Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ



Հունվարի 28-ին` Ազգային բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միության երեք տասնյակից ավելի անդամներ, ոստիկանության նախկին և ներկայիս աշխատակիցներ, ՀՀ Նախագահի և պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին կառավարական և գերատեսչական մեդալներով, որոնք հանդիսավոր պայմաններում նրանց հանձնվեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միության շենքում: Նախկին հատուկջոկատայիններից չորսը` Անուշավան Հայրապետյանը, Հարություն Հակոբյանը, Սմբատ Գրիգորյանն ու Աշոտ Մկրտումյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով:

Արցախյան պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած հերոսության բազում դրվագներ կերտած հայորդիներին պարգեւները հանձնեցին պաշտպանության նախարարի խորհրդական, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, գնդապետ Էդվարդ Ոսկանյանը եւ ՄՀՆՋ միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Պարգեւատրման արարողությունից հետո պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը եւ ՄՀՆՋ միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը իրենց խոսքում բարձր գնահատելով քաջարի հայորդիների՝ հայրենիքին մատուցած ծառայությունը, շեշտեցին, որ երբ էլ հայրենիքն ու նրա սահմանները վտանգված են եղել, նրանք առանց վարանելու եւ երկմտելու, անկախ տարիքից եւ առողջական վիճակից միշտ էլ պատրաստ են եղել զենք վերցնել եւ գնալ հայրենիքը պաշտպանելու:

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ


05/02/2015