ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ
1994 թվականն էր: Նոր էինք ավարտել դպրոցը, ապագայի ծրագրեր էինք կազմում: Մի օր էլ մեր դասարանի տղաներից մեկն ասաց, որ ուզում է զինվորական դառնալ: Իմացանք, որ բացվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը՝ հետագայում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, և առաջին ընդունելությունն է հայտարարվել: Ընկերս՝ Էդոն, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ուներ, դպրոցում էլ լավ էր սովորում: Այնպես որ, հաջողությամբ հանձնեց բոլոր քննությունները և դարձավ ռազմական ինստիտուտի առաջին կուրսանտներից մեկը: Ուսումն ավարտելուց հետո ծառայեց տարբեր զորամասերում՝ սահմանային և թիկունքային: Այժմ նա արդեն գնդապետի կոչում ունի, բարձր պաշտոն է զբաղեցնում: Բայց, անկախ ամեն ինչից, նա մնում է նույն մարդը, որին ճանաչել ենք դպրոցական նստարանից: Մնում է նույն մեր Էդոն:
Դասարանցիներով իրար հանդիպելիս յուրաքանչյուրս անպայման հարցուփորձ է անում նրանից, հետաքրքրվում ծառայության մանրամասներով, նրա հաջողություններով: Մեզնից ամեն մեկը հոգու խորքում հպարտանում է, որ զինվորական դասընկեր ունի և այդ մասին բարձրաձայնելու առիթը բաց չի թողնում: Ցավոք, հանդիպումները հազվադեպ են, գիտեք, թե ինչքան լարված և ծանրաբեռնված է զինվորականի առօրյան: Բայց հնարավորության դեպքում հեռախոսով մի քանի բառ փոխանակելն էլ կարևոր է բոլորիս համար: Հատկանշական է, որ նույնիսկ սահմանային ամենաթեժ լարվածության օրերին էլ, եթե հաջողվում է Էդոյին «բռնացնել», նա շատ հանգիստ է խոսում, կարծես ոչինչ էլ եղած չլինի: Ասում է՝ հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է, սահմանին ամեն ինչ վերահսկվում է, սովորական ծառայություն է: Ասենք թե՝ մի քանի անգամ էլ կրակել են, ի՞նչ անենք: Այնպես է պատասխանում բոլորին, որ հարցերի տարափը միանգամից կտրվում է, մարդիկ վստահություն և հանգստություն են ձեռք բերում, իրենց զգում են պաշտպանված:
Ավելի քան քսան տարի է անցել ռազմական ինստիտուտի հիմնադրման օրվանից: Այդ տարիների ընթացքում միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հարյուրավոր սպաներ են ավարտել, համալրել մեր զինված ուժերի շարքերը: Հավատացեք, ես չեմ առանձնացնում իմ ընկերոջը մյուսներից: Պարզապես նրա օրինակով ուզում եմ ցույց տալ, որ մեր սպաներից յուրաքանչյուրը, ցանկացած ռազմական բուհ ավարտածը, ցանկացած պաշտոն զբաղեցնողը մեր հասարակության մի մասնիկն է, մեզնից մեկը: Ծառայության տարիների ընթացքում նրանք բազում զրկանքներ են կրում, դժվարություններ են հաղթահարում իրենց ընտանեկան անդորրի, առողջության հաշվին: Ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն են ապահովում, այլև պատասխանատվություն են կրում ամեն մի զինվորի կյանքի և անվտանգ ծառայության համար: Իհարկե, վրիպումներ էլ են լինում: Անկասկած, ոչ մի սպա չի ցանկանում, որ իր ղեկավարած ստորաբաժանումում որևէ դեպք պատահի: Չմոռանանք նաև, որ սպան իր մարտական խնդիրը կատարում է հակառակորդի կողմից չդադարող ոտնձգությունների պայմաններում: Ամեն վայրկյան սպան կանգնած է իր դիրքում՝ գտնվելով կյանքի ու մահվան սահմանագծին: Եվ եթե հարկ է լինում, նա մարտական խնդիրը կատարում է իր կյանքի գնով:
Ամռանը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների ժամանակ զոհվեց ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը: Զոհվեց հերոսաբար՝ իր գործողություններով փրկելով զինվորներին: Ամիսներ անց նենգաբար արձակված հրթիռով խոցվեց ԼՂՀ օդուժի՝ ուսումնական վարժանք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը, զոհվեցին անձնակազմի բոլոր անդամները՝ մայոր Սերգեյ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան, լեյտենանտ Ազատ Սահակյան: Այս տարի էլ, ցավոք, ունեցանք կորուստներ՝ լեյտենանտներ Կարեն Գրիգորյան և Կարեն Գալստյան: Դժվարանցանելի և ոլորապտույտ ճանապարհներին ավտովթարից մահացավ մայոր Արթուր Վարդևանյանը, որին ճանաչել եմ ծառայությանս առաջին օրերից: Բոլորն էլ ընտրելով զինվորականի մասնագիտությունը, ծառայելու ընթացքում տեսնելով առկա վտանգները՝ լավ են հասկացել, թե ինչ ռիսկի են դիմում: Բայց նրանք գիտակցաբար գնացել են այդ ուղիով, ետ չեն դարձել՝ ավելի ու ավելի մեծ վստահություն հաղորդելով թե՛ երիտասարդ սպաներին, թե՛ իրենց հարազատներին:
Մեր սպաների անձնազոհ սխրագործությունների օրինակները բազում են: Շատ դեպքերի մասին չգիտենք, քանի որ ռազմական գաղտնիքի տարրեր են պարունակում, շատերի մասին էլ դեռ կլսենք: Վստահ եմ, դրանցից ոչ մեկն էլ չէր լինի, եթե մեր սպաներն իրենց թիկունքում չզգային ընտանիքների, հարազատների, ծանոթների և անծանոթների ջերմությունն ու աջակցությունը, այն նույն հասարակության աջակցությունը, որի մի մասն են կազմում: Այնպես որ, հարգելինե՛րս, երբեմն փորձեք ավելի ուշադիր լինել մեր բանակի հանդեպ: Մի՛ մոռացեք, որ բանակը համաժողովրդական կառույց է:
Ավելի ջերմ եղեք, առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեք սպայի հանդեպ, վստահեք նրան: Ձեր ամեն մի խոսքը քաջալերում, նոր ուժ է հաղորդում հայ սպային:
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅ ՍՊԱ, շնորհավոր տոնդ, Էդուա՛րդ ջան…
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ