ՊԱՏՐԱՍՏ` ՄԱՐՏՆՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ
Հաճախ եմ գործուղման մեկնում առաջնագծի զորամասեր եւ միշտ վերադառնում եմ հիացած` սահմանը ամուր պահող տղաների համեստությամբ, առաքինությամբ, պատրաստակամությամբ, խիզախությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր:
Դիրքերում ծանոթացա Ռազմիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվեց` լողորդ է, ջրի մեծ սիրահար, 10 տարվա փորձ ունի: Բայց ամենեւին էլ նեղված չէր, որ լողավազանից օգտվելու հնարավորությունից երկու տարով զրկված է. «Ջրի չափ էլ հայրենիքիս հողն եմ սիրում, թե չէ Ուկրաինայից ինչո՞ւ պիտի գայի… Յուրաքանչյուր հայ տղա առաջին հերթին զինվոր է եւ պարտավոր է իր վրա վերցնել հայրենիքին ուղղված հարվածը»,- առանց վարանելու ասաց Ռազմիկը:
Զրուցեցի նաեւ դիրքի ավագի` ավագ սերժանտ Եղիշե Մելիքյանի հետ: Թեև զրահաբաճկոնով էր, այնուամենայնիվ, զգացվում էր, որ ֆիզիկապես կոփված զինվոր է: Պարզվեց` ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների. «Երկար տարիներ բռնցքամարտով եմ զբաղվել, ուժերիս վրա վստահ եմ: Բայց ասեմ, որ այստեղ՝ դիրքերում, անգամ ֆիզիկապես թույլ երիտասարդը դառնում է խիզախ, հայրենիքի համար մարտնչելու, մեռնելու պատրաստ…»:
Այս տղաների հետ իմ կարճատեւ հանդիպումը թույլ տվեց իրապես զգալ մեր բանակի ուժը, հավատալ, որ հայրենիքը հուսալիորեն պաշտպանված է, թույլ տվեց եւս մեկ անգամ հպարտանալ իմ սերնդակիցներով:
Ուզում եմ ողջունել տվյալ դիրքի բոլոր տղաներին եւ ցանկանալ, որ միշտ պահպանեն այդ օրվա խանդավառ տրամադրությունը եւ միասնականությունը:
Նյութը եւ լուսանկարները Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ազգային բանակ