ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ
1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն
Շուրջ քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։
Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խոջալու ավանում։
Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։ Ղարաբաղի հայության գոյատևման ելքը դրանց վերացումն էր:
Հիմնականում մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին մինչև ատամները զինված օմօնականների կենտրոնատեղիի՝ նախօրոք դուրս բերելով խաղաղ բնակչությանը։ Պաշարված հայ բնակչության գոյատևման միակ հույսն ու միջոցը Հայաստանի հետ օդային կապն էր: Օգտվելով քաղաքի բարենպաստ ռազմավարական դիրքից ու Ստեփանակերտին մոտ լինելուց` ադրբեջանցիներն այստեղից օրական մի քանի հազար արկ էին նետում Արցախի մայրաքաղաքի վրա` պատճառելով ավերածություններ ու մահ խաղաղ բնակչության շրջանում։
Խոջալուի կրակակետերի վերացումը ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992թ.-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհն սկսելը հայերը, գործելով Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին հեռանալ քաղաքից՝ անիմաստ զոհեր չտալու համար։ Այս և Խոջալուի դեպքերին վերաբերող այլ ճշմարտություններ հրապարակելու համար ցայսօր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիկ Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005թ. տպագրած «Ղարաբաղյան օրագիր» նյութում գրում էր. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, առաջարկում քաղաքացիական բնակչությանը լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Խոջալվեցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել»:
«…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Այնինչ, Կարկառ գետից այն կողմ տեղանքը հաղթահարելով՝ փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց Նախիջևանիկի կողմը: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե իրենց, այսպես ասած, հայրենակիցների ազատագրմանն էին ձգտում, այլ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները` անտեսելով մի կերպ Աղդամ հասած Խոջալուի բնակիչներին, հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասունները: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:
1992 թվականի սկզբներին Խոջալուի եւ Աղդամի գրոհայիններն ունեին առասպելական` ավելի քան 35000 միավոր գնդացիր ու ավտոմատ: Միաժամանակ, այդ օրերին ԱԺՃ-ականները հարձակվեցին Աղդամի մոտ գտնվող նախկին խորհրդային բանակի ռազմամթերքի օկրուգային պահեստի վրա և զավթեցին 728 վագոն հրետանային, 245 վագոն ռեակտիվ արկեր, 131 վագոն հրաձգային ռազմամթերք: Մինչդեռ Խոջալուում կար 2 «Գրադ» 4 «Ալազան» կայանք, 1 հատ 100 մմ-ոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա: 1992թ.-ի փետրվարի կեսերին ԱՊՀ երկրների` Մինսկում կայանալիք գագաթաժողովից առաջ հայերի առաջիկա գրոհի մասին տեղեկացված նախագահ Մութալիբովը հրամայեց Աղդամի շրջան տեղափոխել ռազմական տեխնիկայի ամբողջ զինանոցը: Այսպիսով` Աղդամում եղած 44 միավոր զրահատեխնիկային՝ հանդերձավորված 12 մմ-ոց գնդացիրներով, ավելացավ 11 տանկ ու 12 ՀՄՄ-2 (հետեւակի մարտական մեքենա):
Զինված խմբավորումներն Աղդամում վերահսկում էին ԱԺՃ-ականները, որոնք պատասխանատու էին խոջալվեցիներին օգնելու եւ շրջափակումը ճեղքելու համար: Ռուս գրող, հրապարակախոս Կ. Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլեւ սպառնալ նույնիսկ Ստեփանակերտին:
«Ռեալնի Ազերբայջան» թերթի հարցերին պատասխանում է 1992թ.-ի մարտից 1993թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը: Հարց. «Ինչո՞ւ Աղդամում տեղակայված ուժերը ժամանակին օգնություն չցուցաբերեցին Խոջալուին»: Պատասխան. «Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կար Տ-72 տիպի 12 տանկ, 12 միավոր ՀՄՄ-2, 4 հատ «Գրադ» կայանք, 44 զրահատեխնիկա, 40 հրանոթ եւ 2500 զինվոր: Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ»: Լրագրողի՝ «Ինչո՞ւ» հարցին Ղազիևը պատասխանել է. «Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Իսկ մենք լավ նշանառու ունեինք` ռուս զինվոր Ինչիպիրենկոն: Նա կարող էր «Գրադից» խոցել ցանկացած թիրախ: Պատկերացնո՞ւմ եք: Հետո պարզվեց, որ «Գրադն» անհետացել է: Չկարողացան գտնել…(ընդգծումն իմն է՝ Ա.Ա.):
Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ հայտնված ռազմամթերքը լիովին կբավարարեր մեկ տարի շարունակ լարված նպատակային մարտական գործողություններ իրականացնելու համար:
1990-ականների սկզբին Ադրբեջանում առանձնանում էին երկու քաղաքական ուժեր. ռուսամետ նախկին կոմունիստները` նախագահ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը (հիմնադիրներ` Աբուլֆազ Էլչիբեյ, Իսա Ղամբար եւ ուրիշներ), որն ուներ ընդգծված հակառուսական, թուրքամետ դիրքորոշում: Ղարաբաղյան պատերազմը ամբողջությամբ և առանձին ռազմագործողությունները հենց սկզբից Ադրբեջանում դարձան քաղաքական շահարկումների առարկա: ԱԺՃ-ականները առիթը բաց չէին թողնում ադրբեջանցի զինյալների հերթական պարտությունից հետո քննադատության հեղեղ թափել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի` Մութալիբովի վրա, որն էլ ի պաշտոնե պատասխանատու էր իր ժողովրդի անվտանգության համար: Նման կերպով ընդդիմադիրները շահում էին ավելի ու ավելի մեծ ժողովրդական զանգվածների համակրանքն ու, փաստորեն, աստիճանաբար մոտենում իշխանական գահին: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ փաստում են, որ ԱԺՃ-ականները չեն խորշել դիմելու այնպիսի քայլերի, որոնք կարելի է բնութագրել «Նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի ասույթով:
Իրականում ի՞նչ է եղել Խոջալուում: Նախ՝ լսենք Ադրբեջանի այդ օրերի նախագահ Այազ Մութալիբովին. «Ինչպես պատմում էին փրկված խոջալվեցիները, այդ արյունալի դեպքերը հրահրված էին իմ ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին։ Այսինքն` Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք նպատակամղված զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջալու բնակավայրի բնակիչների մարմինների պղծմամբ, որպեսզի հետագայում այդ սահմռկեցուցիչ նկարներն իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով»:
Փաստորեն, ըստ ադրբեջանական քիչ թե շատ ճշմարտացի լրատվամիջոցների, Աղդամում տեղակայված ընդդիմադիր ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին ու տեղի նահանջող զինվորական խմբավորումներին` ուղարկելով նրանց այդ ժամանակ դեռևս իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամի փոխարեն իբրև թե արդեն ազատագրված հայկական Նախիջևանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհեր, խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները։ Այս տարածքն ընկած է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993 թվականի հուլիսի վերջերը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների ներկայությունն այդ տարածքում անհնար էր։ Անկախ աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող իրենց զինվորներին ու Խոջալուի բնակիչներին կա՛մ շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել տեղատարափ կրակի տակ, կա՛մ էլ, որն ավելի հավանական է, միտումնավոր, հատուկ հանձնարարականով ոչնչացրել են, որպեսզի հետո ժողճակատայինները դիակներն ազատորեն «հարմարեցնեն» իրենց քաղաքական նպատակներին։
Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` Ժողճակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում էլ հայր և որդի Ալիևները, այդկերպ փորձում էին, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ բռնել՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար, նախ, ժողովրդի թշնամի հայտարարեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին և հետո` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ապահովելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին՝ թե, իբր, նրանք էլ Խոջալուում սպանդ են սարքել։ Նման կեղծիքն ապացուցելու համար ադրբեջանցիները չեն խորշել աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած վայրագ սպանությունների լուսանկարներ հավաքելուց, մոնտաժել-կցել-կցմցելուց, ապա եւ իրենց նպատակներին ծառայեցնելու համար տարբեր լեզուներով աշխարհով մեկ տարածելուց` հայերին մեղադրելով ցեղասպանության համար։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր իրենց եղբայր թուրքերն են վարվում բռնազավթված հայկական տարածքներում հայտնաբերված զանգվածային թաղումների փաստի հետ` հայտարարելով, թե դրանք հայերի ձեռքով սպանված թուրքերի մարմիններն են, հայերը Թուրքիայում ցեղասպանություն են իրականացրել։
Ահա թե ինչ է գրում Ադրբեջանում հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը «Մոնիտորում» տպագրված հոդվածներից մեկում.
«Այսօր Ադրբեջանում նշում են որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են՝ մեռյալների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է՝ պահենք ավանդույթն ու լռենք, թեպետ լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց լռենք։ Լռենք նրա «երկակի» ծննդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողացրեց ճողոպրել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում էին ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կազմակերպած Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին (ընդգծումն իմն է-Ա.Ա.)։ Մի խոսքով, մենք կլռենք… Կլռենք, քանի որ նա մահացած է, իսկ մեռյալների մասին, ինչպես արդեն ասացինք, կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»։
Երկար բացակայությունից հետո 2014 թվականին Բաքու ժամանած Այազ Մութալիբովը մամուլի ասուլիսում կրկնել ու հաստատել է 1992թ.-ին «Նեզավիսիմայա գազետային» իր ասածն ու ավելացրել. «Ինչպես ասում են այն խոջալվեցիները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ և գործիմացությամբ էին վարվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ ֆաշիստական գործողություններ, որպեսզի ադրբեջանցիների ձեռքում նման փաստ լինի… Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել են։ Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային (ադրբեջանական. – Ա.Ա..), որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց»:
Ադրբեջանցիների հորինած «Խոջալուի ցեղասպանության» առասպելի կարևոր դրվագներից մեկն էլ տուժածների մասին տվյալներն են: Ադրբեջանցիներն այնքան անհաջող էին մոգոնել այդ մեծ սուտը, որ ոչ միայն իրենց հայրենակիցները մինչ օրս չեն հավատում դրան, այլև մինչև հիմա չպարզված է մնում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների ու գերիների ստույգ թիվը: Հենց սկզբից ադրբեջանական իշխանություններն ու լրատվամիջոցներն սկսեցին մեկը մյուսին հրմշտել ու հակասել իրար` կարծես մրցելով, թե ով ավելի մեծ ու ուռճացված թվեր կներկայացնի համաշխարհային հանրությանը…
Մի բան անվիճելի է. Խոջալուի անմեղ զոհերի մեղավորները Ադրբեջանի նախագահի բաղձալի աթոռին նստողներն ու նրանց կամակատարներն են:
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից