ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄԸ … ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Քրեագետները վաղուց պնդում էին, թե գործնականում յուրաքանչյուրի մեջ նիրհում է պոտենցիալ մարդասպանը, եւ միայն քաղաքակրթությունն ու օրենքներն են զսպում այդ բնազդը։ Նորագույն գիտական տվյալները, սակայն, հերքում են այդ վարկածը։
Ամերիկացի զինվորական պատմաբան, նախկին բրիգադային գեներալ Ս. Լ. Մարշալը հարցում է անցկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շրջանում՝ նպատակ ունենալով պարզելու մարտական գործողությունների ժամանակ զինվորների վարքագիծը: Արդյունքում՝ ի հայտ է բերել ապշեցուցիչ օրինաչափություն. մարտական գործողությունների ընթացքում հետեւակայինների միայն 25 տոկոսն է գործի դրել հրազենը, իսկ 85 տոկոսը հրաժարվել է կրակել թշնամու վրա։ Անկախ մարտերի տեւականությունից՝ այդ թվերը չեն փոխվել։ Հարկ է նշել նաեւ, որ վերը նշված 25 տոկոսից էլ միայն 2 տոկոսն է գիտակցաբար նշանակետում ունեցել հակառակորդին:
Համանման պատկեր է ստացվել նաեւ օդային մարտերի դեպքում։ Ամերիկացի օդաչուների մեծամասնությունը «պարապ», դատարկ թռիչքներ է կատարել՝ առանց մարտական բախումների։ Հասկանալի է դառնում, թե ինչու էին նացիստներն ատում Ռեմարկի «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպը. նա նկարագրել է այն զինվորներին, որոնք չեն ցանկացել մարդ սպանել (թեեւ երբ ֆաշիստական Գերմանիայի գլխավոր պարագլուխներից մեկի՝ հրեաների ոչնչացման կազմակերպիչ Հիմլերի աչքի առջեւ սպանեցին մինսկցի հրեաներին, նա փսխեց եւ ուշագնաց եղավ: Այսինքն՝ մի բան է հեռվից՝ տաքուկ կաբինետից սպանելու, ոչնչացնելու հրաման տալը, մեկ այլ բան՝ քո առաջ տեսնել ստույգ մարդու):
Այս մասին մարդիկ խորհել են դեռ խոր հնուց։ Չորրորդ դարի հռոմեացի ռազմարվեստի տեսաբան Վեգեցիոսին զարմացնում էր, որ լեգեոնականները զանգվածաբար չէին ցանկանում հակառակորդին սրով խոցել։ Մահացու վերքեր չպատճառելու համար նրանց մեծամասնությունը հակառակորդին հարվածում էր սրի տափակ կողմով։
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Նոքը ապացուցում է, որ այդպես է եղել նաեւ Հին Հունաստանում։
…XVIII դարում պրուսական զինվորները, վարժվելով հրաձգության, 75 մետր հեռավորությունից 60 տոկոսով խոցում էին ստվարաթղթե թիրախները։ Եվ ահա երբ հարկ եղավ իրական թշնամու վրա կրակել ավելի մոտ տարածությունից, յուրաքանչյուր րոպե սպանվում էր առավելագույնը երկու զինվոր։ Մինչդեռ գնդակների կարկուտի տակ պետք է սպանվեին հարյուրավոր մարդիկ։ Դա նշանակում է, որ հակառակորդի վրա նշան էին բռնում շատ քչերը։ Մեծամասնությունը կրակում էր հենց այնպես, գլխից վերեւ։
…ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ, Գետտիսբուրգի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, մարտադաշտում գտան 27 հազար հրացան, որոնց 90 տոկոսը լիցքավորված էր։
…Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, Վայսենբուրգի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, գերմանացիներն սպանել էին 404 ֆրանսիացու. յուրաքանչյուր սպանվածին բաժին էր հասնում … 117 կրակոց։
Ամերիկյան ռազմական ակադեմիայի հոգեբանության դասախոս Դեյվի Գրոսսմանը, վերլուծելով այս փաստերը, հանգում է եզրակացության. ողջամիտ, կարգին մարդը սպանություն է կատարում միայն արտակարգ հանգամանքներում։
Նոր Գվինեայի պապուասները մարտն սկսելուց առաջ նախապես ուտում էին աղ դրած ճարպ, որպեսզի ծարավը հագեցնելու առիթով հաճախ ընդհատեին կռիվը։
Եվրոպական պատերազմների տարեգիրները պահել են վկայություններն այն զինվորների, որոնք հոգեկան խանգարումներ են ստացել այն բանից հետո, երբ հանգամանքների դրդմամբ ստիպված են եղել սպանել հակառակորդին՝ հայացքը սպանվողի հայացքին հառած։ Զոհերի մասին հիշողությունները ճնշել, տանջել են նրանց ամբողջ կյանքում։
Բայց պատկերը փոխվում է, երբ հարկ է լինում սպանությունը կատարել թիկունքից։ Ավելին. սպանողի եւ զոհի միջեւ եղած հեռավորությունը մեծանալուն պես սպանությունը դարձավ «անանուն», եւ սպանողի բանականությունն սկսեց թեթեւ տանել կատարվածը։
Հենց այս նկատառմամբ, Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած ամերիկյան ռմբակոծիչի անձնակազմը կամ Համբուրգը եւ Դրեզդենը ռմբակոծող անգլիացի օդաչուները խղճի սաստիկ խայթ չզգացին գոնե մարտական գործողության պահին։ Խաղաղ բնակիչների տառապանքը նրանց համար վերացական էր։
Թշնամու շրջանում ամենաանողոք ու զանգվածային ավերածությունները միշտ էլ պատճառում են հրետանին ու ավիացիան, այսինքն՝ նրանք, ովքեր չեն նայում հակառակորդի աչքերին, չեն տեսնում զոհի դեմքն ու կերպարանքը։
…Ասում են՝ անգամ պրոֆեսիոնալ դահիճներին խղճի խայթը օրվա մի պահի տանջում է։
Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչպե՞ս բացատրենք Հիտլերի, Պոլ Պոտի, համանման բռնապետների վարչակարգերի օրոք զանգվածային խոշտանգումներն ու մյուս հանցագործությունները։
Հոգեբաններն ապացուցում են, որ քարոզչությունն ու խստավարժությունը հանգեցնում են թշնամու կերպարի օտարման` ասես արհեստականորեն մեծացնելով մարդասպանի եւ զոհի միջեւ եղած հեռավորությունը, սպանությունը դարձնում «անհասցե»։
Պատրաստեց Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ռազմական