ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
ՀՀ զինված ուժերում անվտանգության բնագավառում առանձնակի նշանակություն է տրվում ենթականերին անվտանգության կանոնների հետ ծանոթացմանը, ժամանակին հրահանգավորմանը և դրանց կատարման հետևողականությանը:
Անվտանգության պահանջներին վերաբերող հրահանգավորումը զինծառայողների` անվտանգության պահանջների կատարմանը նախապատրաստելու գործընթացի անբաժանելի մասն է և պարբերաբար իրականացվում է զինվորական ծառայության անցման ողջ ընթացքում:
Հրահանգավորման նպատակը.
– իրազեկել զինծառայողներին զորամասում զինվորական ծառայության անվտանգության պայմանների վերաբերյալ,
– պարզաբանել խնդիրները, վարժությունները և աշխատանքները կատարելիս զինծառայողների վրա ազդող վտանգավոր գործոնների բնույթը, առանձնահատկությունները,
– պարզաբանել խեղումների (հաշմման, վիրավորումների) և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցները, անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդման կարգը,
– պարզաբանել պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջները՝ խնդիրների անվտանգ կատարման համար, ինչպես նաև ամրապնդել անվտանգության վերաբերյալ նախկինում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած գործնական հմտությունները,
– ձևավորել յուրաքանչյուր զինծառայողի մոտ պատասխանատվության և գիտակցված վերաբերմունքի զգացում՝ անվտանգության սահմանված պահանջների, զինվորական ծառայության և ծառայությունից ազատ ժամանակ հիվանդությունների, վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ:
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. հրամանը, «Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներն» անցկացվում են յուրաքանչյուր կիսամյակում երկու անգամ պարտադիր, ըստ անհրաժեշտության` նաև լրացուցիչ:
«Զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներից» մեկը անցկացվում է կիսամյակի նախապատրաստական փուլում՝ զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:
Պարապմունքների անցկացման նպատակը զորամասերի անձնակազմի, առաջին հերթին՝ նորակոչիկների ուսուցանումն է ծառայողական պարտականությունների կատարման անվտանգ հնարքներին և եղանակներին, անվտանգության պահանջների խախտումների բացառումը:
Տվյալ պարապմունքներին հրամանատարների և ուսումնական պարապմունքների (տեղերի) ղեկավարների կողմից նախատեսված է զինծառայողների կողմից անվտանգության պահանջները չպահպանելու դեպքում իրական հետևանքների ցուցադրում (մանեկենների և մակետների վրա):
Զորամասի տարածքում նման համալիր միջոցառումների անցկացման համար բացազատվում են հատուկ ուսումնական տեղեր (և ուսումնական կետեր), որոնցից յուրաքանչյուրի վրա զինծառայողները անցնում են գործնական մարզումներ` նվազագույնը կես ժամ տևողությամբ:
Հիմնական բացազատվող ուսումնական տեղերը գործնական պարապմունքների համար հանդիսանում են`
-մարտական հերթապահություն (ծառայություն) կրելիս,
-սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս,
-ներքին և պահակային ծառայություն կատարելիս,
-շինվերանորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելիս,
-անձնակազմին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս,
-էլեկտրա և հրդեհային անվտանգության պահանջները,
-տեխնիկան և անձնակազմը (թափքում) տեղափոխելիս:
Ուսումնական տեղերի թիվը կարող են ավելացվել՝ ելնելով զորատեսակի առանձնահատկությունից:
Զինվորական ծառայության անվտանգության ռիսկերը հաշվի առնելով, ըստ անհրաժեշտության «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ զորամասի հրամանատարի որոշմամբ կարող է անցկացվել յուրաքանչյուր ամիս, ստորաբաժանման կազմով 2-ից 3 ժամ տևողությամբ` ստորաբաժանման հրամանատարի ղեկավարությամբ հավաքակայանային օրվա պլանով:
ԳՇ զորքերի ծառայության վարչության կողմից մշակված «ԶԾԱ մեթոդական փաթեթը» զորամասերում օգտագործվում է որպես ուղեցույց և տարեցտարի կատարելագործվում է միջոցառման կազմակերպման մեթոդիկան, իսկ պարապմունքների ղեկավարներն էլ վարպետանում են պարապմունքների որակյալ անցկացման գործում: Պարապմունքներն առավել որակյալ է կազմակերպվում այն զորամասերում, որտեղ հրամանատարները լիարժեք ընկալել են զինծառայության անվտանգության ապահովման հիմունքները:
Անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգավորումը դեպքերի ու պատահարների կանխարգելման պրոֆիլակտիկա է: Պարտադիր, հստակ, ընկալելի հրահանգավորումներն ու գործնական վարժվածությունը միշտ էլ տալիս են դրական արդյունք՝ նվազեցվում են վնասվածքների ռիսկերը, կանխարգելվում դեպքերն ու պատահարները:
Քանի որ հրահանգավորողները հիմնականում հրամանատարներն են (սպաները), ապա այստեղ զգալի նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչպես գիտեն և ինչպես են իրականացնում համապատասխան ղեկավար փաստաթղթերում շարադրված անվտանգության պահանջները:
Հունվար և փետրվար ամիսները բացառություն չեն, երբ ամբողջ զինված ուժերում անց են կացվում «Զորամասի կազմով «Զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքներ», այն իմաստով, որ փետրվարի կեսից ավարտվում է նախապատրաստական փուլը (իսկ զորքերի ծառայությունը օժանդակելու զգալի աշխատանքներ զորամասերում իրականացնում է հենց նախապատրաստական փուլում) և անձնակազմը անվտանգության կանոնների նվազագույն իմացությամբ պետք է մտնի նոր ուսումնական փուլ:
«Զորամասի կազմով «Զինվորական ծառայության անվտանգության տեսական և գործնական համալիր պարապմունքների» կազմակերպման բնագավառում արդեն վարպետացում է նկատելի բանակային զորամիավորումներում, ԶՈՒ հրետանային, ինժեներական, հետախուզական ու կենտրոնական ենթակայության զորամասերում:
Ներկայացվող լուսանկարները, որոնք արվել են գնդապետներ Ալբերտ Բաղդասարյանի, Արմեն Հարությունյանի, Աշոտ Ղազարյանի, Արսեն Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասերում, խոսում են հենց թեմայի շրջանակում կազմակերպված գործնական պարապմունքների որակի մասին:
Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ
ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության պետ