ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ
ԴԱՎԻԹ ՏՌՈՒԶՅԱՆ
Հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր
Ծառայում եմ մեր երկրի հարավային սահմանը պահպանող զորամասերից մեկում, որի հրամանատարը գնդապետ Ս. Պողոսյանն է: 2014 թվականին մեր ստորաբաժանումը ներքին ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, իր առջեւ դրված մարտական առաջադրանքը ճշգրտորեն եւ սահմանված ժամկետում կատարելու, ինչպես նաեւ զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար ճանաչվեց լավագույնը զորամիավորման կազմում: Ի դեպ, չորս տարի շարունակ մեր հրետանային դիվիզիոնը լավագույններից մեկն է զորամասում:
Հրետանային դիվիզիոնը առաջնային և կարևոր խոցման միջոց է, որը գնդի հրամանատարի անմիջական ենթակայության տակ է: Մեր առջև դրված են հետևյալ խնդիրները` խոցել հակառակորդի կարևորագույն օբյեկտները, թույլ չտալ, կանխել հակառակորդի առաջխաղացումն ու բացազատումը:
Խստապահանջ ծառայության շնորհիվ զինվորական կարգապահության և միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում թեև հասել ենք բարձր արդյունքների, սակայն այդ էլ մեր հնարավորությունների սահմանը չէ: Լավ անձնակազմ ունենք, հաշտ ու համերաշխ, որտեղ բոլորը ծառայում են «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքով:
Դիվիզիոնի կազմում որպես լավագույնի դժվարանում եմ առանձնացնել որևէ ստորաբաժանում, սակայն, ինչպես ասում են, լավագույնների մեջ էլ լավագույնը կա. երկրորդ տարին անընդմեջ այդ պատվին արժանանում է մեր երկրորդ մարտկոցը և երկրորդ անգամ «Լավագույն մարտկոց» անվանակարգում պարգևատրվում պաշտպանության նախարարի կողմից:
Յուրաքանչյուր ոք զինվորական դառնալու իր պատմությունն ունի, ես էլ իմ: Անկեղծ ասած՝ ես իմ կյանքի ուղին չեմ էլ պատկերացրել այլ բնագավառում: Ասեմ` ինչու: Հայրական պապիս հայրը Զորավար Անդրանիկի զինվորներից է եղել, հորական պապս` Հարությունը, մասնակցել է ֆիննական և Մեծ Հայրենական պատերազմներին, եղել է մարտկոցի հրամանատար` մայոր զինվորական կոչումով: Ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ ես էլ հորական պապիս զինվորական մասնագիտությունն ընտրեցի: Պապս մի ձեռքը կորցրել էր պատերազմի ժամանակ և 1944թ.-ին զորացրվել: Տատս ասում էր, որ երկու դժոխքների (պատերազմները նկատի ուներ) միջով անցած, այդքան բան տեսած պապիս բերանից աքցանով խոսք չէիր քաշի: Անչափ կարգապահ մարդ է եղել պապս: Ինչ գործ որ ձեռնարկել է, կատարել է չտեսնված ջանասիրությամբ:
Հորեղբայրս` Ալեքսանդր Տռուզյանը, 35 տարի ծառայել է ռուսական բանակում, որից միայն 20-ը պաշտոնավարել է Վորոնեժի Ավիացիոն ինստիտուտում, եղել ինստիտուտի պետի տեղակալ: Հորեղբորս որդին` Գրիգորը, օդուժի սպա է՝ մայոր, և այսօր էլ ծառայում է ՌԴ-ում: Ավագ եղբայրս` Ռոմանը, նույնպես զինվորական է: Երբ նա 1998 թվականին ընդունվեց Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ, մեր ընտանիքը ՌԴ-ից վերադարձավ հայրենիք և բնակություն հաստատեց Բյուրեղավանում: Եղբայրս ավարտեց, ես ընդունվեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բարձր առաջադիմությամբ ավարտեցի, ծառայեցի տարբեր զորամասերում: Աչքս բացել եմ, թե չէ, չորս կողմս զինվորական եմ տեսել, զինվորական խոսք ու զրույց լսել: Մեր տան ամեն ինչը զինվորականությամբ էր շնչում: Մի ընտանքում, որի արական սեռի ներկայացուցիչների մի քանի սերունդ զինվորականներ են եղել, ես ուղղակի չէի կարող ուրիշ մասնագիտություն ընտրել… Բայց նաև սիրել եմ զինվորականի մասնագիտությունը: Ես էլ, եղբայրս էլ մեր հոգեկերտվածքով զինվորականներ ենք:
Եվ ես՝ որպես հրետանային դիվիզիոնի հրամանատար, հրաշալի եմ պատկերացնում իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանման դերը ԶՈՒ մարտունակության բարձրացման ու կայացման գործում:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ազգային բանակ