Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Այս օրերին, երբ սահմանին լարված է իրավիճակը, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով կարողացան անարգ թշնամուն արժանի հակահարված տալ, հենց այս օրերին սեղանիս հայտնվեց հայոց բանակի կապիտան Գեւորգ Վարդումյանի «Ձեռնամարտի ձեռնարկը»:

Ի՞նչն է մղել հայոց բանակի սպային նման դժվարին, բայց անպայմանորեն անհրաժեշտ՝ մարտ վարելու ձեռնարկ հեղինակելու:

-Այս մասնագիտական ձեռնարկն ստեղծվել է անհրաժեշտության թելադրանքով եւ նախատեսված է հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկների համար,- պարզաբանում է Գևորգ Վարդումյանը,- հրամանատարիս՝ Արթուր Սիմոնյանի (այժմ խաղաղապահ բրիգադի հրամանատար) հետ որոշեցինք մեր զորամասի համար պարզ եւ մատչելի շարադրանքով ամփոփ մի ձեռնարկ կազմել՝ սկզբնաղբյուր ունենալով խորհրդային հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված դասագիրքը (ի դեպ, այդ գրքի համահեղինակներից շատերը հայեր են): Վերցրինք անհրաժեշտը, լրացրինք, մեր տարիների կուտակած սեփական փորձն էլ համադրեցինք եւ, ահավասիկ, մեր ազգային հոգեբանությանը համընկնող, արդիական ձեռնարկ ստացվեց:

Այն թեեւ նախատեսված է հատուկ ստորաբաժանումների մարտիկների համար, բայց կարող է օգտակար լինել նաեւ ցանկացած զինվորականի, հատկապես սահմանին կանգնած մեր զինվորներին:

Որքան էլ այսօր ժամանակակից տեխնիկան շարունակի խուժել ամեն ասպարեզ, ինչպես մարդու խելքը, այնպես էլ ձեռքի ուժը, միեւնույն է, երբեք չեն կորցնի իրենց դերն ու նշանակությունը, քանի որ դրանք այն զենքերն են, որոնք մշտապես նրա հետ են:

Գաղտնիք չէ, որ մարզված զինվորն իրեն ավելի ամուր, ուժեղ, ինքնավստահ եւ համարձակ է զգում: Հիշո՞ւմ եք՝ 2014թ. ամռանը շարքային Նորայր Քամալյանը մարտական հենակետի պաշտպանության ժամանակ ձեռնամարտի էր բռնվել սահմանը հատած ադրբեջանական դիվերսանտների հետ, վերջիններս էլ, հանկարծակիի գալով տղայի համարձակությունից, խուճապահար փախուստի էին դիմել:

Ձեռնամարտի ամենակարճ բնութագիրն այս է՝ զինվորի արվեստ: Մարտարվեստի մեջ ամենակարեւորը ոգին է: Ձեռնամարտը արդյունավետ պայքարի միջոց է զինված կամ անզեն հակառակորդի դեմ: Այն իր մեջ պարունակում է բոլոր մարտական մարզաձեւերից վերցված ամենաարդյունավետ հնարքները, դարերից եկած կենաց եւ մահու պայքարի փորձն ու ոգին:

Ձեռնարկում տեղ են գտել տարբեր ուղղվածության ճանաչողական նյութեր՝ մարդու ընդհանուր անատոմիան, մարմնի առավել խոցելի, ցավագին կետերը, կիրառվող հնարքները, անաղմուկ վնասազերծելու, գերելու ձեւերը, սառը զենքի կիրառումը մերձամարտում, չկանխատեսված իրավիճակներում հակահնարքները, մենամարտային տեխնիկա եւ տակտիկա:

Ձեռնարկն ունի նաեւ հատուկ հոգեբանական մաս, որտեղ տեղ են գտել բարոյահոգեբանական սկզբունքներին, մարտական հոգեբանական մարզումներին վերաբերող գործնական-կիրառական խորհուրդներ, ինչը մարզվողին կօգնի հոգեբանորեն ինքնապատրաստվել, ինքնակատարելագործվել, կնպաստի անհատի բարոյակամային վերելքին, քանզի նա, ով նվիրական նպատակ ունի, պատրաստ է հանուն այդ նպատակի հրաշքներ գործելու:

Երազանքս մեկն է՝ որ այս ձեռնարկը տպագրվի եւ որպես դասագիրք ծառայի մեր ամբողջ բանակին: Ու եթե այս միջոցներից մեկն անգամ ծառայի մեր զինվորին, եթե այդ միջոցներից որեւէ մեկի կիրառման շնորհիվ զինվորը փրկվի կամ վնասազերծի հակառակորդին, ես իմ առաքելությունը լիովին իրականացած կհամարեմ:

Ներկայացնում ենք հատվածներ «Ձեռնամարտ» գրքից։

ԻՆՔՆԱՊԱՀՈՎՈՒՄ

Ինքնապահովման նպատակը վնասվածքներից խուսափելն է:

Երբեմն պատահում են բոլորովին անիմաստ վնասվածքներ, որոնցից հեշտությամբ կարելի է խուսափել: Եվ կարելի է անվնաս դուրս գալ շատ բարդ իրավիճակներից, եթե ճիշտ կատարենք ինքնապահովումը:

Ինքնապահովման տեխնիկան ուսուցանելու համար անհրաժեշտ է ունենալ տատամի կամ ըմբշամարտի գորգ, որպեսզի սկսնակները վնասվածքներ չստանան:

Մեջքի վրա անկումից ինքնապահովման ժամանակ անհրաժեշտ է հնարավորինս կծկվել, գնդաձևանալ: Լավագույն օրինակը ոզնին է՝ վտանգի պահին (նկար 22):

Անկման հենց սկզբից անհրաժեշտ է ծնկները ծալել և կծկվել, դա կօգնի անկման բարձրությունը փոքրացնել և կորանալ: Երբ առաջինը ձեռքերն են հպվում հատակին, օգնում են թուլացնել մարմնի բախումը: Սակայն չի կարելի արմունկները դեմհար անել, քանի որ նրանք կարող են լուրջ վնասվել: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռքերը ուղղել մարմնից մի փոքր ետ և ընդունել հարվածը ձեռքի ափերով: Չի կարելի ձեռքերը դեպի ետ շատ պարզել և պահել ուղղված վիճակում, այլապես ամբողջ մարմնի ծանրությունը կընկնի ձեռքերի վրա, և տեղի կունենա հոդախախտում կամ կոտրվածք:

Հարվածի ուժը բավականին թուլանում է, երբ ընկնողը ձեռքերով հատակին հպվելուց անմիջապես հետո ճոճվում է դեպի ետ: Չճոճվելու, չգլորվելու դեպքում հարվածը կենտրոնանում է մի կետում և ավելի վտանգավոր է դառնում:

Եթե ողնաշարը հատակին բախվի, կարող է վնասվել: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ճոճվել, գլորվել մի փոքր թեքված աջ կամ ձախ կողմի մեջքի երկար մկանների վրա:

Վտանգավոր է ծոծրակով հատակին բախվելը: Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է գլուխը թեքել առաջ, մինչև կրծքավանդակին հպվելը և ձգել վզի մկանները: Որպեսզի ստորին ծնոտը բախումից չփշրվի կամ սեփական ատամներով լեզուն չվնասվի՝ անհրաժեշտ է լեզուն ետ քաշել դեպի քիմքը և ծնոտները ամուր սեղմել միմյանց:

Դեպի կողք ինքնապահովումը նման է դեպի ետ կատարելուն: Օգտագործվում է դեպի կողք սայթաքելու դեպքում կամ գցող հնարքից պաշտպանվելիս (Նկար 24, 25):

Այս դեպքում ճոճվում են կողային մկանների վրա, գլուխը՝ թեքած անկմանը հակառակ ուղղությամբ, որպեսզի քունքը չբախվի հատակին: Սկզբում հատակին է հպվում անկման կողմի նստատեղի մկանը, հետո մեջքի երկար մկանի և կողային մկանի վրա ճոճվելով, մարմնին ուղղահայաց պահած ձեռքի ափով արգելակում են: Որպեսզի արմունկը չվնասվի, անհրաժեշտ է ձեռքը պարզել ուղիղ դեպի կողք: Ճիշտ չէ մարմնի ծանրությունը ձեռքի վրա գցելը, դա կարող է պատճառել հոդախախտում կամ կոտրվածք: Ազատ ձեռքը նպատակահարմար է պահել բարձր, դեմքի ուղղությամբ, առանց տեսադաշտը փակելու՝ հակառակորդի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար: Կծկել ոտքերը և ճոճվել:

Դեպի առաջ ինքնապահովման ժամանակ հիմնական դերը կատարում են ձեռքերը: Այն կատարվում է, երբ հակառակորդը թիկունքից հարձակվելով, կատարում է գցող հնարք (նկար 26, 27): Անկման ժամանակ անհրաժեշտ է իջնել կիսածալված ձեռքերի ափերի վրա և հարվածը ընդունել սահուն կերպով: Ձեռքերի ուղիղ վիճակը ցանկալի չէ, նույնպես ցանկալի չէ արմունկներով հատակին բախվելը: Գլուխը հատակին բախվելուց պաշտպանվելու համար անհրաժեշտ է այն պահել բարձր դիրքում: Ծնկները հարվածից պաշտպանելու համար անհրաժեշտ է ոտքերը պահել ուղիղ վիճակում, ոտնաթաթերը դնել ուղղահայաց և հարվածն ընդունել թաթերի ծայրերով:

Շարունակելի

Պատրաստեց՝ Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


11/02/2015