Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՎԻԳ Է ԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ



Անգնահատելի է ուսումնական զորամասերի դերը ազգային բանակի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի ստորաբաժանումների համար մասնագետներ, կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում: Նախորդ տարիների դրական փորձից ելնելով՝ այս անգամ էլ ուսումնականներում պարապմունքներն սկսվեցին մարտականներից ավելի շուտ՝ փետրվարի իննին: Իսկ մինչ այդ տեղի ունեցան համեմատաբար ավելի վաղ զորակոչված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները:

ՀՕՊ զորամասում ամեն ինչ արված էր, որ երիտասարդ զինվորականները խորությամբ ընկալեն իրենց կյանքի թերևս ամենամեծ իրադարձության՝ զինվորական երդման էությունն ու նշանակությունը: Նրանց շնորհավորելու, քաջալերելու և աջակցելու էին եկել ոչ միայն իրենց հարազատներն ու բարեկամները, այլ նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, մերձակա գյուղական համայնքների, երկրապահ կամավորականների, մտավորականության ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներ:

Նշանակված ժամին հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վահե Մախսուդյանը հրամանատարին` Աշոտ Ֆանյանին զեկուցեց զինվորական երդման համար անձնակազմի շարված լինելու մասին: Ընդունելով զեկույցը՝ վերջինս նախ ողջունեց, ապա շնորհավորեց անձնակազմին, որին ի պատասխան հնչեցին հաղթական «հուռան» և Հայաստանի Հանրապետության օրհներգը: Այնուհետև սկսվեց կուրսանտների երդման արարողությունը: Ազատ ու անկաշկանդ պայմաններում նորակոչիկների հարազատները մոտենում, լուսանկարում էին երիտասարդ զինվորներին, ձայնագրում հայրենիքին անձնազոհ ծառայելու, օրենքներին ու սահմանադրության պահանջներին անվերապահորեն ենթարկվելու նրանց անկեղծ հավաստիացումները:

Երդմնակալությանը հաջորդեց հանդիսավոր միտինգը: Հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանն իր խոսքն սկսեց տերունական աղոթքով, որից հետո օրհնեց զինվորական երդում ընդունած նորակոչիկներին, նրանց ծնողներին:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի և հունվար ամսին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը, որից հետո պարոն Սահակյանը շնորհավորեց նորակոչիկներին, նրանց մաղթեց հետագա հաջողություններ, հավաստիացնելով, որ անհրաժեշտ պահին հայ ժողովուրդն ամեն ինչով զորավիգ է լինելու իր զինվորներին:

-Մեր բանակն ստեղծվել է մեր հարազատների արյան գնով, և այն մենք պետք է պահպանենք, սիրենք ու գուրգուրենք, մեր ջանքերով նպաստենք նրա հետագա զարգացմանն ու առաջընթացին: Մեր բանակն այժմ էլ շատ հզոր է և պատրաստ պաշտպանելու անկախության ձեռքբերումները,- ասաց մարզպետ Ս. Սահակյանը:

Ելույթ ունենալով՝ նորակոչիկներին շնորհավորանքի սրտառուչ խոսքեր հղեցին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մանուկ Գրիգորյանը, կուրսանտ, շարքային Գևորգ Մելիքյանը, ավագ դպրոցի աշակերտ, պատանի երկրապահ Սարգիս Կոստանյանը, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Վահե Մախսուդյանը, «Արծիվ» մահապարտների հինգերորդ գումարտակի ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Ֆանյանը, կրկին շնորհավորելով ներկաներին և նորակոչիկներին, ասաց, որ հանդիսավոր արարողության ծրագրով նախատեսված է նաև իր՝ որպես հրամանատարի, ներկայացում-շնորհանդեսը՝ «Պատիվ ունեմ», և հրապարակեց իր կենսագրությունն ու մարտական ուղին՝ խոստանալով չխնայել ուժերը զորամասի առջև դրված խնդիրները հաջողությամբ իրականացնելու համար:

Միջոցառման վերջում ընթերցվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամաններն ազգային բանակի 23-րդ տարեդարձի առթիվ ՀՕՊ ուսումնական զորամասի մի շարք զինծառայողների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով խրախուսելու մասին: Պարգևները զինծառայողներին հանձնեց փոխգնդապետ Ա. Ֆանյանը:

Տոնական հանդիսությունն ավարտվեց զորամասի անձնակազմի շարային երթով:

Ն. ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/02/2015