Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է



Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում բավական աշխույժ արտաքին քաղաքականություն սկսեց վարել Չինաստանը: Պեկինում լավ հասկանում են՝ եթե Մոսկվայում որևէ կերպ թուլանա Վլադիմիր Պուտինի վարչակարգը, հերթը կհասնի նաև Չինաստանի մասնատմանը:

Այդ պատճառով ՉԺՀ ղեկավարությունը փորձում է ամեն ինչով սատարել Ռուսաստանին: Առաջին հերթին` լուրջ օգնություն է ցուցաբերվում տնտեսական դաշտում` 2014 թվականին ստորագրվեց դարակազմիկ ռուս-չինական գազային պայմանագիրը: Բացի այդ, Պեկինը դատապարտեց հակառուսական ցանկացած պատժամիջոց՝ անվանելով միջազգային նորմերի կոպիտ խախտում, իսկ Ուկրաինայում իրավիճակի սրման պատասխանատու համարեց միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին:

Բնական է, որ կոմունիստական Չինաստանի նման գործելաոճն անհանդուրժելի է Վաշինգտոնի համար, և վերջինս փորձեց տապալել նրա տնտեսական շուկան` 2014թ.-ին անկարգություններ հրահրելով Չինաստանի կազմում հատուկ կարգավիճակ ունեցող Հոնկոնգում: Հոնկոնգյան արժեթղթերի շուկայի անկումից հետո սպասվում էր, որ տնտեսական ճգնաժամը կընդգրկի նաև Չինաստանը, սակայն եղավ հակառակը` Պեկինն առաջինը հրաժարվեց դոլարով միջազգային առևտրից: Այնինչ Չինաստանի համար խոցելին միայն Հոնկոնգը չէ. Պեկինն ստիպված է լինում պարբերաբար թարմացնել և ուժեղացնել իր զինված ուժերն ու անվտանգության կառույցները Սինձյան – Ույգուրական ինքնավար շրջանում և Տիբեթում: Վերջին տարիների իսլամիստական հոսանքների աշխուժացումը լուրջ սպառնալիք է դարձել նաև թուրքաբնակ շրջաններ ունեցող Չինաստանի համար, և բնական է, որ այստեղ ևս ուժեղ է Արևմուտքի ներգործությունը: Միաժամանակ, Չինաստանի ներուժը հնարավորություն է տալիս իր ազդեցությունը տարածել նաև տարածաշրջանից դուրս:

Եթե մինչև 2014 թվականը Չինաստանի տնտեսական էքսպանսիան (զավթողականությունը) սահմանափակվում էր Աֆրիկայով, որի երկրներին նա շռայլորեն «գնում» էր` տրամադրելով վարկեր և օգնություն, ապա 2014թ.-ին Պեկինն աշխուժանում է նույնիսկ Լատինական Ամերիկայում: Տնտեսական համագործակցության պայմանագրեր են ստորագրվում Վենեսուելայի, Բոլիվիայի, առաջիկայում` նաև Հոնդուրասի հետ: Ի դեպ, վերջինս ամերիկյան վարչակարգի ազդեցության ներքո է, և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել միայն 2007 թվականին: ԱՄՆ արբանյակի հետ նման պայմանագրի ստորագրումը մատնանշում է, որ Վաշինգտոնը լուրջ հարված ստացավ արդեն իսկ իր անմիջական արեալում:

Դարի նախագիծ կարելի է անվանել նաև Նիկարագուայում Պանամական ջրանցքի այլընտրանքի ստեղծումը: 2012 թվականին այդ երկրի խորհրդարանը հաստատեց նախագիծը և արդեն հաջորդ տարում 50 տարով կառուցման և շահագործման իրավունքը տրվեց հոնկոնգյան մի ընկերության: Կառուցվելու են նավթամուղ, օդանավակայան: Այդ որոշումը ոչ միայն տնտեսական է, այլ քաղաքական, քանի որ դրանով ոչ միայն շեշտում է, որ Նիկարագուան անկախ է ԱՄՆ-ից, այլ նաև մարտահրավեր է նետում նրան: Ռազմաքաղաքական «նրբությունը» այն է, որ նոր ջրանցքի անվտանգությունը պաշտպանելու են ոչ միայն տեղական, այլ նաև Չինաստանի և… Ռուսաստանի զինված ուժերը, ինչը մեծ հարված կլինի վաշինգտոնյան անվտանգության համակարգի համար:

Չինաստանի աշխուժացումը փորձում էին կասեցնել հարևանների հետ տարածքային վեճեր հրահրելով, մասնավորապես` Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ Հարավչինական ծովի ավազանում: Ավելին, փորձ արվեց չին-հնդկական բախում հրահրել Քաշմիրում: Ի պատասխան` Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը կայունացնում էին իրենց համագործակցությունը թե՛ ԲՌԻԿՍ-ում և թե՛ Շանհայի համագործակցության շրջանակներում:

Անտեսելով չին-հնդկական ներքին լարվածությունը՝ Պեկինն ու Դելին գնում են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով: Միաժամանակ, Չինաստանն ակտիվացնում է համագործակցությունը Հնդկաստանի տարածաշրջանային մրցակից Պակիստանի հետ: Բնական է, որ Պեկինի համար խիստ կարևոր է Աֆղանստանում իրավիճակի կայունանալը, առավել ևս, որ այն շատ մոտ է մահմեդականներով բնակեցված Սինձյան-Ույգուրական շրջանին: Դա հասկանում են նաև Չինաստանի մրցակիցներն ու հիմնական հակառակորդները՝ պարբերաբար ապակայունացնելով իրավիճակը չինական սահմանին:

Հակաիսլամիստական ռազմավարությունն ստիպում է Չինաստանին աշխուժություն ցուցաբերել Սիրիայի և Իրանի հարցում: Ռուսաստանի հետ համատեղ՝ ՉԺՀ-ն կասեցրեց ՆԱՏՕ-ի ինտերվենցիան (միջամտությունը) Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ, իսկ Իրանի դեմ պատժամիջոցների պարագայում մնաց եզակի երկիրը, որը իրանական նավթ ու գազ էր արտահանում՝ թեև իջեցված գներով:

Այնուամենայնիվ, Չինաստանի ռազմական և տնտեսական հզորացումը հանգեցրեց նրան, որ Ճապոնիան 1945 թվականից ի վեր առաջին անգամ հնարավորություն ստացավ պաշտպանական զորքեր ունենալու: Տարվա ընթացքում բավական լարված էր իրավիճակը նաև Կորեական թերակղզում, որը, փաստացի, կարող է մի օր դառնալ Չինաստանի «Աքիլեսյան գարշապարը»: Նման մտավախություններից դրդված՝ Պեկինը շարունակաբար ճնշում է գործադրում Պհենյանի վրա՝ հետ պահելով նրան արկածախնդրությունից:

Այսպիսով` ռուս-չինական համագործակցությունը նոր հորիզոններ է բացում՝ պայմանավորված արտաքին մարտահրավերներով:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


19/02/2015