Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔԵՐ, ՈՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՆ ՔԵՌՈՒՆ



1916թ. մարտից Օդեսայում սկսեց լույս տեսնել «Արմյանե ի վոյնա» ռուսերեն ամսագիրը, որի նպատակն էր հայ եւ ռուս ընթերցողներին տեղյակ պահել Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության, ընդհանրապես՝ այդ ընթացքում սրված Հայկական հարցի լուծման իրական վիճակի մասին։ Ամսագրին աշխատակցելու հրավեր են ստացել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Մ. Գորկին, Ի. Բունինը, Վ. Բրյուսովը, Ն. Մառը, Մ. Շահինյանը, Յու. Վեսելովսկին, Ալ. Շիրվանզադեն եւ շատ ուրիշներ։
Ցավոք, այսօր դժվար է ամբողջական պատկերացում կազմել ամսագրի գործունեության մասին լրակազմ հավաքածուի բացակայության պատճառով։ ՀՀ ազգային գրադարանում պահվում է ամսագրի ընդամենը երկու օրինակ, այն էլ՝ լուսանկարչական պատճենահանմամբ (էջերի 86 լուսանկար), ինչը դժվարություններ է ստեղծում ընթերցման համար։ Այնուամենայնիվ, թեկուզ այդ վիճակով ամսագիրն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Թերթենք 1916թ. 4-րդ համարը, որում ընդարձակ բաժին է նվիրված հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Քեռուն։ Այս տարի լրանում է մեծ հայրենասերի ծննդյան 150-ամյակը։

Քեռին՝ իսկական անուն-ազգանունը Արշակ Կյուֆարյան, ծնվել էր Էրզրումում 1861-ին։ Զբաղվում էր արհեստով՝ թամբագործ էր, սակայն թուրք իշխանավորների հալածանքները, որոնց ենթարկվում էին հայերը, ստիպեցին նրան թողնել իր գործը եւ զինված պայքարի ասպարեզ նետվել։ 1890-ին միացավ հայտնի ազատամարտիկ Սարգիս Կուկունյանի ջոկատին, որը նպատակ ուներ Կարսից մտնել Թուրքիա եւ ապստամբություն բարձրացնել, սակայն բռնվեց ռուս սահմանապահների կողմից եւ իր 25 ընկերների հետ աքսորվեց Սիբիր։ Ներմամբ ազատվեց 1895-ին եւ նորից զենք առավ ձեռքը։ Ջոկատ կազմած՝ մասնակցեց Սասունի կռիվներին, դարձավ Անդրանիկի անդավաճան զինակիցն ու թուրք ասկյարների սարսափը։
Նա այնտեղ էր, որտեղ ճնշվում էր հայը, եւ նրա անունը թնդում էր ողջ Արեւմտահայաստանում։ Խուսափելով հետապնդումներից, որոնց վերջը մահապատիժն էր, անցնում է Պարսկաստան եւ 1908-09թթ. զինվորագրվում այստեղ ծայր առած հեղափոխությանը՝ մարտնչելով Եփրեմ խանի (Եփրեմ Դավթյան) դրոշի ներքո։ Ինչպես հայտնի է՝ Եփրեմ խանը պարսկական հեղափոխության առաջնորդներից էր։
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը՝ Քեռին անցավ Կովկաս եւ, կամավորական ջոկատ կազմած, հայտնվեց ռուս-թուրքական ռազմաճակատի առաջին գծում, կռվեց Անդրանիկի ընդհանուր հրամանատարությամբ։ Նպատակը մեկն էր՝ օգտվել պատերազմական իրավիճակից եւ հասնել թուրքական լծից հայերի ազատագրմանը՝ Հայաստանի անկախության հռչակմանը։ Որպես անկախության զինվոր էլ հերոսաբար զոհվեց 1916թ. մայիսի 15-ին, Ռեւանդուզի մոտակայքում մղվող կռվի ժամանակ։
«Արմյանե ի վոյնա» ամսագիրն իր 4-րդ համարում ընդարձակ բաժին նվիրեց Քեռուն՝ որպես ընդհանուր վերնագիր դնելով Մ. Գորկու բանաստեղծության հայտնի տողը՝ «Քաջաց խենթության փառքն ենք մենք երգում»։ Բաժնում տեղ է գտել Յու. Վերլովսկու «Քեռու հիշատակին» բանաստեղծությունը, որը 16 տողանոց ռեքվիեմ է՝ գրված հերոսի մահվան գույժի տպավորության տակ։ Աջ կողմում Քեռու լուսանկարն է զինակիցների հետ, որին հետեւում է ամսագրի զինվորական թղթակցի հաղորդումը՝ «Քեռու մահվան մանրամասները» վերտառությամբ։ Նյութից երեւում է, որ թղթակիցն ինքը եղել է կռվի անմիջական մասնակիցը, որովհետեւ, խոսելով մայիսի 12-ի իրադարձությունների մասին, գրում է. «Հաջորդ օրը մենք (նկատի ունի ռուսական ուժերը եւ Քեռու կամավորական ջոկատը) կտրվեցինք զորախմբից եւ շրջապատվեցինք»։ Քեռին փորձում է դուրս գալ սեղմվող օղակից, թուրքերը մեծ կորուստներ են տալիս, եւ հենց այդ ընթացքում էլ Քեռին վիրավորվում է, ապա հանգչում իր մարտիկների ձեռքերի վրա։
«Քեռու մահվան կապակցությամբ» վերնագրով նյութը պատմում է, թե ինչպես զինակիցներն իրենց հերոս հրամանատարի աճյունը տանում են Թիֆլիս, Վանքի եկեղեցում հոգեհանգիստ կատարում եւ Քեռու մարմինը հողին հանձնում Խոջիվանքի գերեզմանոցում։ Թաղման հանդեսին մասնակցում են հազարավոր մարդիկ: «Արմյանե ի վոյնա» ամսագիրը բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստանում իր ընթերցողներից։
«Քեռին» ակնարկը, որը ներկայացնում է հերոսի անցած մարտական ուղին, ավարտվում է այսպիսի խոսքերով. «Անսպառ եռանդը եւ ջերմ սերը հարազատ ժողովրդի հանդեպ հասարակ «կաշեգործ Արշակին» դարձրին ազատության իրավունքի նշանավոր մարտիկ»։ Համանման խոսքեր ենք կարդում «Հերոսի գերեզմանին՝ պսակի փոխարեն» նյութում. «Քեռին քաջաբար մարտնչում էր իր հայրենիքի ազատության համար»։
Այս խոսքերն ուղեկցելու են Քեռուն նաեւ իր հետմահու կյանքում։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Պատմության էջերից


05/05/2011