ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ
Ազգային բանակի կատարելագործումը շարունակական բնույթ ունի, ինչը մեր ժողովրդի, մեր իշխանությունների ձգտումն ու ամենօրյա աշխատանքի մի մասն է: Բանակի հրամանատարությունը, համագործակցելով հասարակության բոլոր շերտերի հետ, անում է հնարավորը, որ 18-20 տարեկան երիտասարդները զինվորական ծառայությունն ընկալեն ոչ թե որպես անձնական պարտք, այլ հայրենիքի համար շատ կարևոր ռազմաքաղաքական խնդրի կատարում:
Զինծառայողների շրջանում տարվող դաստիարակչական աշխատանքների, նրանց փոխհարաբերությունների, ծառայողական կարգապահության, փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի, բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է մեր թղթակիցներ՝ փոխգնդապետ Արամ Ներսիսյանի և մայոր Սամվել Հարությունյանի հարցազրույցը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ:
-Պարոն գեներալ, պաշտպանության բանակում կատարվե՞լ են ոչ կանոնադրական երևույթների, արատավոր և հոռի բարքերի, դրանք ծնող պատճառների մասին համապատասխան ուսումնասիրություններ:
-Երևույթը մեր, բանակի ղեկավարության և գաղափարադաստիարակչական բնագավառի ծառայողներիս և շահագրգիռ մյուս, իրավապահ կազմակերպությունների կողմից խորությամբ ուսումնասիրվել և գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հոռի բարքերի հետեւանքով կատարվող հանցագործությունների տասը տոկոսը տեղի է ունենում ծառայության առաջին վեց ամիսների ընթացքում: Վեց ամսից մինչև ծառայության մեկուկես տարին ամենավտանգավոր շրջանն է: Այս ընթացքում է կատարվում հանցագործությունների և խախտումների մեծ մասը՝ մոտավորապես 33-34 տոկոսը: Մեկուկես տարի ծառայելով՝ նույնիսկ ամենաանկարգապահ զինվորները լիովին հարմարվում են իրավիճակին, զորամասին, ընկերներին ու հրամանատարներին, տիրապետում են ծառայության, մարտական հերթապահության նրբություններին, այսինքն՝ որպես անհատ հասունանում ու դառնում են ավելի զգուշավոր, մտածում են ծառայությունն անփորձանք ավարտելու ու տուն վերադառնալու մասին:
Պետք է ասել, որ բանակում փողոցային բարքերի դրսևորման համար մեղքի իրենց բաժինն ունեն նաև որոշ սպաներ:
-Հասարակությունը որքանո՞վ է նպաստում այդ երևույթների զարգացմանը:
-Բանակ գնացող զինվորի հետևից զորամաս գնալու, իրենց տղայի համար տաքուկ անկյուն ճարելու, գործ դասավորելու խնդիրը դեռեւս արմատախիլ չի արվել. ծնողների որոշ մասն իր արատավոր պահվածքով որդիներին մղում է հանցագործության: Համաձայն ուսումնասիրությունների, ծնողների մեղքով կատարված հանցագործությունները հինգ տոկոսից ավելի չեն: Այսօր մենք գործուն համագործակցում ենք ծնողների հետ, բայց մերժում ենք նման անհարկի միջամտությունները: Բերեմ ամենավերջին օրինակը: Ընկերներիցս մեկը Մոսկվայից զանգահարել և խնդրում էր, որ մի զինվորի արտահերթ արձակուրդ տրամադրեմ՝ պատճառաբանելով, թե մորը վիրահատել են: Հետաքրքրվեցի և պարզեցի, որ նման խնդիր չկա, պարզապես զինվորը կարոտել է հարազատներին, ու եղբոր հետ նպաստավոր պատրվակ են հորինել արձակուրդ ստանալու համար: Ինքս զանգահարել եմ Մոսկվա ու ընկերոջս բացատրել՝ ինչն ինչոց է, խնդրել, որ այդպիսի հարցերով չդիմեն մեզ: Եթե իրոք լուրջ խնդիր է լինում, մենք ինքներս ենք զինվորներին տուն ուղարկում: Զինվորի հարազատների մասին մեզնից շատ ոչ ոք չի մտածում:
-Պարոն գեներալ, ասացիք, որ արատավոր բարքերի զարգացման նախադրյալների մի մասն էլ ստեղծվում են սպաների մեղքով, ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:
-Որպեսզի սպան ամբողջովին նվիրված լինի իր գործին, ծառայությանը, նա պետք է ունենա սոցիալական բավարար ապահովվածություն: Ցավոք, մենք դեռևս ի վիճակի չենք ապահովելու նրանց բոլորի կենցաղային խնդիրները, այնպես անել, որ ամեն մեկն իր բնակության վայրին մոտ ծառայի: Չլուծված սոցիալական հարցերը ստեղծում են հոգեբանական լարվածություն, իսկ հոգեբանական լարվածության վիճակում լինելով՝ սպան կարող է ե՛ւ ակամա սխալներ թույլ տալ, ե՛ւ թերանալ ծառայական պարտականությունների կատարման ժամանակ: ՊԲ ԱՀՏԱ բաժինը մշակել է զինծառայողների հոգեբանական լարվածության թոթափման հայեցակարգ, արդյունքները, կարծում եմ, շուտով ակնհայտ կլինեն:
-Պարոն գեներալ, ճի՞շտ է արդյոք բանակում, մանավանդ առաջնագծի զորամասերում, բջջային հեռախոսների օգտագործումը: Խորհրդային Միության ժամանակներում մարդիկ ծառայում էին տանից հազարավոր կիլոմետրեր հեռու և բավարարվում էին ամիսը մեկ-երկու նամակ գրելով:
-Ասեմ, որ ես ինքս էլ ափսոսում եմ, որ նամակագրության մշակույթն անհետանում է, բայց, ինչ կարող ենք անել, կյանքը փոխվել է, նոր տեխնոլոգիաները համառորեն կենցաղ են մտնում: Որքան էլ արգելենք, մեկ է՝ ծնողները բերելու են: Պետք է հարցին ճիշտ լուծում տանք: Եթե ես լինեի վաշտի հրամանատար, ուսումնական գործընթացից հետո մեկ ժամ կհատկացնեի հեռախոսային խոսակցություններին, որից հետո կհավաքեի հեռախոսները և կպահեի պահարանում, մինչև հաջորդ օրվա նշանակված ժամը: Դեմ եմ, որ զինվորը մարտական հերթապահության գնալիս հետը հեռախոս տանի: Խիստ անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել դասակի կամ վաշտի հրամանատարի հեռախոսից, խոսի կարճ՝ մայր ջան, քույր ջան, սիրելիս, ես լավ եմ, մենք մարտունակ ենք, մեր դիրքում ամուր ենք: Այսքա՛նը: Զինվորը պետք է հարգի իր անմիջական հրամանատարին, չպետք է թաքուն հեռախոս պահի, հետո բռնվի հրամանատարի կողմից: Բանակն այն կառույցն է, որտեղ լավ հրամանատարը մշտապես տիրապետում է իրադրությանը, գիտի, թե ինչ է շնչում իր ենթականերից յուրաքանչյուրը: Այսքանը հասկանալով՝ գիտակից զինվորը, եթե անգամ սխալ է թույլ տվել, ասենք՝ ձեռքով խփել է մեկ ուրիշ զինվորի, անմիջապես կգնա հրամանատարի մոտ ու կզեկուցի իր սխալի մասին: Այդ դեպքում հրամանատարն ինքը կպարզի իրողությունը, եթե հարկ լինի՝ կպաշտպանի իր զինվորներին և իրավապահ մարմինների հետ համատեղ օրենքի շրջանակներում կընդառաջի նրանց: Ազնվությունը, վստահությունը, հարգանքը վերադասի ու ընկերների նկատմամբ կարևոր հատկանիշներ են տղամարդկանց միջավայրում: Հրամանատարներն էլ պետք է լինեն հոգատար, պահանջկոտ և արդար:
-Ինչպե՞ս եք ընտրում անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով սպաներին, հաշվի առնո՞ւմ եք մարդկանց հետ նրանց շփվելու ունակությունները, խոսքի մշակույթը, հռետորական ձիրքը…
-Դրանք կարևոր ու դրական հատկանիշներ են, բայց մենք ունենք այդ բնագավառի սպաներ, որոնք գուցե բանավոր խոսքից թույլ են, հռետորական ձիրք չունեն, բայց լավ են աշխատում, առաջնորդվում են անձնական օրինակով և հարգանք ու հեղինակություն են վայելում անձնակազմի շրջանում: Զինվորների համար շատ կարևոր է իրենց վստահելու հանգամանքը: Եթե վստահեցիր զինվորին, նա անպայման կփոխհատուցի, վստահությունն արդարացնելու համար սարեր շուռ կտա: Եթե զինվորը նվիրված է հրամանատարին, ուրեմն՝ հրամանատարը երբևէ խնդիրներ չի ունենա ղեկավարման կամ զինվորական կարգապահության պահպանման ու ամրապնդման ասպարեզում, և ամենակարևորը՝ մարտական պատրաստականության ու մարտական պատրաստության ոլորտում:
-Պարոն գեներալ, ինչպե՞ս առաջացավ պաշտպանության բանակում ազգային ավանդույթներ ներդնելու միտքը:
-Վերլուծելով արտակարգ պատահարները, ինքնասպանության դեպքերը՝ հանգեցինք այն եզրակացության, որ պետք է ապավինենք ծնողների աջակցությանը, հենվենք մեր ժողովրդի իմաստնության ու դարավոր ավանդույթների վրա: Ծնողը պետք է ընկալվի որպես սրբություն, որովհետև զինվորի հոգեկան ներաշխարհի վրա հիմնական ազդեցություն գործողը ծնողն է, և կարևոր է, որ նա դեմքով շրջվի դեպի հայրենիքը, բանակը: Ծնող, հայրենիք, հավատ, այս սրբությունները միասին շատ հզոր են: Սուրբ գիրքը չի արգելում ինքնապաշտպանությունը, մենք հարկադրված ենք մեր հողերն ազատագրելու, և դա ասում, պարզաբանում ենք զինվորներին: Դեռ մանկուց են մեզ պատվիրել, որ չի՛ կարելի եկեղեցուց փող վերցնել, գողություն անել, հայհոյել, սուտ խոսել, որովհետև Աստված տեսնում է և կպատժի:
-Բանակի հրամանատարի հետ Դուք մասնակցում եք ծնողների հետ հանդիպումներին, ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում մարդկանց, և ինչպիսի՞ առաջարկություններ են լինում:
-Նախ պետք է ասեմ, որ հանդիպումների են գալիս ոչ միայն ՊԲ լավագույն զինվորներն ու նրանց ծնողները, այլ նաև նախազորակոչային տարիքի տղաները, նրանց ծնողները, ինչպես նաև զինվորների պապիկներն ու տատիկները, մյուս հարազատները, ընկեր-ընկերուհիները: Այլ կերպ չէր էլ կարող լինել, սահմանային լարվածությունը, միջադեպերն ազդում են ժողովրդի տրամադրության վրա: Կաշկանդվածությունն անցնում է, երբ բանակի հրամանատարը կատարում է անհրաժեշտ պարզաբանումներ, խրախուսում է ազատամարտիկներին, արժանի գնահատական է տալիս նրանց կատարածին, պարգևատրում է, կարևորում նրանց ծառայությունը հայրենիքի պաշտպանության գործում, շնորհակալագրեր է հանձնում ծնողներին, հայտնում իր երախտագիտությունը հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Ակամա զգում ես, որ մարդիկ սկսում են իրենց զավակների նկատմամբ հիացմունքով լցվել: Հպարտանում են որդիների խիզախությամբ: Հիացմունքով են նման զինվորների ծնողներին նայում նաև ապագա զինվորների ծնողները, էլ չխոսեմ աղջիկների՝ զինվորների ընկերուհիների մասին: Ծնողները նաև ներքին պարտավորվածություն են զգում բանակային տարիքի իրենց զավակներին դաստիարակելու այնպես, որ ծառայության ժամանակ իրենք էլ ունենան ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող զինվոր-որդիներով հպարտանալու առիթներ: Ես այդ հանդիպումների ժամանակ չեմ նկատել որևէ բացասական տրամադրվածություն, չեմ լսել որեւէ անհարկի ասված խոսք, ակնարկ բանակի մասին: Ընդհակառակը, հնչում են ջերմ մաղթանքներ, քաջալերանքի, բանակի շարքերը համալրելու պատրաստակամության կոչեր:
-Տասը-տասնհինգ տարի առաջ նման հանդիպումներն ասես հրամանատարների հաշվետվությունների էին վերածվում, ինչպե՞ս կբնութագրեք այժմյան հանդիպումները:
-Այսօր մեր հրամանատարները ժողովրդի առջև արդարանալու խնդիր չունեն: Նրանք համայնքներ են գնում ժողովրդին ասելու՝ «Պատիվ ունեմ ձեզ ներկայանալու, ձեր ձեռքը սեղմելու, ձեզ շնորհակալությունս հայտնելու»: Կրկնում եմ` այսօր հրամանատարը զինվորների ծնողների, համայնքի հետ հանդիպում է, որպեսզի ունեցած հաջողությունները նրանց հետ կիսի, իր շնորհակալությունը հայտնի, նրանց խոսքը, առաջարկությունները լսի:
-Զորամասերում որոշ հրամանատարներ այն կարծիքին են, որ 18-19 տարեկան տղաներին ավելի հեշտ է զինվորական բարդ տեխնիկայի օգտագործման գաղտնիքները սովորեցնել, քան վերադաստիարակել: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Հենց դրա համար էլ մենք վերադառնում ենք դաստիարակության ակունքներին և, որպես խնդրի լուծման լավագույն միջոց, համագործակցում ենք ընտանիքի, ծնողների, հարազատների հետ: Երբ մայրն ասում է՝ «Ես հպարտ եմ, որ իմ որդին ծառայում է հաղթանակած բանակի շարքերում» և տղային պատվով ծառայելու կոչ է անում, անհնար է, որ նրա որդին գործի մեջ թերանա, չձգտի լավագույնների շարքում լինել: Ընտանիքի հեղինակությունը բարձր պահելու ձգտումը հայ մարդու էության մեջ է: Միաժամանակ մեր զինվորների համար տեխնիկային տիրապետելը սովորական բան է: Մենք՝ հայերս, ընդունակ ժողովուրդ ենք, և բացառվում է, որ սահմանված ուսումնական ժամանակաշրջանում որևէ զինվոր, նորակոչիկ իր զենքին, տեխնիկային չտիրապետի:
-Զինվորների մեջ թերեւս կլինեն զանազան աղանդների հետևորդներ: Եթե կան, ապա ինչպե՞ս եք վերաբերվում նրանց, մարտական հերթապահության մեջ ընդգրկո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Կա՛ն, լինում են, բայց մենք անհատական աշխատանքի միջոցով կարողանում ենք նրանց ղեկավարել, ինչու չէ, նաև մարտական հերթապահության տանել: Բայց եղել են նաև դեպքեր, երբ նրանք, տեսնելով, գնահատելով բանակի ձեռքբերումները, մեր զինվորների նվիրված ծառայությունը և գիտակցելով, որ հայրենիքի պաշտպանության և հավատի հարցերում ազգը պետք է միասնական լինի, հրաժարվում են իրենց դավանած կրոնական ուղղությունից եւ միանում են մեզ:
Գիտեք ինչ, իմ կարծիքով, զինվորին զենքի, ինչպես նաև սաղավարտի ու զրահաբաճկոնի կցագրումը, իրականում, շատ կարևոր, գրեթե զինվորական երդմանը հավասար իրադարձություն է, և մենք այդ իրադարձությունը պետք է նշենք զինվորական երդմանը հավասար հանդիսավորությամբ: Սաղավարտն ու զրահաբաճկոնը պաշտպանում են զինվորին, իսկ զենքը ձեռքին զինվորը պաշտպանում է հայրենիքը, իրեն ու իր ընկերներին: Լավ հրամանատարը զինվորի գիտակցությանը պետք է հասցնի, որ զենքն իր լավագույն ընկերն է, և որ պետք է այն սիրել: Եթե չսիրեցիր, այն քեզ կդավաճանի: Ծանրաբեռնվածության պատճառով մեր հրամանատարները հանդիսավորությամբ չեն նշում զենքի կցագրումը, բայց, կարծում եմ, որ պետք է ժամանակ գտնեն և պահը դարձնեն տոնական: Զենքի, սաղավարտի ու զրահաբաճկոնի կցագրումը հանդիսավոր պայմաններում իրականացնելու անհրաժեշտությունն ամրագրված է նաև ներքին ծառայության կանոնագրքում:
-Բնութագրեք մեր սպային:
-Զորամասում սպայի ուսերին է դրված զինվորի, զինվորական ստորաբաժանման մարտունակության ապահովման, դաստիարակման, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման պատասխանատվությունը: Եթե մենք ուզում ենք, որ սպան ամբողջությամբ նվիրվի իր գործին, պետք է ձգտենք հիմնավորապես լուծել նրա սոցիալական, ինչու չէ՝ նաև հոգևոր-մշակութային պահանջմունքները: Այսօր գերագույն գլխավոր հրամանատարն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարում է սպաների սոցիալական պայմանների բարելավումը: Երկրում գրեթե չի լինում որևէ շինարարություն առանց սպայական ընտանիքների բնակարանամուտի: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք դեռևս շատ անելիքներ ունենք զինվորական ծառայությունն ավելի հրապուրիչ դարձնելու համար: Այնպես պիտի լինի, որ ռազմական ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը ամենամեծը լինի: Սպան կատարում է այնպիսի նվիրական առաքելություն, որն անչափ գնահատվում է ժողովրդի կողմից: Ժողովրդի աչքերում հայ սպան վեհ կերպար է, և թե՛ ծառայական պարտականությունների կատարման ժամանակ, թե՛ հասարակական վայրում, թե՛ իր մասնավոր կյանքում սպան չպետք է թույլ տա մի արարք, որը կարող է ստվեր նետել հայ սպայի՝ արյամբ և քրտինքով ձեռք բերված հեղինակության վրա կամ խաթարել հասարակական գիտակցության մեջ ձևավորված նրա ազնիվ կերպարը:
Չէ որ առաջին հերթին սպաների հետ շփվելով են մարդիկ բանակի մասին կարծիք կազմում: Դրա համար էլ կայազորի տարածքից դուրս եկող սպաներին ես պատվիրում եմ լինել կարգապահ, համազգեստը կրել արժանապատվորեն և մշտապես բարձր պահել իրենց սպայական պատիվը, սեփական զորամասի պատիվը, ուրեմն և՝ Հայոց ազգային բանակի պատիվը:
-Ի՞նչ կասեք սպաների սերնդափոխության մասին:
-Կադրային հարցերը՝ սպաների տեղափոխման կամ պահեստազոր զորացրման, կարգավորվում են օրենքով, որոշումներով: Լինում են առանձին դեպքեր, երբ հաշվի առնելով սպայի գիտելիքները, փորձը և նրա աշխատանքի կարևորությունը, բնականաբար նաև առողջական վիճակը, բանակի հրամանատարը երկարաձգում է նրա ծառայության ժամկետը: Անձամբ ես դեմ եմ, որ զորամասի հրամանատար դառնա 32, 33, 34 տարեկան սպան, որքան էլ նա շնորհալի լինի: Իմ կարծիքով` հրամանատարը պետք է լինի գոնե 38-40 տարեկան, որ իր զինվորների տարիքի երեխաներ ունենա եւ ամեն մի զինվորի մեջ իր տղային տեսնի, զինվորին վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվեր իր սիրելի զավակի հետ: Թեպետ, չեմ բացառում, որ ավելի երիտասարդների մեջ էլ կլինեն նման մտածելակերպի տեր մարդիկ: Այսինքն՝ ցանկալի է, որ սպան զինվորին դիմելիս ասի ոչ թե շարքային Պողոսյան, այլ տղաս, որդիս: Եվ եթե նույնիսկ զայրացած էլ լինի և ինչ-որ տեղ զինվորին խստորեն էլ նախատի, զինվորը նրանից չի նեղանա, այլ այդ նախատինքը կընդունի որպես հայրական խոսք, խրատ:
-Ոմանք մտահոգ են` արդյոք բանակը չափից ավելի թափանցիկ չե՞նք դարձնում, շատ չե՞նք բացվում հասարակական տարբեր կազմակերպությունների, տարբեր անձերի առաջ:
-Գիտեք, կար ժամանակ, երբ բանակի մասին շատ սխալ տեղեկություններ էին հրապարակվում, մանավանդ համացանցով: Այժմ սխալ տեղեկությունների քանակը շատ է նվազել, և դա հենց այդ թափանցիկության արդյունքն է: Ամեն տարի ՊԲ հրամանատարը հրավիրում է մեծ թվով լրագրողների, որոնց թվում նաև ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների և նրանց ուղարկում զորամասեր, առաջնագիծ, ասելով՝ գրեք՝ ինչ տեսնում եք: Լավն եք տեսնում, լավի մասին գրեք, վատն եք տեսնում՝ գրեք վատի մասին, բայց գրեք ճիշտը, սուտ բան մի՛ գրեք: Հենց թափանցիկ աշխատանքի շնորհիվ է նվազել հանիրավի քննադատությունների քանակը: Լրագրողը նախ և առաջ մեր երկրի քաղաքացին է և բանակը քննադատելու բարոյական իրավունք կարող է վաստակել միմիայն բանակի նկատմամբ ունեցած անաչառ և սրտացավ վերաբերմունքի դեպքում կամ եթե լումա ունի ներդրած բանակաշինության գործում: Նման դեպքերում մենք նույնիսկ շնորհակալ ենք թերացումները մատնացույց անելու համար, իսկ բանակի հասցեին զազրախոսություններով հանդես գալը պարզապես ոչ բարոյական է և վայել չէ իր հայրենիքը սիրող մարդուն:
-Արտասահմանից հյուրեր շա՞տ են լինում:
-Ընդհանրապես, գնալով աճում է Արցախի նկատմամբ հետաքրքրությունը, ավելանում է հյուրերի թիվը: Մեր հյուրերը հիմնականում սկաուտական շարժման մասնակիցներն են, որոնց համար կազմակերպում ենք բանակումներ, ռազմահայրենասիրական ճամբարներ: Թող գան, մարզվեն, կոփվեն, ճանաչեն, որ սիրեն իրենց հայրենիքը: Նաև սպաներ ունենք, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, բայց նախընտրել են ծառայել հայրենիքին: Քիչ չեն նրանք, ովքեր ամուսնացել են ղարաբաղցի աղջիկների հետ և իրենց ապագան այս հողի հետ են կապել:
Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում