Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐ



Սեփական զինված ուժերի մարտական ցուցանիշները բարելավելու նպատակով Ռուսաստանը թողարկում է մի շարք ինովացիոն ավտոմատացված մեքենաներ: ՌԴ ՊՆ տվյալներով, արդեն 2017-2018 թթ. ռոբոտները կսկսեն հայտնվել բանակում, իսկ մինչեւ 2025 թ. ՌԴ ԶՈՒ բոլոր ռազմական տեխնոլոգիաներից մոտ 30 անուն բաղկացած կլինի ռոբոտացված սարքավորումներից:

ՊԼԱՏՖՈՐՄ-Մ

Նորագույն ռոբոտացված մարտական համակարգ է, որն ստեղծված է առանց հակառակորդի հետ շփման մարտ վարելու համար: Այն կարող է հետախուզական եւ պարեկության աշխատանքներ կատարել, պաշտպանել կարեւոր օբյեկտներ: Այս ռոբոտը համալրված է նռնականետով եւ հրանոթով:

Վոլկ-2

Նախորդ համակարգի նման է, սակայն ավելի ուժեղ ու ծանր (մոտ 1տ): Ունի Կալաշնիկովի հրանոթ եւ խոշոր տրամաչափի «Ուտյոս» եւ «Կորդ» հրանոթներ: Կարող է կրակել` շարժվելով 22 մղոն/ժ արագությամբ ցանկացած եղանակի եւ ցանկացած ժամի: Ունի գիշերային տեսանելիության սարք, լազերային հեռաչափ եւ հիրոսկոպային կայունարար: Նախատեսվում է օգտագործել ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Տոպոլ-Մ» եւ «Յարս» հրթիռային համալիրները պաշտպանելու համար:

Ուրան-6

Ականազերծման բազմանշանակ համալիր է, հեռակառավարվող, որը կարող է 20 սակրավորի գործ անել: Մեքենան շարժվում է վտանգավոր տարածքով, ականներ ու չպայթած զինամթերք փնտրում եւ չեզոքացնում` օպերատորի հրամանով:

Ստրելոկ

Թրթուրավոր հենքի վրա ամրացված թնդանոթ է: Իր փոքր չափի եւ թեթեւության (500 կգ) շնորհիվ կարող է օգտագործվել քաղաքային խիտ կառույցների պայմաններում: Ռոբոտը կարող է բարձրանալ աստիճաններով, անփոխարինելի է փողոցային մարտերի կամ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ռազմական


19/02/2015