Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՑՐՈՐԴԸ



Վաշտի հրամանատար, կապիտան Վարդան Հարությունյանը ներկայացնում է շարքային Գեւորգ Հովհաննիսյանին

-Արժանապատիվ զինվոր է,- ասում է ու որոշ դադարից հետո շարունակում,- հրամանները կատարում է արագ ու անթերի, իրեն դիտողություն անելու, կշտամբելու տեղ չի թողնում, ձգտում է անընդհատ զարգացնել իր կարողությունները, կրակայինից, շարայինից և մյուս առարկաներից բարձր գնահատականներ է ստանում, իսկ ՀՊՊ ժամերին հաճախ դասակի պարապմունքներն ինքն է անցկացնում…

Զինվորի հետ առանձնանում ենք: Ասում է, որ արտաշատցի է, սովորում է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի միջազգային հաղորդակցման ֆակուլտետում:

-Ֆրանսերեն, լեզվաբանություն և երկրագիտություն, սրանք են այն հիմնական առարկաները, որոնք ուսանել եմ եւ երկրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել բանակ:

-Զորամասում շա՞տ կան քեզ պես ուսումն ընդմիջած զինվորներ:

-Քիչ չեն, բոլոր դասակներում էլ կան, մանավանդ հրետանային դիվիզիոնում: Ղեկավարման դասակների մասնագետները տնտեսագիտական, ճարտարագիտական բուհերի ֆակուլտետների ուսանողներ են, սպաների պես հաշվարկներ են կատարում: Ես գնդացրորդ եմ, իմ զենքը Կալաշնիկովի ձեռքի գնդացիրն է:

-Կապիտանն ասաց, որ լավ ես կրակում:

-Գլխավոր ռազմական տեսչության ընդունած քննություն ժամանակ «լավ» գնահատականի եմ արժանացել, գնդացրով ավելի դժվար է գերազանց խոցելիություն ապահովել, իսկ սովորական ինքնաձիգով կարելի է նաև հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տալ: Չէ, մարտական հենակետում կրակել չի թույլատրվում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում…

-Ինչո՞ւ են զինվորները ձգտում դիրքեր բարձրանալ, մարտական հերթապահության մեջ ընդգրկվել, մի՞թե զորամասում ծառայությունն ավելի դժվար է:

-Հենակետերում հեշտ չէ, մանավանդ, որ մենք ունենք շատ բարձր ու բարդ հենակետեր: Իմ կարծիքով՝ այնտեղ ավելի հետաքրքիր է, զորանոցային ծառայությունը, ի վերջո, դառնում է միօրինակ, որից տղաները ձանձրանում են: Կա նաև արժանապատվության խնդիր: Պարզապես ամոթ է, որ զինվորը երկու տարի ծառայի մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ու դիրքերում չլինի: Դրա համար էլ մարդիկ՝ նույնիսկ մարտական հերթապահությունից ազատված ստորաբաժանումների զինվորները, ձգտում են առաջնագիծ բարձրանալու հնար գտնել, խնդրում են, որ իրենց տեղափոխեն այլ ստորաբաժանումներ: Ես անձամբ վեց հերթապահություն եմ կատարել, նախապատրաստվում եմ յոթերորդին:

-Կուզենայի՞ր, որ եղբայրդ բանակում չծառայեր:

-Ոչ մի դեպքում, լավ կլիներ, որ, թեկուզեւ կարճ ժամանակով, մեր աղջիկներն էլ ծառայեին: Այդ դեպքում կուզենայի, որ քույրս էլ ծառայեր:

Ն. ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ազգային բանակ


19/02/2015