Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԸ



Զրույց Արցախի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Թադևոսյան, վերջին շրջանում մամուլը առավել հաճախ է անդրադառնում Ձեր ելույթներին, մասնավորապես՝ հետաքրքիր են հայկական բանակին և ադրբեջանական զինուժին տրված Ձեր գնահատականները, ադրբեջանական կողմի ագրեսիային հուժկու պատասխան տալու Ձեր կոչերը: Ես ռազմագետ չեմ, բայց չե՞ք թերագնահատում հակառակորդ երկրի ուժերը:

-Ոչ, ես ավելի քան վստահ եմ, որ իմ գնահատականները իրատեսական են ու արդարացի: Մենք հաճախ մտահոգությամբ նշում ենք Ադրբեջանի բնակչության թիվը ու չենք ուզում ինքներս մեզ հարց տալ, թե այդ թվի քանի՞ տոկոսն են կազմում ադրբեջանցիները: Եվ Ադրբեջանում բնակվող մյուս ազգերը մեր բարեկամնե՞րն են, թե՞ թշնամիները:

-Ես կարծում եմ՝ մեր բարեկամներն են: Նրանք բոլորն էլ անթաքույց կամ թաքուն ձգտում են անկախության, իսկ դա արդեն նշանակում է, որ նրանց ցանկությունները համընկնում են մեր շահերին:

-Ադրբեջանը օր օրի թուլանում է ներսից: Առաջին հերթին՝ ազգային խնդիրների շնորհիվ: Ադրբեջանի մասնատումը կանխատեսում են բոլոր հեղինակավոր քաղաքագետները: Ադրբեջանը թուլանում է կենսամակարդակի անօրինակ բևեռացումից… Ադրբեջանի իշխանությունները բառացիորեն թալանում են սեփական ժողովրդին՝ խեղդելով նրանց թշվառության ու կարիքի մեջ և սահմանին ընդհարումներ հրահրելով` ժողովրդի ուշադրությունը քաղաքական խնդիրներից շեղելու փորձերը գնալով ավելի քիչ արդյունք են տալիս:

-Եթե նկատել եք, սահմանին զոհված յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի մահ այդ երկրում վերածվում է կատարյալ շոուի՝ համեմված վրեժ լուծելու, պատերազմ սկսելու և ատելության կոչերով:

-Ավելի մեծ շոու է սարքվում հատկապես Ադրբեջանում բնակվող այլազգի զինվորների զոհվելու ժամանակ: Եվ սա պատահական չէ: Բաքուն ցանկանում է Ադրբեջանում բնակվող ժողովուրդներին թշնամացնել հայերի հետ և իրեն հռչակել նրանց փրկիչ ու բարեկամ՝ անվտանգության երաշխավոր: Այլազգիների զավակները հիմնականում ծառայում են ամենավտանգավոր կետերում ու ավելի հաճախ են զոհվում: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակին, այն բառացիորեն թալանվում է բարձրաստիճան զինվորականների կողմից: Ծեծը, բռնությունը, ստորացումը սովորական բաներ են ադրբեջանական բանակում: Սպաները զինվորներին դիմում են հայհոյանքով, անմարդկային կտտանքների են ենթարկում: Ճնշված, ստորացված ադրբեջանցի զինվորը չի կռվելու իր հրամանատարի հետ` հանուն Արցախի: Առավել ևս՝ հանուն Ադրբեջանի իրենց կյանքը չեն զոհելու այլազգիները, որոնք վերջին շրջանում հասկացել են, որ հայերը իրենց բարեկամն են, ոչ թե թշնամիները:

-Որո՞նք են հայկական բանակի առավելություններն ու թերությունները:

-Պիտի գովեստի խոսքեր ասեմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին, որը կարողացավ բանակում օրինականություն հաստատել: Դա մեծ հաղթանակ է… Այսօր մարդիկ ուրախությամբ, հպարտությամբ մասնակցում են ծառայության վայրը որոշելու վիճակահանությանը և վստահ են, որ ոչ մեկը չի կարող կաշառք տալով իր երեխային ծառայության ուղարկել մոտիկ, թիկունքային զորամասեր: Այս հավասարությունը բարձրացնում է զորակոչվող պատանու ոգին, ներքին պնդություն է տալիս, ոգևորում է ծնողներին: Այսօր հրամանատարը չի կարող մատով դիպչել զինվորին, զինվորը պաշտպանված է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Սա մեր բանակի ուժի ու բարոյականության ամենակարևոր երաշխիքներից մեկն է: Ես գոհ եմ բանակի մարտունակությունից: Տեսաք՝ ինչ արեց մեր տղան՝ մեր Արմեն Հովհաննիսյանը… Իսկական հերոսություն: Մեր ու ադրբեջանցիների տարբերությունը հստակ երևաց վերջին իրադարձությունների ժամանակ, երբ ադրբեջանցիները խփեցին անզեն, սահմանի գծին զուգահեռ ընթացող հայկական ուղղաթիռը, իսկ մեր տղաները ինչպիսի փայլուն գործողություն իրականացրին, երբ մտան չեզոք գոտի ու հանեցին մեր զոհված օդաչուների մասունքները: Այդ տարածքը ադրբեջանցիները հսկում էին բոլոր հնարավոր միջոցներով՝ զինատեսակներով, բայց չկարողացան դիմակայել մերոնց, չկարողացան փակել մեր ռազմական արհեստավարժության, խիզախության ու ինքնազոհողության ճանապարհը:

-Որո՞նք են մեր բանակի թերությունները:

-Առաջին հերթին՝ զինվորների միջանձնային հարաբերությունների անկատարությունը, ինչը, անկեղծ ասած, բանակի ղեկավարության ու հրամանատարների մեղքը չէ: Եվ հովանավորչությունը, որը դարձյալ բանակ է ներթափանցում դրսից: Մեր հասարակությունը հիվանդ է բազմաթիվ ախտերով: Եվ սա շատ լուրջ ու վտանգավոր իրողություն է, կարող է ծանր հետևանքների հանգեցնել: Մենք, ցավոք, ունենք մի հասարակություն, որի արժեհամակարգի վերին հորիզոնականներում փողն է, նյութական արժեքը: Հարուստները ջանում են ավելի շատ կուտակել, աղքատները ջանում են հացի փող վաստակել… Նժդեհը ասում էր՝ թող անիծվի անձնական բարեկեցության կրոնը… Վեհ գաղափարները, որոնք պիտի ամբոխն ու անհատներին ազգ ու հասարակություն դարձնեն, մեռել են ու մեռել են հասարակության բոլոր շերտերում…

-Թույլ տվեք` չհամաձայնել… Շատ կտրուկ ձևակերպում է… մենք մտավորականություն ունենք, ազատամարտիկների ազնվագույն շերտ, զինվորականներ… որոնց ուսերին բանակաշինության ծանր բեռն է…

-Իհարկե, ունենք… բայց այդ ազնվագույն շերտը պիտի ավելի մեծ լիներ….

-Պարոն Տեր-Թադևոսյան, Դուք Ադրբեջանի վրա լայնածավալ հարձակման կոչեր եք հնչեցնում: Ասում եք, որ պիտի որոշ դիրքեր գրավենք ու մարտական գործողություններ իրականացնենք հակառակորդի տարածքում: Ինչ է, ուզում եք հայկական կողմը պատերա՞զմ սկսի:

-Տեսեք, հակառակորդը մտնում է մեր հողը 30 հոգանոց խմբով, 14-ն սպանվում են, ու դեռ ադրբեջանցիներն իրենց 14 զոհերին հետ են տանում: Ես վստահ եմ, որ մերոնք պարզապես թույլ են տալիս, որ նրանք տանեն իրենց զոհերին: Այս մարդասիրությունն ինձ պարզապես զարմացնում է: Ես երբեք առաջինը հարձակվելու կոչ չեմ արել, ես ասում եմ՝ եթե նրանք մեզ հարվածում են, մենք պիտի ռազմական գործողությունները տեղափոխենք հակառակորդի տարածք և, ինչու ոչ, նաև դիրքեր վերցնենք: Չեմ հասկանում` միջազգային չափանիշները միայն մե՞զ համար են:

-Իսկ մարտական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելը որքանո՞վ է արդարացված. Ես մի անգամ հարցազրույցի ժամանակ այդ հարցը տվել եմ մեր պաշտպանության նախարարին, նա ասաց, որ զինադադարով ամրագրված սահմանները փոխելը կնշանակի պատերազմ սկսել… Պարոն գեներալ, դուք ռազմական գործիչ եք ու, կարծում եմ, պատկերացնում եք Ձեր կոչերի հնարավոր հետևանքները…

-Այո՛, պատկերացնում եմ… Ես գիտեմ ուժերի հարաբերակցությունը, գիտեմ մեր առավելությունները… Մենք կարող ենք մեծ կորուստներ պատճառել ադրբեջանցիներին: Եվ դա Սեյրան Օհանյանը շատ լավ գիտի:

-Ուզում եմ մի խնդրի մասին էլ խոսել: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի քիչ կոպիտ ասաց, բայց… իրոք, մերժելի է, երբ նախկին մարտական ընկերները վիճում են՝ բոլորին ի տես մամուլում ցեխ են շպրտում միմյանց վրա … և ընդհանրապես, վերջին շրջանի խժդժությունները ազատամարտիկների շրջանում ոչ մեկին պատիվ չեն բերում:

-Ոչխարի հոտը հսկում է շների մի մեծ խումբ: Դրանց մեջ կան ձագուկներ, մայրեր, տարբեր տեսակի շներ… Բայց շներից մեկի աչքը միշտ գայլերի կողմն է: Երբ գայլը հայտնվում է, նա անմիջապես կազմակերպում է շներին ու հանում նրա դեմ, որ փակի գիշատչի ճանապարհը ու պաշտպանի հոտը: Ներքին անցուդարձը նրան չի հետաքրքրում:

– Հասկացա, Ձեր աչքը թշնամու կողմն է…

-Հիմա ես ի՞նչ ասեմ… Լավ չէ, որ վիրավորում են իրար, բայց… դա ընդամենը հետևանք է մի մեծ սխալի, որ կատարվեց պատերազմին հաջորդող տարիներին ու ինքնաբերաբար շարունակվում է մինչ օրս: Այդուամենայնիվ, եթե հարցրել եք` կպատասխանեմ… Ազատամարտիկների շարքերը խարխլվեցին, երբ, չունենալով համապատասխան գիտելիքներ, մի մասը մտավ քաղաքականություն, մի մասը բիզնեսով հարստացավ, մի մասն էլ մնաց ձեռնունայն: Այդպես հայտնվեցին տարբեր շահերի առանցքում:

-Պարոն գեներալ, շնորհավորում եմ Ձեզ բանակի 23-րդ տարեդարձի առթիվ: Խաղաղ, բարեկեցիկ, արժանապատիվ կյանք եմ մաղթում Ձեզ:

-Ես էլ Ձեզ եմ շնորհավորում ու յուրաքանչյուր հայի, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Շնորհավորում եմ բոլոր զինվորներին, որոնց իմ թոռնիկներն եմ համարում: Հաջող, անկորուստ ճանապարհ բոլորիդ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/02/2015