Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»



Այս զորամասը վերջերս հանրության ուշադրության կենտրոնում էր հատկապես ամառվա դիվերսիոն ներխուժման համատեքստում: Զորամասում, հակառակորդին դիմագրավելուն զուգահեռ, ամենօրյա ու սկզբունքային աշխատանքներ են տարվում անձնակազմի բարոյահոգեբանական, կարգապահական, միջանձնային հարաբերությունների խնդիրների ուղղությամբ: Խնդիրներ, որոնք զորամասը դարձնում են ավելի մարտունակ, զինվորի ու սպայի օրն ավելի հագեցած: Արձանագրված հաջողությունների մասին զրուցեցինք գնդապետ Ա. Մախսուդյանի հետ, որը զորամասի հրամանատար է նշանակվել վերջերս:

-Եթե հետադարձ հայացք ենք գցում անցած երկու տարվան, ապա վստահաբար կարող ենք ասել, որ դրական փոփոխություններ են արձանագրվել թե՛ զինվորական կարգապահության, թե՛ միջանձնային փոխհարաբերությունների, թե՛ մարտական պատրաստականության ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում: Պաշտպանության գոտին ամբողջությամբ լրակահավորվել է ինժեներական առումով, հենակետերում երկու ճաշարան ենք կառուցել, դիտակետ-կրակակետեր:

Իրոք, նախորդ տարիներին զինավանում շահագործման է հանձնվել հանգստի գոտին` համակարգչային կենտրոնով, լողավազաններով, բիլիարդի եւ թենիսի խաղասեղաններով: Այստեղ սպայական կազմը կարող է կազմակերպել իրենց ընտանիքների հանգիստը: Զորամասի տարածքում շահագործման են հանձնվել գումարտակների նոր շտաբ-զորանոցները, ասֆալտապատվել են շարահրապարակները: Իսկ այս տարի ավարտվելու է մյուս զինավանի ճաշարանի շինարարությունը: «Այս ամենը մեր պետությունն անում է, որպեսզի մեր սպաների եւ զինվորների համար ծառայությունն ավելի բարեկեցիկ պայմաններում կազմակերպենք: Երկրի սահման պահող զինվորը լավագույնին է արժանի»,- ասում է գնդապետ Ա. Մախսուդյանը:

Այն հարցին, թե սահմանային լարվածությունը, դիվերսիոն ներխուժման փորձերը ինչպե՞ս են ազդում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա, հրամանատարը պատասխանում է. «Մեր տղերքը վախեցող չեն: Մեր զինծառայողներն իրենց հերոսաբար դրսեւորեցին: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր մակարդակի վրա է»:

Անկախ հակառակորդի ստեղծած լարվածությունից, զորամասում հավուր պատշաճի կազմակերպվում եւ ընթանում են ուսումնական փուլերը, նախորդ տարի ամբողջ կազմով անցկացվել է մեծամասշտաբ զորավարժություն: «Մեր կրակային խոցումը լավ էր, եւ ընդհանուր առմամբ զորավարժությունը գնահատվեց բավարար»,- նշում է հրամանատարը:

Գնդապետ Ա. Մախսուդյանը ցանկացած հարցի պատասխանելիս չի մոռանում դրվատանքի արժանացնել ժամկետային զինծառայողներին՝ նրանց քաջությունն ու պատրաստականությունը. «Մենք հզոր ենք մեր զինվորներով: Մեր զորամասի առջեւ դրված հիմնական խնդիրը պետական սահմաններն անառիկ պահելն ու հայրենիքի պաշտպանությունն է, որը մեր տղերքը կատարում են պատվով: Հակառակորդն արդեն հասկացել է, որ չի կարող հաջողության հասնել»:

Արման ՂԱՐԻԲՅԱՆ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/02/2015