Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Իրան. արդյունքների ամփոփում

Ռուսաստան-Իրան տանդեմը փորձում է տարածաշրջանային անվտանգության պահպանման այլընտրանքային ձեւաչափ առաջարկել, որի շարժիչ ուժը ռուս-իրանական ռազմական համագործակցության գաղափարն է:

Տարբեր գնահատումների համաձայն՝ ներկայիս ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար, սակայն այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարելավվել՝ ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի՝ վերջերս Թեհրան կատարած պաշտոնական այցի արդյունքում:

Թեհրանում կայացած ռուս-իրանական բանակցությունները կարելի է որակել շրջադարձային, քանի որ ՌԴ և ԻԻՀ միջև ձեռք են բերվել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ առանցքային նշանակություն ունեցող պայմանավորվածություններ: Ռազմական քաղաքականության զարգացման փոխհամաձայնեցված ուղղությունները հուշում են, որ դրանք միտված են, նախ և առաջ, հակազդելու արտատարածաշրջանային ուժերի ռազմաքաղաքական և այլ բնույթի միջամտություններին Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի տարածաշրջանում:

Փաստորեն, ՌԴ-ԻԻՀ տանդեմը փորձում է տարածաշրջանային անվտանգության պահպանման այլընտրանքային ձևաչափ առաջարկել, որի շարժիչ ուժը ռուս-իրանական ռազմական համագործակցության գաղափարն է:

Երկկողմ պայմանավորվածությունների համատեքստում կարելի է առանձնացնել երեք կետ, որ զգալի չափով բացահայտում են ռուս-իրանական ռազմական համագործակցության նպատակները.

1. Ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղասիրական գործողությունների փորձի փոխանակում: Հիշյալ կետը կարող է հիմքեր ապահովել հետագայում ՌԴ և ԻԻՀ համատեղ ռազմական գործողություններ մշակելու և իրագործելու ոչ միայն Մերձավոր Արևելքում ընդդեմ «ԻՊ» ծայրահեղ սուննի իսլամականների, այլև Աֆղանստանի ահաբեկչական խմբավորումների՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ սկսվել է Աֆղանստանից միջազգային կոալիցիոն ուժերի դուրսբերման գործընթացը:

2. ՌԴ և ԻԻՀ ռազմանավերի՝ միմյանց նավահանգիստներ մուտք գործելու փորձի ընդլայնում: Դա կարող է ՌԴ և ԻԻՀ համար Կասպից ծովի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու հնարավորություններ ստեղծել: Բացի այդ, ՌԴ նավերը հնարավորություն կստանան Պարսից ծոցի ռազմավարական կարևորության ջրերում ռազմական պարեկություն իրականացնել:

3. Վերսկսել «C-300» ԶՀՀ մատակարարումը Իրանին: Թեև այս կետը տեղ չի գտել ՌԴ և ԻԻՀ միջև ստորագրված պայմանագրերում, սակայն դրա կարգավորման վերաբերյալ եղել է ներքին պայմանավորվածություն (այդ է վկայում իրանական ԶՈւ տարածած գերատեսչական հայտարարությունը), ինչը կարող է քաղաքական նոր որակ հաղորդել ՌԴ-ԻԻՀ փոխհարաբերություններին՝ խթանելով տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության համաչափ զարգացումը:

Այդուհանդերձ, հասկանալի է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կենսագործումը պահանջում է մեծ պատասխանատվություն: Միաժամանակ դրանց հաջողությունը չի կարող պայմանավորվել բացառապես ռազմատեխնիկական ոլորտում արդյունավետ գործակցությամբ: Անհրաժեշտ են ոչ միայն բարձր քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններ, որոնց մակարդակը ցայժմ չի բավարարել կողմերին:

Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել են ՌԴ-ԻԻՀ միջև ապրանքաշրջանառության ծավալները. միայն 2012 թ. այն նվազել է շուրջ 38 մլրդ դոլարով՝ 2011 թ. համեմատությամբ: Երկու տարվա ընթացքում ռուսական արտահանումների ծավալն Իրան կրճատվել է շուրջ 44%-ով:

Ինչ վերաբերում է քաղաքական փոխհարաբերություններին, ապա 2010 թվականից ի վեր, երբ ՌԴ իշխանությունները որոշում ընդունեցին կասեցնելու «C-300» ԶՀՀ վաճառքը Իրանին, և վերջինս դիմեց ԵԱՀԿ դատարան՝ բողոքարկելու պաշտոնական Մոսկվայի որոշումը, ռուս-իրանական քաղաքական հարաբերությունները հազիվ թե հնարավոր լինի որակել բարձր մակարդակի: Առայսօր շատերը մնում են այն համոզման, որ ՌԴ իշխանությունների այդ քայլը «քաղաքական ընդառաջում» էր ԱՄՆ-ին, որը գուցե և հեռու չէ իրականությունից:

Ներկայումս Մոսկվան և Թեհրանը համակարծիք են վերոնշյալ խնդիրները շուտափույթ լուծելու անհրաժեշտության հարցում, սակայն երկկողմ պատրաստակամությունը դեռևս անցնելիք դժվարին ճանապարհի սկիզբն է միայն:

Ռուդիկ ՅԱՐԱԼՅԱՆ
Իրանագետ, պ.գ.թ.

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


11/02/2015