Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. «ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՂԱԾ Է»



Քաղվածքներ ելույթներից, հոդվածներից

Ես նրանցից մեկն եմ, ովքեր ապավինում են համերաշխության ու համագործակցության ուժին եւ հավատում են, որ մենք միայն այն ժամանակ կկարողանանք փրկել ու պաշտպանել մեր ժողովրդին, վառել մեր հանգած օջախների կրակը եւ չկորցնել ապագայի հույսը, երբ իրար կհասկանանք եւ կգործենք համերաշխ։

…Գործի ձեռնարկել, հավաքել մեր ուժերը, խտացնել անխառն սիրով, իրարու ձեռք երկարել՝ այս է իմ պատգամը։

Մայիսի 15, 1917թ.

♦♦♦

Պաշտպանել Հայաստանի սիրտը՝ հայի հարազատ արյունաներկ երկիրը, որ հյուծվել է դարավոր թշնամիներից…

Աստծուն ապավինած՝ համարձակ հառաջ դեպ մեր արդար սրբազան գործը։

Կատարենք մինչեւ վերջ մեր պարտքը հայրենիքի եւ հայ ժողովրդի առաջ…

Դեկտեմբերի 29, 1917թ.

♦♦♦

Սիրելի զինվորներս։ Երբ օտարները կը փորձեին անվանարկել հայ զինվորի արժանապատվությունը, դուք ձեր քաջությամբ, գործերով եւ ձեր պատմությամբ արհամարհեցիք զանոնց, բարձր պահեցիք հայ ցեղին արժանապատվությունը։ Դուք կրցաք կռվել անոր համար, որ կը հասկնայիք անոր արժեքը։ Դուք կրցաք պարտության մատնել թշնամուն եւ հիացում հրավիրեցիք ձեր վրա անոր համար, որ գիտեիք նվիրաբերվել եւ գիտեիք ծառայել հայրենիքին եւ անոր ազատության։

… Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքները եւ մեծ հավատքով տարիք ձեզի հանձնված գործը։ Ես չլսեցի տրտունջի որեւէ բառ, ցավի որեւէ արտահայտություն։

Մերկ էիք, անոթի էիք եւ այդպես մնացիք օրերով, ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրեւը ծեծեցին ձեզ, կարկուտը հարվածեց, բայց դուք արհամարհեցիք, ինչպես թշնամու գնդակները։

Ձեր այդ կեցվածքը քաջալերեց զիս, ուրախացուց սիրտս, եւ մենք կրցանք շահել փառավոր հաղթանակներ հայ անունին համար…

Հունիսի 18, 1924թ.

♦♦♦

Մենք հին ժողովուրդ մըն ենք։ Մենք ազատության դատին համար շատ զոհ տված ենք-շա՜տ ավելի, քան ուրիշ որեւէ պատերազմիկ ազգ, բաղդատած մեր ազգի թիվին հետ։

Մարտի 27, 1920թ.

♦♦♦

Ես նացիոնալիստ չեմ, ես ճանաչում եմ միայն մի ազգ՝ դա բոլոր ճնշվածների ազգությունն է։

1909թ. Կ.Պոլիս

♦♦♦
Ես կռվեցա իմ ցեղիս դարավոր թշնամիին դեմ… Ես մեկ իդեալ եւ մեկ նպատակ ունեի՝ հարվածել մեր դարավոր թշնամուն։ Ասկե դուրս՝ որեւէ պետության կամ կառավարության դեմ շարժումի հակառակ մնացի մինչեւ վերջ։

1909թ. «Ադանայի ջարդը եւ պատասխանները» գրքից

♦♦♦

… Կռվի մեջ մարդ յուր անձի մասին չէ, որ պետք է մտածե։

նոյեմբերի 5, 1912թ.

♦♦♦

Շատ եմ տեսել ես նման բանկետներ եւ լսել օվացիաներ, գեղեցիկ ճառեր, ճռճռան ֆրազներ… Սակայն ի՞նչ օգուտ այդ բոլորից իմ տանջված ժողովրդի համար… Ինչու՞ համար եք դուք զուգվել թանկագին զգեստներով, ինչու՞ եք զարդարվել թանկագին ադամանդներով։ Հանեցեք այդ ամենը եւ զոհաբերեցեք բախտից անիծված, սեւ ճակատագրի զոհ, աղքատ ու քաղցից մեռնող հայ եղբայրներին։… Կպահանջեմ ձեզնից ալ օրինակ մը վերցնեք 5-րդ դարի հայ կնոջից, ծախեք վաղը այդ զարդարանքը եւ տրամադրեք հայ որբերուն՝ հացի, սննդի համար, նրանք են ձեր ոսկին, հայ ժողովրդի հույսը…

1916թ. վերջերին Պյատիգորսկում
իր պատվին տրված ճաշկերույթում
արտասանված խոսքից

♦♦♦

Ֆիզիկական գոյությունը վերապրող ժողովրդի՝ ահա բարձրագույն հայրենասիրությունը, զոր հիմա մենք ի հայտ կրնանք բերել։

Հունիսի 27, 1917թ.

♦♦♦

…Ամեն հայ, եթե միմիայն իր ապրելու մասին չմտածեր, մեր աղետներու մեծ մասը պակասած կըլլար։

Հոկտեմբերի 10, 1917թ.

♦♦♦
Տասնյակ տարիներ զիս եւ ինձ նման զինվորների սնուցած են սասունցին, մշեցին, ախլաթցին, առհասարակ հայ ժողովուրդը…

Իմ ուսուցիչ հայ ժողովուրդ եղած է։

1912թ. «Զոր. Անդրանիկը կը խոսի» գրքից

♦♦♦

Դուք, անբիծ երիտասարդություն, մեր ժողովրդի խիղճը, լցվեցեք կազմակերպվող հայ զորքերի փառապանծ շարքերը եւ օգնեցեք, որ ուժեղ բանակ ստեղծենք։ Ընկերներ, ֆրոնտը դատարկված է. ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը եւ միայն ուժեղ, կազմակերպված բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը եւ գոյությունը։

Փետրվարի 3, 1917թ.

♦♦♦

… Մենք տեղ չունինք, տուն չունինք, բոլորս որբեր ենք, ստեղծենք մեր հայրենիքը եւ տեր ըլլանք մեր ընտանիքներուն, մեր հողին, ջրին, տունին ու տեղին։ Կեցցե՜ հայ բանակը, որ կկռվի սրբազան ազատության համար։ Կեցցե՜ մեր նահատակությունը։ Մենք մինակ ենք, բայց հավատքով ու հույսով լեցուն։ Տա աստված, որ մենք մեր հավատքին մեջ մինակ չըլլանք։

Փետրվարի 9, 1918թ.

♦♦♦

…Մի ծափահարեք ինձ, այլ մտիկ ըրեք իմ խոսքերիս. ամեն մարդ թող անմիջապես մտնե զորանոց եւ գիշերը մեկնի ճակատ, ահա ծափահարությունների գեղեցիկ եւ օգտակար տեսակը։ Ես անհատ մըն եմ, Անդրանիկը ձեզնով Անդրանիկ է, ձեր ուժերով է, որ մենք պիտի հաղթենք թշնամուն, ձեր վրեժխնդիր սրտով է, որ թշնամին պիտի ահաբեկվի… Ուստի երթանք ճակատ, ձեռք ձեռքի կուրծք տանք թշնամուն, եւ մեր ոտքերը թող անոնց դիակները կոխոտեն՝ ազատագրելու մեր հայրենիքի մնացած հողամասերն ալ…

Փետրվարի 18, 1918թ.

♦♦♦

Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկաս, եթե քու ավերակ հայրենիքի սեւ սուգը ունիս ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբախտ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե եւ դիմե դեպի հայրենիքը։

Կռվելու ընդունակ հայ զինվորներ, անմիջապես վազեցեք, մտեք Ազատության եւ ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն։

Ես սոսկալով կտեսնեմ այդ սարսափելի վտանգը, որ կհրամայե ամբողջ հայ ժողովրդին սթափիլ եւ ազատել ինքզինքը ստույգ մահվանե։

Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր Ահազանգը։ Ով չտեսներ մեր պաշտելի նահատակներու ստվերը։

Հունվարի 9, 1918թ.

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից


26/02/2015