Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ Է ԳՐԵԼ «ՊԱՀԱԿԸ» 1916-ԻՆ



Եղեռնից փրկված հայության մի հսկայական զանգված ապաստանեց աշխարհի տարբեր երկրներում, եւ դա ավելի ակտիվացրեց այնտեղ գործող հայկական կազմակերպությունների գործունեությունը, ստեղծվեցին նորերը։ Գերխնդիրն էր նյութապես եւ բարոյապես նեցուկ կանգնել թշվառության մեջ հայտնված հայերին՝ հայրենիքում լինեին, թե նրա սահմաններից դուրս։
Ստորեւ՝ Բոստոնում լույս տեսած «Պահակ» թերթի 1916թ. համարներից ներկայացնում ենք լուրեր, որոնք որոշակի պատկերացում են տալիս այդ շրջանում հայկական կյանքի մի քանի կողմերի մասին։

Նյու Յորքում առաջին հայկական հայրենասիրական կազմակերպություններն ստեղծվեցին 20-րդ դարի սկզբին։ Դրանցից էր Հայկական միությունը, որը հիմնադրվեց 1906 թվականին։ Թերթն անդրադարձել է նրա ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Կազմակերպիչների մտահղացմամբ՝ այն վերածվել է դրամահավաքի, որին մասնակցել են նաեւ ամերիկացիներ։ Հավաքված գումարները տրամադրվել են հայ գաղթականներին, ուսանողներին՝ որպես թոշակ, ծախսվել համայնքում մշակութային-լուսավորական միջոցառումների համար։
Ամենամեծ դրամական նվիրատվությունը՝ 25 հազար դոլար, կատարել է տեղի մեծահարուստներից մեկը՝ Ֆուշմանը, ի հիշատակ իր վաղամեռիկ աղջկա։
♦♦♦
Թերթը տեղեկացնում է, որ Նյու Յորքում սկսել է լույս տեսնել «Կիլիկիա» հայկական թերթը հատուկ Թուրքիայից ԱՄՆ գաղթած այն հայերի համար, ովքեր չգիտեն հայերեն։ Տեքստերը գրվել են թուրքերեն, բայց հայերեն տառերով, եւ որպեսզի գաղթածները կարողանան կարդալ դրանք՝ թերթի առանձին բաժնում ուսուցանվել է հայոց գիրը։
«Կիլիկիան» ժամանակին իր դերն է խաղացել Նյու Յորքի հայ համայնքի կյանքին գաղթյալ թուրքահայերի ներգրավման գործում։
♦♦♦
«Պահակի» 1916թ. մեկ այլ համար պատմում է Բրազիլիայի Սան Ֆավլո քաղաքում տեղի Հայկական Կարմիր խաչի ընկերության մի բարեգործական միջոցառման մասին, որի նպատակն է եղել դրամահավաքի միջոցով օգնություն ցույց տալ հայրենակիցներին։ Ընկերությունն իր գործունեության ինն ամսվա ընթացքում հավաքել է 3400 դոլար, որից հազար դոլարը Ամենայն հայոց կաթողիկոսի անունով ուղարկվել է Էջմիածին՝ այստեղ կուտակված հայ գաղթականներին օգնելու համար։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է գրական-երաժշտական հանդիսություն, որն անցկացվել է անգլիական հյուպատոսի եւ նրա կնոջ հովանավորությամբ։ Նրանք իրենց կողմից հրավիրած են եղել այլ երկրների հյուպատոսների ու պաշտոնատար անձանց, եւ դահլիճում ասեղ գցելու տեղ չի եղել։
Հանդիությունը առիթ է դարձել օտարներին տեղյակ պահելու հայ ժողովրդի նկատմամբ թուրք բարբարոսների վայրագությունների մասին, բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու բրազիլահայերի հանդեպ։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Պատմության էջերից


05/05/2011