ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ
Անցած ուսումնական տարին բավական հաջող էր փոխգնդապետ Ս. Պողոսյանի մոտոհրաձգային զորամասի համար: Գլխավոր խնդիրը՝ պետական սահմանի պահպանությունը, իրականացվեց առանց լուրջ միջադեպերի, Գլխավոր ռազմական տեսչությունն ընդհանուր առմամբ գոհ մնաց կատարած ստուգումներից, առաջընթաց արձանագրվեց բացասական երեւույթների դեմ տարվող կանխարգելիչ աշխատանքներում: Սահմանի պահապաններն արդեն քննարկել են ընթացիկ տարվա մարտավարական խնդիրները, որոնք նախանշված են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԶՈւ անձնակազմին ուղղված 2015թ. տարեմուտի ուղերձում, եւ հակառակորդի կողմից իրավիճակի սրման յուրաքանչյուր դեպքի կտրվի չափազանց խիստ ու վճռական պատասխան: Զորամասի սպաներն ու զինվորները լավ են հասկանում, որ բարձր լեռնային պայմաններում ապրելու ու գործելու, ռազմական առաջադրանքներ կատարելու համար պարտավոր են ճիշտ օգտագործել հերթապահությունների միջեւ ընկած տասնվեցօրյա նախապատրաստական ժամանակաշրջանը: Չսպասելով ուսումնական փուլի մեկնարկին՝ պետք է կատարելագործեն հրաձգության վարպետությունը, զբաղվեն մասնագիտական, մարտավարամասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստականությամբ:
Ավագ լեյտենանտ Վարդան Ռաֆայելյանն այն սպաներից է, ովքեր առավել ճիշտ են կազմակերպում մարտական հերթապահությունը՝ նախաձեռնությունը վերցնելով իրենց ձեռքը, հակառակորդին զրկում են ազատ գործելու հնարավորությունից:
Շարահրապարակում կարճ ու երկար տարածություններ վազելուց, արագացումներ կատարելուց հետո վաշտը դասակների հրամանատարների ղեկավարությամբ սկսեց զենքով շարային վարժաձևերի կատարումը:
-Դասացուցակով շարային պատրաստության ժամ է, բայց շարժումների կատարելագործման վրա կենտրոնանալն անիմաստ է, որովհետև դեռևս երիտասարդ զինվորներ չունենք, իսկ փորձառուները թեմային շատ լավ են տիրապետում, դրա համար էլ նախապատվությունը տվեցինք վազքին, արագաուժային հատկանիշների զարգացմանը,- ասաց երիտասարդ սպան և մեր խնդրանքով ընդհանուր գծերով ներկայացրեց մարտական հերթապահության կազմակերպումը:
-Չունենք մի առանձին մեթոդ կամ գաղտնիք, պարզապես ծառայությունը կազմակերպում ենք հրահանգների համաձայն՝ բացառելով վտանգները: Իսկ վտանգները հետևյալներն են՝ զգոնության թուլացում, ավելորդ տեղաշարժեր, հակառակորդի ուժերի թերագնահատում, առանց հենակետի ավագի թույլտվության ինչ-որ բան ձեռնարկել, բարոյահոգեբանական անառողջ հարաբերությունների ստեղծում, զենքի հետ վարվելու կանոնների խախտում: Բերեմ մի օրինակ՝ սանհանգույցը գետնատնակից որոշակի հեռավորության վրա է գտնվում: Ես պահանջում եմ, որ ոչ մեկը միայնակ, այն էլ՝ առանց զենքի, չգնա սանհանգույց: Անձնակազմին ներկայացնում, բացատրում ենք այլ հենակետերում տեղի ունեցած միջադեպերի պատճառները և փորձում ենք դասեր քաղել: Այսինքն՝ սովորել արդեն թույլ տրված (կապ չունի, թե երբ և որ զորամասում է եղել) սխալների վրա:
Լեյտենանտ Մնացական Խաչատրյանի դասակից հետևեցինք շարքայիններ Սարգիս Սարիբեկյանի և Արթուր Բոժեսկովի վարժաձևերի կատարմանը:
-Ուկրաինացի՞ ես,- հարցրի վերջինիս:
Պատասխանեց՝
-Խառը, բայց հայ եմ:
Զինվորներից մեկն էլ ակնհայտորեն հայի նման չէր:
-Շարքային Արթուր Կիբուզով,- ներկայացավ, երբ մոտեցա:
-Արթուրի հայրը ռուս է, ինքն ազատված է մարտական հերթապահությունից և ընդգրկված է ճաշարանի և ՀԱԿ-ի վերակարգերում,- պարզաբանեց ավագ լեյտենանտ Վ. Ռաֆայելյանը:
Դասակի հրամանատարներ՝ լեյտենանտ Սուրեն Մովսիսյանի և ավագ լեյտենանտ Գոռ Կագարյանի հրամանատարությամբ ծառայող զինվորներ Հենրիկ Մանուկյանը, Էռնեստ Նավասարդյանը, Արթուր Թումանյանը, Իշխան Պողոսյանը կարծես ցուցադրական ելույթներ ունենային, այնքան վստահ ու գեղեցիկ էին կատարում շարային վարժաձևերը: Պետք է նշեմ, որ հրամանատարական ձայնով ու հմտությամբ սպաներից հետ չէին մնում ջոկերի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Սերգեյ Ֆերոյանը, Հովհաննես Արթենյանը, Գրիգոր Բաղրամյանը: Երբ պարապմունքն ավարտվեց, զրուցեցինք շարքային Իշխան Պողոսյանի հետ.
-Բանակ եմ եկել հայկական պետական ճարտարագիտական համալսարանի երրորդ կուրսից: Սովորում եմ կիբեռնետիկայի ֆակուլտետում: Այստեղ ստացել եմ դիպուկահար հրաձիգի մասնագիտություն: Ծառայությանս մեկուկես տարում ութ անգամ ընդգրկվել եմ մարտական հերթապահության մեջ, երեք օրից վաշտը կրկին մեկնելու է առաջնագիծ: Այնտեղ ամեն ինչ ավելի հետաքրքիր է, ավելի իմաստալից, նպատակային: Երբ լուրջ պատասխանատվություն է դրվում վրադ, դու քեզ ավելի կարևոր մարդ ես զգում, իսկ զինվորի համար ամենապատասխանատու առաջադրանքը սահմանների պահպանությունն է:
Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ