Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Մայոր Գնել Շահնազարյանի «Սրի ու Խաչի զորությամբ» գործը՝ նվիրված Հայոց մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին, հատված է հեղինակի «Գիրք սրի և սիրո» ժողովածուից: Ինչպես այս, այնպես էլ անտիպ մյուս ժողովածուներում («Հայոց մայրեր», «Հայոց այրեր», «Լույսի ճանապարհ, Արցախ», «Մատյան հիշատակաց», «Աղոթք», «Մեր հին երկինքը») հեղինակը հավաքել, գրի է առել դարավերջի մեր ազատամարտի հերոսական պատումներ, որտեղ չկա ողբ ու կական, լաց ու շիվան, այլ կա հերոսականություն, ազգային արժանապատվություն, որը մեզ պարգևեցին մեր ազատամարտիկներն ու նրանց փոխարինած հայ զինվորները: Այդ պատմությունները իրական են, ճշմարտացի և հարյուրամյա Հայոց Մեծ եղեռնի տարելիցին թող խաղաղություն, հանգստություն բերեն հայոց 1,5 մլն նահատակների անհանգրվան հոգիներին, իսկ ապրողներս ի վերջո ազատագրվենք զոհի բարդույթի հոգեբանությունից: Եվ դարավերջի հայոց դյուցազունների հերոսական պայքարից հետո ամեն մի հայի հոգուց պիտի որոտան Խ. Աբովյանի այս խոսքերը. «Էդ ու՞մ վրա եք ձեռք բարձրացնում, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Երկիր իմ հայրենի, երկիր դրախտավայր, քեզ զգալու, քեզ ճանաչելու համար ամեն մի հայ պետք է քայլի, մտովի անցնի այն ճանապարհը, որտեղով անցել է զորավար Անդրանիկը։ Անցել է տառապանք ու ցավով, մորմոք-կսկիծով, հաղթանակով ու վեհությամբ, անցել է հպարտությամբ։ Եթե կարող ես՝ Դու էլ անցիր այդ ճանապարհը հպարտորեն, որովհետեւ աշխարհում մեն ու մենակ այս դեպքում է հպարտություն բառը դուրս գալիս անձնական զսպաշապիկից ու ձուլվում քո երկրին, ժողովրդին, վեհորեն բարձրանում է վեր՝ կախվում հայոց բնակավայրերին ու թեկուզ դատարկված, հայաթափ՝ տեսնում է բնակավայրերի անցածն ու գալիքը՝ տեսնում, լսում է հայոց բարբառներով ակաղձուն։ Անցիր այդ ճանապարհը, որովհետեւ ազգի գողգոթան, եղեռնը տեսած հայոց Զորավարը՝ այդ ճանապարհն անցավ հպարտությամբ քայլեց իր սովալլուկ ժողովրդի՝ մոր ու մանկան, ծեր ու մամիկի կողքին, տեսավ լլկանք, մահ, ավեր, 30 տարի անվեհեր իր մի բուռ քաջորդիներով պայքարեց-կռվեց թշնամու դեմ ու ոչ մի անգամ չպարտվեց։ Անքուն գիշերներ անցկացրեց եւ ամեն առավոտ սիրով ճառագող հայացքով երեւաց իր տառապյալ, քաղցած, մահվան շեմին կանգնած ժողովրդին։ Եվ տեսնելով հպարտորեն իրեն բարի լույս ավետող Զորավարին՝ Սերը, Հավատը, Հույսը ճառագում էր անօթեւան, տառապյալ գաղթականների դեմքերին։

Զորավար, հայոց Զորավար, ներիր, քանզի քո ժողովուրդն էլ գիտեր, որ գիշերն ամբողջ քեզ տառապանք է եղել, մղձավանջ, անձայն արցունքների հեղեղ։ Ողջ գիշեր պիտի նստեիր վիրավորներով լեցուն սենյակի մի մութ անկյունում, լսեիր հառաչանք ու մահվան ճիչ, իսկ առավոտյան հպարտ ու վեհանձն բարի լույս ավետեիր քո ժողովրդին ու զինվորներին։ Զորավար, գիշերային մղձավանջից հետո առավոտյան քո այդ հպարտությունը՝ աշխարհում ներելի միակ հպարտություն, որը ո՛չ շահի, ո՛չ հարստության ու փառքի համար է, այլ Սեր է՝ անափ, անչափ, անկշիռ Սեր, որը փորձում է փրկել մահվան եզրին կանգնածին… Որովհետեւ այդ սահմանագծին կանգնածներին ո՞նց սփոփես, ո՞նց մխիթարես, երբ կորցրել է օջախ, տուն, զավակ, աճյուն, սուրբ մասունք։ Եվ քո հպարտությունը, Զորավար, սիրո այդ գինն ուներ, հոգումդ փոթորիկ՝ մահվան ճիչ, մանուկ ու ծեր, ավեր հայրենիք ու այդ գողգոթայից մազապուրծ գաղթականներ՝ անոթի, անտեր, անհույս։ Եվ ամեն գիշեր քո տառապանքից հետո առավոտի հետ խստադեմ ու հպարտ քո ներկայությունն ասում էր. «Դու պետք է ապրես, իմ ժողովուրդ»։

Հայոց Զորավար, Հայոց լեռների անպարտ արծիվ, հայ արգանդից ծնված միակ հայ, ում Աստված պաշտպանեց Նեռից ու… մերձավորից։ Միակը, որն իր մահվամբ անգամ չփորձեց մեղք բարդել իր արյունակիցների շլինքին։ Միակը՝ տխուր, վեհանձն, ասպետ, շինական, զինվոր, զորական, մշակ, ռանչպար։ Միակը, որ երեսուն տարի պայքարեց իր ազգի ստրկության լուծը թոթափելու ու փոխարենը ոչինչ չպահանջեց։ Ուզում էր իր մահից հետո նույնպես օգտակար լինել իր ժողովրդին. «Կթաղեք ինձ Առաքելոց վանքում եւ եթե կուզեք հիշատակիս համար մի բան անել՝ դպրոց հիմնեք վանքում, որ լուսավորվեն հայ մանուկները»։

Քանի՜-քանի առատ ու ճոխ սեղաններից հրաժարվեցիր, քաղցած դուրս եկար ու քայլեցիր քո հետքից եկող, քո փեշից բռնած, սոված ու վշտոտ գաղթականների մոտ, որոնք խոտ էին արածում, որոնք քաղցած էին, հասել էին մարդկայինը կորցնելու եզրագծին ու քեզ տեսնելիս էն ոնց էին բոցավառվում նրանց մարող հայացքները։ Գիտե՞ս ինչու, Զորավար, որովհետեւ այնպես վեհ ու հպարտ էիր նայում քո ժողովրդին, քո վիրավոր, հուսահատ ժողովրդին, որ այն սպեղանի էր դառնում եւ մահվան շեմից հետ էր բերում, որովհետեւ հավատում էր քեզ, քո զորությանը, գիտեր, որ իր նման քաղցած ես, դեռ ավելին՝ «փախել» ես ճոխ սեղաններից ու իրենց նման մարմնական քաղց ունես եւ առատ հոգու հպարտություն, որից եւ սնվում էր քո ժողովուրդը…

Եվ մահից փրկված գաղթականների հետ, Զորավար, Հայաստան աշխարհով մեկ գրում էիր հայոց մի նոր պատմություն, գրում էիր դյուցազնական ոգով, որովհետեւ դաժան էին ժամանակները եւ վախ կար, որ կտրվեր կապը Պատմահոր հայոց պատմությունից։ Եվ քեզ որքան բնորոշ են ոսկեդարի մեր մյուս պատմիչ Բուզանդի խոսքերը. «Քաջությունը խելք է ու բարոյական վեհություն…», երբեւէ մտածե՞լ ենք այդ վեհության մասին: Եվ անցնում էիր գաղթականների հետ Հայաստան աշխարհով, եւ եթե հարմարվում, հատ-հատ ընտանիքներ ժամանակավորապես բնավորվում էին հայոց մի անկյունում ու սպասում քո երկիր վերադառնալուն։ Ու հիմա հայոց որ անկյուն էլ ոտք դնես՝ բազմանդամ մի գերդաստան կպատմի հայոց պատմությունը, որը սկսվում է ծննդավայրից ու Զորավար Անդրանիկից:

Եվ դու, Զորավար, գնացիր, որ մի օր վերադառնաս։ Գնացիր, որ չտեսնես, թե ոնց են հալածում, բռնադատում, աքսորում քո զինակից ընկերներին։ Ու թե հարկ է՝ մի պահ ուրանան, ասեն՝ չէ՛, չենք ճանաչում, որ գոնե ապրեն, գոյատեւեն։ Եվ գիտես, Զորավար, որ ոչ մեկը քեզ չուրացավ, քո անունը շուրթերին գնացին աքսոր ու բանտ։ Ուջանում կանգնեցրին քո արձանը եւ զենքով, հերթապահությամբ պաշտպանեցին աշխարհի ամենահզոր կայսրությունից։ Այդպես արտահայտեց իր Սերը, Կարոտը քո զինվորը, Զորավար, որովհետեւ այլ կերպ անհնար էր։ Երբ արյունարբու-ղաչախները դառնում էին ժողովուրդների բարեկամության, եղբայրության ջատագովներ, ո՞նց դիմանար քո զինվորի հոգին, սիրտը:

Զորավա՛ր, այսօր հայ զինվորն ամենուր հանդիպում է քեզ, որովհետեւ ժամանակավոր բնավորված գաղթականներն արմատներ են գցել, բնավորվել քո հետ անցած ողջ Հայաստան աշխարհով մեկ։ Ու պատմում են իրենց Զորավարից, հայոց Զորավարից. «Ազգությամբ հույն Հայաստան տատը պատմում էր. «Զավակներս, Անդրանիկ սուրբ էր, աչքովս եմ տեսել, թե ինչպես ամեն կռվից հետո թափ էր տալիս իր այծենակաճը, եւ հալված գնդակներն ընկնում էին ցած»։ Մկրտիչ պապը օր ծերության, երբ խոսք էր բացվում Անդրանիկի մասին, արցունքի կաթիլներ էին հորդում աչքերից. «Ոնց իմ փաշայի հետ չգնացի»։ Իսկ երբ հարցնում էին, թե ինչու չի գնացել, ձեռնափայտը մեկնում էր կողքին կուչ եկած տատի կողմը. «Էս պառվի սերը չթողեց, իմ փաշեն գիտեր, որ սեր ունեմ, ու իր հետ չտարավ»։

Հետո այդ պատմությունները շարունակեցին եղեռնից վերապրածների սերունդները, շարունակում են Արցախում, Տավուշում, Երասխում… Շարունակում են զենքի ուժով՝ գելիգուզանցի Աֆոն, շենիկցի Ռոմիկը, մգդինքցի Արան, աշնակցի Մերուժանը, մշեցի Արագածը, արցախցի Սասունը, զանգեզուրցի Սանոն, ապարանցի Աբոն, տավուշցի Սարոն, ամերիկահայ Մոնթեն ու Կարոն…

Զորավա՛ր, այսօր սահմաններին կանգնած հայ զինվորը իր փառավոր հաղթանակներով լրացնում է ազգի հերոսապատման կարևոր մատյանը: Եվ այդ օրինակը դու արդեն տվել ես սակավաթիվ քո զինվորներով՝ սրի ու խաչի զորությամբ, մարտունակ ու անպարտելի:

Եվ Զորավար, քո ծննդյան 140-ամյակը համընկավ հայոց գրերի ստեղծման 1600 եւ Մեծ եղեռնի 90-ամյակին, իսկ ծննդյանդ 150-ամյակը այս տարի է՝ հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Արդյո՞ք այս ամենը պատահականություններ են…

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից


26/02/2015