Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ



Երկնավո՜ր հոգի,
Ոգի՜ շնչավոր.
Չեմ ուզում ճչալ` անկմամբ ավարտված,
Չեմ ուզում անձուկ ձայն տալ, ձայն առնել`
Առ քեզ լայնաբաց ներկա անցյալից…

Դիտմամբ չեմ այսօր շտապով գրում,
Դիտմամբ չեմ հագել
Եղանակները շրջադարձերով,
Դիտմամբ չեմ սրտիս կրակ հագցնում:

Որ ընդարձակվեմ, որ համարձակվեմ
Վիրաբաց կրծքով
Դառնալ վերքականչ,
Դառնալ ներշնչման ձայն անընդհատյալ.
Որ երկնահոգիդ
Դառնա քո երկրին ցասման արթնություն
Ու քեզնից զատված ծիսափոխանցում`
Հրեղեն արյան:
Որ դառնամ կենաց հափշտակություն`
Ինքնապրկումի
Եվ տեսողություն`
Բովանդակ ծեգի ու ժամահարման,
Որ դառնամ իմ մեջ
Մերձահաշտեցում` ինքնահայտնության,
Եվ դառնամ պատկեր`
Պատկերն իր հատող վերջնադիմագիծ:

Որ ձայնդ իջնի
Ու բազմաձայնի զոր զորաբանակ,
Որ ոտքերիդ տակ
Այս երկրի պաղը անեզր եռա,
Որ հայացքդ գա,
Դառնա սրերին մեր երկարություն,
Եվ հարստություն մնա թշնամյաց
Խավարն անհատակ:

Որ ուշանալու հոգոցն հոգնակիր
Չապրեցնի մեզ հեգ
Եվ դյուցազնակուռ Էրգրից ելանի
Ոգիդ դիցական,
Որ դու շուրթ շուրթի
Խաչ ու կնիքով դաջվես քո հողին
Ու նոր դարերի
Գոյահրաշքով դու անմահանաս:

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


05/02/2015