից:
Ծառայակից ընկերները ուղղված հարցիս` ինչպիսի՞ն է երիտասարդ կապիտանը, ինչո՞վ է աչքի ընկնում, գրեթե նույն պատասխանը տվեցին` «Նրա ուժը եւ թուլությունը տանկն է…»: Միհրան Ոսկանյանին հանդիպեցի մեքենայական պարկում, բարեւեցի եւ միանգամից հարցրի` «Ինչո՞ւ տանկ… »: Անկեղծ պատասխանեց՝ «Տանկն ընդգծում է իմ կարեւորությունը…»:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիր տանկիստ դառնալ, այլ ոչ թե, օրինակ, հրետանավոր:
-Երբ առաջին անգամ տանկ տեսա, սրտիս մեջ ինչ-որ բան հաճելիորեն խլրտաց… Փոքր էի: Տանկերը մեր գյուղով շարժվում էին դեպի «Ալագյազ» զորավարժարան: Աչքերս չորս արած փոշու հաստ շերտի մեջ փնտրում էի այդ հսկային… Հենց այդ օրը զգացի՝ կյանքս կապելու եմ մարտական այդ հզոր մեքենայի հետ…
-Եվ թողեցիր գյուղը, հարազատներիդ, դպրոցը…
-Ութամյակն ավարտեցի եւ առաջին անգամ ինքնուրույն որոշում կայացրի՝ ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Համոզված էի՝ մեկ քայլով կմոտենամ երազանքիս…
-Դժվար չէ՞ր:
-Եթե մարդը երազանք ունի, ուրեմն՝ նա դժվարությունները չի նկատում… Այո՛, կարոտն էլ էր տանջում, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ոտքերս ու ձեռքերս էին անընդհատ ցավում, շուրջս մեծ ու օտար քաղաքն էր, իսկ գյուղը, որտեղ ծնվել-մեծացել էի, կարծես էլ չկար… Բայց կար տանկի տեսիլքը, որ հայտնվում էր, հենց զորանցը սուզվում էր խավարի ու լռության մեջ… Այն ինձ ստիպում էր աշխատել, կանգ չառնել…
-Եվ ո՞րն էր տանկին մոտենալու հաջորդ քայլդ:
-Որակյալ մասնագիտական կրթություն ստանալը: Ընդունվեցի ՌԴ տանկային ինստիտուտ: Այստեղ էլ հասկացա՝ ինչ տվեց ինձ Մոնթե Մելքոնյան վարժարանը. ռուսերենին տիրապետում էի գրեթե կատարյալ, կոփված էի, ինքնավստահ: Դասընթացը յուրացնում էի առանց դժվարությունների: Պարապում էի, սովորում, կարդում, որ հարյուրավորների մեջ իմ տեղն ունենամ: Ինստիտուտում համոզվեցի՝ ճիշտ ճանապարհ եմ ընտրել, ես, իրոք, սիրում եմ պողպատյա այդ հսկային…
-Ասում են` տանկի խցիկում նեղվածք է. կհիշե՞ս՝ ինչ զգացիր, երբ առաջին անգամ մտար տանկի մեջ:
-Տագնապ: Հարցերը պտտվում էին գլխումս` «ո՞նց եմ կառավարելու էս ահռելի տեխնիկան, ո՞նց եմ հետը լեզու գտնելու…»: Իսկ այսօր ինձ համար ավելի հեշտ է տանկ վարել, քան ավտոմեքենա: Պատկերացնո՞ւմ եք: Երեւի սա բնական է. չէ՞ որ ավելի շատ տանկ եմ վարել, քան ավտոմեքենա…
-Տանկի խցիկն էլ, հավանաբար, տան պես հարազատ է դարձել…
-Տանկի խցիկը իմ մասնագիտական որոնումների, իմ ազատության, իմ ձգտումների, իմ վճռականության տարածությունն է…
-Վստահ եմ՝ առաջին հրաձգությունն էլ չես մոռացել…
-Հրաձգություն մարտական արկով… Դժվար է մոռանալ… Առաջին կուրսի ավարտական քննության ժամանակ էր: Անձնակազմի հրամանատարն էի: Տղաներն սպասում էին հրամանիս, բայց նստել էի խցիկում եւ քար կտրել: Կապով անընդհատ կրկնում էին՝ «զեկուցի՛ր, որ պատրաստ եք», իսկ ես… Աչքերս պինդ փակել էի, ունակ չէի բառ անգամ արտաբերելու, վախենում էի՝ տեսնես կրակելուց հետո մեզ ի՞նչ կլինի: Մեկ էլ հանկարծ խցիկը բացվեց, ինձ դուրս քաշեցին, թե՝ «մաքուր օդ շնչիր»: Օգնեց (ժպտում է)… Լավ կրակեցինք…
-Ինստիտուտում Տ-72 տա՞նկն էիք «փորձարկում»:
-Այո՛: Տ-90 էլ կար` նախատեսված միայն ռուս կուրսանտների համար: Բայց, մեկ է, քո սիրած կոնֆետը յոթ կողպեքի տակ էլ պահեն, հաստատ կգտնես (ժպտում է)…
-Հայրենիք վերադարձար ռազմական գիտելիքների մեծ պաշարով…
-Վերադարձա եւ ծառայության անցա մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Նշանակվեցի դասակի հրամանատար: Կարելի է ասել՝ ես նորից ու ավելի հիմնավոր սկսեցի ուսումնասիրել տանկը: Վաշտիս հրամանատարը՝ Էդվարդ Գալոյանը, ինձ շատ օգնեց… Բազում նրբությունների էր տիրապետում, դրանք ինստիտուտում չեն սովորեցնում: Օրինակ՝ այս կամ այն խափանումը վերացնելու կարճ ու արդյունավետ տասնյակ տարբերակներ իմացա…
-Կարելի է ասել՝ տանկիդ հետ հեշտ ես լեզու գտել, իսկ տանկիստ զինվորներիդ հե՞տ …
-Երկաթի հետ լեզու գտնողը մարդու հետ էլ լեզու կգտնի… 8 տարի է՝ սպա եմ, դեռ չեմ հանդիպել մի զինվորի, որ իր մեքենայի հանդեպ անտարբեր լինի: Ես հենց այդ սերն եմ արթնացնում նրանց հոգում: Տանկը ուժի խորհրդանիշ է. ո՞ւմ տանկ վստահես, որ իրեն հերոս չզգա… Ես հասկացա, որ պարտավոր եմ հետեւողական լինել, ամրապնդել եւ զարգացնել զինվորի սերը տանկի նկատմամբ… Ես երբեք ներքին կապով չեմ հանդիմանում խցիկում գտնվող զինվորին, չեմ ասում` էս սխալ ես անում, էն սխալ ես անում, հետո եմ վերլուծում… Կարծում եմ՝ ճնշումը ծնում է հակակրանք թե՛ հրամանատարի, թե՛ տեխնիկայի, թե՛ ծառայության հանդեպ, իսկ դա ամենավտանգավոր բանն է: Ցավոք, հենց զինվորը դառնում է իդեալական տանկիստ, արդեն զորացրվում է, եւ ամեն ինչ սկսվում է նորից…
-Վեց տարի ծառայել ես սահմանային զորամասում, ինչպե՞ս կբնութագրես այդ տարիները:
-Դրանք կատարելագործման, գործնականում տանկի հնարավորությունները բացահայտելու տարիներ էին… Նաեւ` երբ հակառակորդը շատ մոտ է, երբ նրա գնդակից դիրքում զինվոր է զոհվում, հասկանում ես՝ տանկը այսօր ուղղակի սպասողական վիճակում է…
-Հաշվի առնելով նաեւ այն, որ ժամանակակից տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է…
-«Եթե տանկը հարձակողական մարտի ժամանակ 3 րոպե դիմացավ, ուրեմն՝ այդ տանկի անձնակազմը հերոս է»,-իմ դասախոսներից մեկի խոսքն է: Ես համամիտ եմ, քանի որ բոլոր ծանր զենքերը աշխատում են առաջին հերթին մի թիրախի ուղղությամբ` տանկի և ձգտում են այն րոպե առաջ շարքից հանել… Մենք պետք է այնքան վարպետանանք, որ այդ երեք րոպեները նպատակային օգտագործենք… Եվ մի բան էլ` ամենահզոր ու նորագույն զինատեսակն էլ մետաղի ջարդոն է, եթե իր կառավարողի սերը «չի զգացել»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան