Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Ձեզ ենք ներկայացնում գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանի մտորումները մեր մշակութային բացթողումների, դաստիարակչական թերացումների, ազգային ավանդույթների և հոգևոր արժեքների անտեսման մասին:

-Պաշտպանության նախարարությունը հետեւողականորեն շարունակում է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարը եւ այդ պայքարում կարեւորում է հատկապես ազգային դաստիարակությունը… Պարոն Սարգսյան, Դուք մայրենիի դասագրքերի հեղինակ եք, Ձեր դասագրքերով են կրթվում երեխաները՝ մեր վաղվա զինվորները: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում դասագրքեր կազմելիս:

-Այդ հարցը միշտ էլ հրատապ է եղել է եւ դեռ կլինի: Անկախությունը հնարավորություն տվեց ազգային դաստիարակությունն է՛լ ավելի ամուր հիմքերի վրա դնել: Դեռեւս փոքր հասակից երեխայի մեջ պետք է սերմանել գիտակից սեր հայրենիքի նկատմամբ, երեխան եթե խորապես ճանաչի իր երկիրը, իր լեզուն, իր մշակույթը, չի կարող այն չսիրել: Մեր դասագրքերում՝ Այբբենարանից սկսած՝ Մայրենիի 1-4 եւ անգամ «Մաթեմատիկայի» գրքերում, աշխատել ենք հնարավորինս ուժեղացնել հայրենասիրական շեշտադրումը:

Դպրոցական դասագրքի համար որոշեցինք ընտրել մի կերպար, որը տարրական դասարաններում մշտապես կուղեկցի աշակերտին, օրինակ կհանդիսանա: Երկար փնտրտուքներից հետո նախապատվությունը տվեցինք Սասունցի Դավթի կերպարին՝ նրա մեջ մեր ժողովրդի բոլոր լավագույն գծերի խտացումը կա՝ համարձակ, հայրենիքը, ընտանիքը սիրող,….

Սակայն չենք սահմանափակվել միայն Դավթի կերպարով, ներկայացված են Նժդեհը, Անդրանիկը, Դրոն, մեր նորօրյա հերոսները: Ի վերջո՝ հայրենասիրությունը միայն սուրը ձեռքին պայքարող անձինք չեն, գրքում նաեւ գիտնականներ են ներկայացված, նկարիչներ, մեր բոլոր նշանավոր տոներին անդրադարձ կա.. Եվ ամեն ինչ ներկայացված է գեղարվեստորեն, մատչելի, տարբեր լուծումներով ու հնարքներով, կենդանի զրույցներով: Իրապես հայրենաշունչ դասագրքեր ենք ստեղծել, եւ դա միայն իմ կարծիքը չէ, կրթության ու գիտության նախարարության՝ դպրոցներում անցկացրած հարցումները եւս այդ են վկայում:

-Հրաշալի է, սակայն… Մեր դասագրքերը, մեծ հաշվով, նաեւ գրականությունը, անհատի մեջ փորձում են հայրենասիրություն դաստիարակել, սա, անշուշտ, կարեւոր եւ առաջնային է, սակայն, եթե նկատել եք, քիչ են խղճի, բարության, գթասրտության, կարեկցանքի մասին ստեղծագործությունները… Ընկերասիրություն, պատվախնդրություն, արդարամտություն հասկացությունները կարծես մղվել են հետին պլան: Մի՞թե նաեւ այս պատճառով չէ, որ այսքան շատացել է կոպտությունը, անհանդուրժողականությունը, դաժանությունը…

-Միայն դասագրքերով, գրականությամբ սերունդ չես կրթի: Անհրաժեշտ է պետական համալիր ծրագիր: Պետք է ամեն միջոց գործի դրվի: Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն լրատվամիջոցները, որոնք ճշմարիտ, համամարդկային արժեքներ են քարոզում, իսկ հեռուստաեթերի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է՝ գողական թեմատիկայով ֆիլմերը, գերանբարո սերիալները ողողել են եթերը, ասես մարդկային ստոր բնազդներն են միայն ուզում վեր հանել: Որքան էլ դպրոցում երեխային սովորեցնենք մաքուր հայերենով խոսել, միեւնույն է, գռեհկաբանությունը, ժարգոնը տիրականորեն փռել են իրենց թեւերը, ամեն քայլափոխի խաթարվում է հայոց լեզուն, հավատը, հարգանքը, ընտանիքը: Բարի գրականության, ֆիլմերի, մուլտֆիլմերի պակաս կա այսօր:

-Մուլտիպլիկացիոն ֆիլմ ասացիք՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա նկարահանված անիմացիոն կինոնկարը անմիջապես միտքս ընկավ… Դուք տեսե՞լ եք այդ մուլտֆիլմը…

-Անկեղծ ասած՝ ահը սրտումս թոռներիս հետ գնացի կինոթատրոն: Ցավոք, իմ տագնապները անտեղի չէին: Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթում Մաշտոցի քարոզչություն կա, մինչդեռ… Հեքիաթը, մուլտֆիլմը սերունդ կրթելու գործառույթ են հետապնդում, իսկ ժարգոնային խոսակցություններով` արագացրա՛, վայթեմ, գնաց կաշը, ստեղ եմ, ինչպես եւ ռուսական արտահայտություններով համեմված այդ ֆիլմը հազիվ թե նման առաքելություն կատարի…

-Սակայն, ոմանք` անգամ մեր մշակութային կյանքի պատասխանատուները, հիացած են` այն համարում են տարվա լավագույն մշակութային ձեռքբերում, ապշեցուցիչ, ֆանտաստիկ, հզոր…

-Բնավ չնսեմացնելով ֆիմի արժանիքները, դրանց կողքին հարկ է ընդգծել նաեւ տեղ գտած թերությունները, որոնք, ըստ իս, էական եւ սկզբունքային են: Գրված է, որ «Անահիտ» հեքիաթի մոտիվներով է արվել, բայց այդ ամենը մենք չենք տեսնում: Հեքիաթի հիմնական գաղափարը՝ հենվի՛ր քո ուժերի վրա, չկա: Գրողն իր հեքիաթում այն փաստն է շեշտում, որ մարդ (ժողովուրդը) պետք միայն ու միայն իր վրա հույսը դնի, մինչդեռ անիմացիոն ֆիլմում Վաչագան թագավորը օտարից է օգնություն ակնկալում ու ստանում (կախարդական ձի եւ շուն) եւ միայն օտարի օգնությամբ է հաղթում, հաղթահարում դժվարությունները: Սա սկզբունքային սխալ է: Վաչագան արքան մուլտֆիլմում ակնհայտ աղերսներ ունի ռուսական հեքիաթների հայտնի հերոսի` Իվանուշկա Դուրաչոկի հետ` հարբում է, ռուսերեն երգում, ռուսերեն դարձվածքներ, արտահայտություններ գործածում խոսքում: Գլխիվայր շրջված է հեքիաթի բուն ասելիքը: Այս դեպքում` մուլտֆիլմի մյուս առավելություններն ինձ համար արդեն տասներորդական են… Ողջունելի է, որ ֆիլմում փորձել են միաձուլել ավանդականն ու ժամանակակիցը, բայց այս ամենը, կարծում եմ, պետք է լիներ չափի մեջ:

Ափսոս: Հսկայական աշխատանք էր կատարվել, մեծ գումար է ներդրվել, ուստի, ցանկալի է, որ այդ ամենը նպատակային լիներ, ասել է թե՝ մատաղ սերնդին ազգային ոգով, ազգային ավանդույթներով դաստիարակության գործին ծառայեր, մինչդեռ այդ ջանքերն ասես ուղղված էին երեխաներից միայն ծիծաղ կորզելուն…

Մեր հասարակությանը բնորոշ թերությունները, ինչպես նաեւ բանակում առկա թերացումները, բխում են մեր մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունից: Պետք է գիտակցենք, որ մշակույթը ժամանց չէ, այն դաստիարակության հզոր միջոց է, բարոյականության հիմնասյուն, ունի մեկ նպատակ՝ կրթելու հասարակությունը: Ամեն ասպարեզում անհրաժեշտ է ժամապահի զգոնություն ունենանք ու զինվորի նման գիտակցենք մեր դերն ու կարեւորությունը երկիրն ամուր պահելու գործում:

Տե՛ր կանգնենք մեր արժեքներին, մեր երկրին, մեր զինվորին, մեր լեզվին, մշակույթին, քանզի այսօրվա մեր ամեն սխալը վաղը կհանգեցնի տխուր հետեւանքների, ինչի ականատեսն ենք այսօր:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


05/02/2015