ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
ՀԱՐՎԱԾՆԵՐ, ԳՑՈՒՄՆԵՐ, ՀՆԱՐՔՆԵՐ
Արդյունավետ կատարված գցող հնարքը հնարավորություն է տալիս կատարել վերջնական, հաղթական հնարք՝ հարված մահացու կետերին, գիտակցությունը մթագնեցնող կետերին, խեղդող հնարք, հոդերի վրա ներազդող հնարք:
Առավել արդյունավետ են այն հնարքները (գցումները), որոնք կատարվում են հակառակորդին հատակից բարձրացնելով: Որքան մեծ է գցումի (նետման) բարձրությունը (ամպլիտուդան), այնքան արդյունավետ է հնարքը:
Հետախույզի համար ավելի կարևոր են ագրեսիվ, նախահարձակ հնարքները` հիմնականում թիկունքից հարձակվելով:
Ժամապահին վնասազերծելու համար ճիշտ է թիկունքից անաղմուկ մոտենալը: Մեջքի կողմից գրկելով, կարելի է կատարել նետում դեպի ետ (սուպլեկս), գցելով գլխի վրա:
Թիկունքից աննկատելի մոտենալով, կարելի է արագորեն ձեռքի ափերով սեղմել հառակորդի գլուխը (առավել վնասելու համար՝ մատները մխրճել նրա աչքերի մեջ), կտրուկ ձգել դեպի ետ ու ներքեւ: Արդյունքում (հատակին ընկնելու հետևանքով) հակառակորդը կարող է ստանալ պարանոցի կամ ողնաշարի վնասվածք, ուղեղի ցնցում:
Արդյունավետ է թիկունքից մոտենալով, ձեռքերով բռնել ժամապահի ծնկահոդերից ներքև և ուսով ուժգնորեն հրել առաջ: Հակառակորդին շանս չտալու համար անհրաժեշտ է առանց ոտքերը բաց թողնելու, ոտնաթաթի երեսով հարվածել նրա աճուկներին ընկնելու պահին(Նկար 50): Հետագա գործողությունները կախված են նպատակից՝ գերել կամ սպանել: Ֆիզիկապես ուժեղ հետախույզը կարող է ցատկով նստել հակառակորդի մեջքին, մի ձեռքի մատները մխրճել նրա աչքերի մեջ, մյուսով՝ բռնել ծնոտից և կտրուկ ու ուժով ձգելով դեպի ետ, կոտրել նրա ողնաշարը պարանոցի կամ ավելի ցածր մակարդակում: Կարող է ուղղակի պարանոցը ոլորելով սպանել: Դրա համար մի ձեռքով բռնում են ծնոտից, մյուսով՝ ծոծրակից և կտրուկ ձգում ձեռքերը հակադարձ ուղղություններով: Այս դիրքում հարմար է նաև խեղդող հնարք կատարելը՝ օձիքով կամ նախաբազուկներով: Հակառակորդի դիմադրելու հնարավորությունը փոքրացնելու համար կարելի է ոտքերով փաթաթվել նրա մեջքին, գլորվելով դեպի կողք, պառկել մեջքի կամ կողքի վրա, ոտնաթաթերը խաչել և ծնկներով սեղմել հակառակորդի կրծքավանդակը (Նկար 42):
Թիկունքից հարձակվելով կարելի է նախաբազուկով սեղմել կոկորդը, մյուս ձեռքով սեղմել ծոծրակը և կատարել խեղդում: Որպեսզի հակառակորդը դժվարանա դիմադրել, անհրաժեշտ է ոտնաթաթի եզրով հարվածել նրա այն ծնկահոդին ետևի կողմից, որի վրա հենված է և ծալելով ծունկը ու սեղմելով դեպի ներքև, իսկ ձեռքերով սեղմելով կոկորդին ու ձգելով դեպի վեր՝ կատարել խեղդում: (Նկար. 55)
Դիմացից հարձակվելով, ձեռքերով բռնել ծնկահոդերից և ուսով հարվածելով գոտկատեղին կամ արևահյուսակին, գցել մեջքի վրա: Որպես շարունակություն կարելի է մի ոտքը սեղմել թևատակում, կրնկով հարվածելով նրա աճուկներին, թուլացնել դիմադրությունը: Ծնկով հարվածելով հակառակորդի ծնկահոդին և ցավոտ ճզմելով ոտնաթաթը, շրջել նրան փորի վրա և կատարել ոտնաթաթի հոդախախտում: (Նկար. 51)
Դիմացից հարձակվելով, գրկել հակառակորդին գոտկատեղից, բարձրացնել նրան ուսի վրա (նույնը կարելի է ծնկահոդերից բռնելով) և նետել դեպի առաջ՝ մեջքի վրա կամ դեպի ետ` գլխի վրա:
Խեղդող հնարքը ավելի հարմար է թիկունքից կատարել, քանի որ դիմացից կատարելիս հակառակորդը կարող է դիմադրել ձեռքերով և ոտքերով: Հակառակորդի կոկորդին սեղմելով՝ արգելակում են շնչառությունը, իսկ օձիքով կամ պարանով խեղդելիս՝ սեղմվում է նաև ուղեղը սնուցող զարկերակը: Արդյունքում՝ հակառակորդը 20-30 վրկ հետո կորցնում է գիտակցությունը:
Հակառակորդի շան հետ մենամարտելիս հետախույզը կարող է նրա երախը որևէ շոր կամ հարմար իր խցկել և խեղդել շնչափողի սեղմումով կամ ոտքերով իրանը գրկելով ու կողերին սեղմելով (Նկար 62,63)։
Գ.ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
«Ձեռնամարտի ձեռնարկ» գրքից