Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ, ՈՐ ԴՈՒ ԱՊՐԵՍ



Ալևոր ծերունին թոռան հետ քայլում էր սառը, մռայլ գերեզմանոցով, որտեղ դեռ թարմ խունկի բույրը շարունակում էր պարուրել օդը, իսկ շիրմաքարերի վրայի նկարները այնպես էին սարքված, որ ինչ անկյունից էլ նայեիր, այնպիսի տպավորություն էր, որ ուղիղ քեզ են նայում:

Ծերունին մոտեցավ գերեզմաններից մեկին, խոր հարգանքով խոնարհվեց, գրպանից հանեց մի բուռ խունկ և դանդաղորեն շաղ տվեց դեռևս թարմ, ծխացող խնկամանի մեջ: Թոռը հետևեց նրա օրինակին, մի բուռ խունկ էլ ինքը լցրեց խնկամանը և զարմացած հայացքով շարունակեց նայել մերթ խոր մտածմունքների մեջ սուզված պապի մորուսին, մերթ շիրմաքարին:

-Պապի՛կ, նայիր՝ ինչ եմ գտել,- ծերունու միտքն ընդհատեց տղան՝ ցույց տալով շիրմաքարի մոտ խնամքով դասավորված փամփուշտները:

-Տղա՛ս, ձեռք մի՛ տուր, դրանցից ամեն մեկը մեծ խորհուրդ ունի, ամեն փամփուշտ, որ դրված է այստեղ, մի ամբողջ կյանք է խորհրդանշում:

-Ինչպե՞ս, պապի՛կ, չէ՞ որ սրանով կյանք են խլում, ո՞նց կարող է սա կյանք պարգևել:

Ծերունին շոյեց թոռան գլուխը.

-Շտապում ես, տղա՛ս: Համբերի՛ր, ժամանակը մոտ է, մի օր դու էլ դրանցով կյանքեր կփրկես, հազարավոր սրբություններ ու ընտանիքներ,- ծերունու ձայնը կտրուկ իջավ, մի կերպ զսպեց խոր հուզմունքը, իսկ աչքերից գլորվեց արտասուքը:

-Պապիկ, իսկ ու՞մ եմ ես փրկելու, ճանաչու՞մ ենք մենք իրար,- շարունակեց տղան:

-Այո՛, որդի՛ս, դու ժամանակին շատ լավ կիմանաս, թե ում ես պաշտպանելու, ում ես փրկելու, ամեն մի փամփուշտով քանի քեզ պես քաջ տղաների:

-Հիանալի է, իսկ նրա՞նք:

-Նրանք միգուցե չիմանան էլ, որ դու կաս, որդի՛ս, որ կապ ունես նրանց կյանքի ամեն մի վայրկյանի հետ, որ նրանց ամեն երջանիկ ակնթարթը դու ես պահում քո փամփուշտով, բայց դա կարևոր չէ…

Ծերունին կռացավ, վերցրեց մի հնամաշ, վառածի հետքերով փայտի կտոր, փորձեց կարդալ վրան փորագրածը, սակայն երկար ու ձիգ տարիները, որ խոր ակոսներ էին գցել ծերունու աչքերի տակ, չէին խնայել նաև աչքերը, խլելով տեսողությունը: Աչքեր, որոնք ժամանակին այնքան բան էին տեսել, աչքեր, որոնք հեռավոր տարածության վրա վայրկենական նշմարում էին թշնամու անգամ ամենաթեթև շարժը, իսկ ծերունու` արդեն դողացող ձեռքերը ժամանակին շատ հմուտ էին ու անվրեպ:

-Որդի՛ս, բարձրաձայն կարդա, ի՞նչ է գրված:

-«Կրտսեր սերժանտ ՍԱՐԳԻՍ ԱՐՄԵՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ավագ սերժանտ ԱՐԱՄ ՄԿՐՏՉԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, լեյտենանտ ԳՈՌ ԲԱԲԿԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ավագ լեյտենանտ ԶՈՐԻԿ ԺԻՐԱՅՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ…»:

-Իսկ ի՞նչ է անուններից առաջ գրվածը,- միամտորեն հարցրեց տղան:

-Կոչումներն են, տղա՛ս, զինվորական կոչումները, սակայն նրանք ունեն միևնույն ամենաբարձր կոչումը:

-Ո՞րն է այն:

-Հերոսը, որդի՛ս, նրանք բոլորը հերոսներ են, իրենց զինակից ընկերների հետ միասին, նրանք անմահ են, որդի՛ս:

-Իսկ ու՞ր են նրանք հիմա:

-Քո աչքերում, քո բաբախող սրտում, քո երակներում հոսող արյան մեջ, որդի՛ս, ամեն հայի սրտում, ամեն հայ օջախում, զավա՛կս, ամեն նորածնի բարուրում ու մանկան ծիծաղի ու աչքերի մեջ, որոնք դեռ չեն բացվել, սակայն դեռ տեսնում են նրանց` հերոսներին… Նրանք ընկան, որ ԴՈՒ ԱՊՐԵՍ…

Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ
«Օմարի արծիվ» թերթի պատասխանատու,
խմբագիր

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/02/2015