ՀԱՅ ԳՐՈՂԻ ՊԱՐՏՔԸ
«23 տարի առաջ մեր բանակը հենց այնպես չծնվեց: Բանակը ծնվեց սահմանային կռիվների, ինքնապաշտպանական մարտերի, երկրապահների՝ այս բոլորի միացյալ ջանքերի քուրայում, եւ պիտի ասեմ, որ սկզբնական շրջանում երկրապահը գործում էր մեր՝ Գրողների միության շենքում, ուստի մեր միությունը դարձել էր իր օրրանը: Ու պատահական չէ, որ բանակի մարտական ոգու մեջ Գրողների միությունը մշտապես կար եւ շարունակելու է մնալ»: Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի այս խոսքերով սկսվեց հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Նա իր ելույթում չափազանց կարեւորեց այս խառն ու խրթին ժամանակներում բանակի դերն ու նշանակությունը որպես երկրի անվտանգության կարեւոր երաշխավորի, մեր ապագայի հանդեպ հույսի եւ հավատի պահապանի: Միլիտոնյանն ընդգծեց, որ մտավորականները հայրենիքի համար օրհասական պահերին միշտ էլ եղել են հայրենյաց պաշտպանների կողքին, եւ այսօր էլ դահլիճում ներկա են գրողներ, որոնք մասնակցել են Արցախյան ազատամարտին թե՛ զենքով, թե՛ իրենց գրչով, ապա հիշատակեց Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը. «Սո՞ւրը, թե՞ գրիչը՝ թե՛ մեկը եւ թե՛ մյուսը»:
Հայաստանի գրողների միության նախագահը խոսեց նաեւ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրերից, տեղեկացրեց, որ շուտով հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակաբաշխություն է լինելու, եւ փետրվարից մայիս «Գրական թերթում» կտպագրվեն հենց այդ գործերը:
-Բանակը մեր նվիրական երազանքների մարմնավորումն է, մեր անկախ պետականության հենասյունը: Երբ ասում են բանակ, ես ակամա հիշում եմ գրող Վրեժ Իսրայելյանին. «Ես ծնվեցի զորավար Անդրանիկի ողբերգությունից»: Անդրանիկի ողբերգությունն այն էր, որ նա զորավար էր առանց զորքի… Հարյուրամյակներ ի վեր չունենալով սեփական բանակ՝ ամբողջ աշխարհին տալիս էինք փառապանծ զորավարներ, մենք այսօր ունենք մեր բանակը, մեր զորավարները եւ հետեւապես ապահով ենք, անվտանգ, արժանապատիվ… Կանցնեն տարիներ, կփոխվեն ժամանակները, բայց բանակը միշտ էլ կմնա ժամանակի հրամայական,- իր խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը :
ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանն էլ ընթերցեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը բանակի տոնի առթիվ, ապա «ԵԿՄ-20-ամյակ» հուշամեդալով պարգեւատրվեցին գրողներ Կարինե Աշուղյանը, Հովիկ Վարդումյանը, Արա Նազարեթյանը:
Գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանն էլ իր խոսքում շեշտեց գրականության հզոր, աննկարագրելի ազդեցությունը գիտակցականի վրա, հիշեց՝ 1965թ. ապրիլի 24-ի համազգային պոռթկումից, ընդվզումից ոգեշնչված գրողները գրքեր գրեցին, որոնցով էլ սնվեցին, ոգի առան արդեն Արցախյան պատերազմում հերոսացած տղերքը:
Միջոցառման ընթացքում կարեւորվեց նաեւ մանկավարժների դերը. չէ որ այսօրվա դպրոցներում են կրթվում վաղվա զինվորները, եւ հենց մանկության ու պատանեկության տարիներին են ձեւավորվում մարդու բարոյական չափանիշները, մտածելակերպը, արժեհամակարգը:
Ուրեմն՝ ամեն ինչ պետք է նպատակաուղղվի, ծառայի մեր հաղթական բանակի հզորացմանը, քանզի, ինչպես վկայում է մեծն Նժդեհը, «Լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը, ճշմարտությունը իրենց ճամփեն հարթելու համար կարիք են զգում սրի»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՄԵՐ ՏՂԱՆ, ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ
Այս ժամանակը լպրծուն քարի պես չի բռնվում,
նրա վրա արյուն կա մանկան,
արցունք ու քրտինք
խեղճ մարդու:
Այս ժամանակի խոտորման մասին
լսել ու չի լսել լեռներին ու դաշտերին
կանգնած հայ տղան` զինվորը,
դասակը, գունդը:
Նրանք հրեշտակների արթնությամբ
հսկում են մեր եւ աշխարհի
անցյալը, ներկան ու ապագան:
Նրանք դիպուկահար ժամանակի դիմաց
հայելի են պարզում:
Պատմությունը սիրում է կրկնվել:
Դժոխքից հարյուր տարի հետո
մեր տղան, մեր զինվորը
փշրում է հայելին եւ նրա մեջ`
այն պատմությունը, որ սիրում է կրկնվել:
Մեր տղան, մեր հերոսը լռում է,
Որպեսզի մենք ասենք.
-Ժամանակ, փոքրիկ Ամուրի պես եղիր դիպուկ,
Պատմություն, կրկնիր միայն սերը
Հավիտյանս հավիտենից:
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀՐԱԴԱԴԱՐ
Լինում է, չի լինում, վտիտ մեկն է լինում` Հրադադար անունով` կանգնած հայերի ու թուրքերի միջեւ: Թուրքերը օրը անհաշիվ անգամ գնդակոծում են նրան, վերքեր հասցնում, հայերը մի կերպ ապաքինում են, վերստին կյանք տալիս եւ հաջորդ օրը Հրադադարը կանգնած է լինում սահմանագծին: Թուրքերը ապշում են հայերի կախարդանքի վրա, բայց չեն ընկրկում եւ շարունակում են գնդակոծությունը:
-Այս հայերը,- ասում են նրանք,- հրաշագործ են, մեր սպանածը կենդանացնել գիտեն: Իսկ եթե նրանք սպանեն, մենք ի՞նչ կանենք:
Պատասխանող չկա: Թուրքերը լուռ իրար երես են նայում, ապա ձեռքն են առնում զենքերը, նշան բռնում սահմանագծում հենց նոր ապաքինումից վերադարձած Հրադադարին:
ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Սուրբ Լեռը բազմել է ողնաշարիս տեղում,
Եվ մայր գետն է հոսում երազներիս միջով,
Հին երազիս ծովում նոր տապանն է լողում,
Եվ երկինքս լցված մանուկների ճիչով:
Դարձած ոգու, ուժի չքնաղ մի մարմնացում,
Նահապետն է ձգել աղեղն իր լայնալիճ:
Թուր Կեծակին պարզած, դեւերին է խոցում
Մանուկ Դավիթն ահա հեծած իր Ջալալին:
Տեսած թույն ու Եղեռն, ես ժպտում եմ էլի,
Հավատով եմ ժպտում եւ միշտ պարզ ու անքեն:
Մի բուռ հողիս սիրտն է ծփում ալիք-ալիք,
Եվ ես արքայական ծիրանին եմ հագել:
Հույսս անվերջ իմ վեհ խաչքարն է պահպանել
Իր ձեւի մեջ լռիկ եւ կերպի մեջ հզոր:
Եվ երիցս պիտի նրանց փառաբանեմ,
Ովքեր ոգու ջահն այդ հասցրեցին այսօր:
Ես տագնապել գիտեմ եւ երազել նաեւ
Եվ սպասել բոլոր զավակների դարձին,
Ներկան հաստատելով, ապագային նայել`
Որպես բարձունքներում իմաստնացած արծիվ:
ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
ՀԱՅՐԵՆԻՔ
Ես նվիրումի չարչրկված ճյուղ եմ,
Ինձ սեր հագցրու, հագցրու հաղթանակ,
Ուզում եմ քեզնից նորից ընձյուղվել,
Ծաղկել օրերիդ իբրեւ ժամանակ:
Ինչքան գույներ են իմ մեջ վարարել
Մինչ ստացել եմ քո պատկերը ջինջ,
Քո հեղեղների մեջ ես մաքրվել,
Դարձել եմ հոգուդ ավազը վճիտ:
Ինձ քեզ հետ վերցրու ու ընկիր ճամփա,
Ես ուրիշ մի տեղ հայրենիք չունեմ,
Ու թե թռիչքս քո թեւին ծփա,
Դու իմ երկնքում հավերժ կճախրես:
Ես մաքառումի չարչրկված ճյուղ եմ,
Ինձ հույս հագցրու, հագցրու հաղթանակ,,,
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՂԲ
Ընկած տղերքի անուններն արդեն
Չեն վերածվելու հայրանունների,
Էլ չի՛ ծաղկելու արյունը ջահել,
Եվ չհարսնացած խորքում կույսերի
Անլուր կմարի լույսն օրորոցի:
ԱՐԾԻՎՆԵՐԻՆ
Խոնարհվել են երկինքները,
Դեպի հավերժ, դեպի անդին,
Արծիվների վերջին, վերջին
Անվերադարձ վերջին չուն է
Հիմա ձգվում նրանց միջով:
Ձյունաճերմակ փետուրները՝
Ընկած վերջին խիզախումին,
Վերջին սլացք, վերջին ճախրին՝
Գամեր են սեւ , որ խրվում են
Պատերազմի խաչվող մարմնին:
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային