Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



Զինծառայողների ավելի քան 47 հազար ընտանիք 2014 թվականին ապահովվել է սեփական և ծառայողական բնակարաններով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման վարչության պետ Սերգեյ Պիրոգովը:

«Բնակարանային ապահովման և տարածաշրջանային բնակարանային ապահովման վարչությունները անցած տարվա ընթացքում բնակարանով ապահովել են 47.3 հազար զինծառայողի: Նրանցից ավելի քան 10 %-ը ստացել են բնակարանային օժանդակություն, իսկ 16.5 %-ը՝ բնակարաններ»,-ասել է նա: Պիրոգովը տեղեկացրել է, որ պետական բնակարանային սերտիֆիկատ է ստացել 425 զինծառայող (ընդհանուր թվի 1 %-ը), 15.4 հազար մարդ (32.5%) կուտակային-հիպոթեքային համակարգի օգնությամբ ձեռք է բերել բնակարան, իսկ 18.8 հազարը (գրեթե 40 %) ապահովվել են ծառայողական բնակարաններով:

«Մնացած 33 հազար հերթագրվածներից 19 հազարին արդեն առաջարկվել են բնակարաններ: Որպես մշտական բնակության վայր Մոսկվան ընտրած զինծառայողներին առաջին անգամ առաջարկվել են բնակարաններ մայրաքաղաքում»,-ավելացրել է վարչության պետը:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ 26 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ

«Զինծառայողներին բնակարանային օժանդակության տրամադրումն սկսվել է 2014 թվականի օգոստոսի 22-ից: Ընդամենը չորս ամսում մեզ հաջողվել է ներքին միջոցների և բյուջետային խնայողությունների հաշվին այդ նպատակների համար տրամադրել 26.5 մլրդ. ռուբլի»,-տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման վարչության պետ Սերգեյ Պիրոգովը: Այս ժամանակահատվածում բնակարանային օժանդակությունից օգտվել է ավելի քան 4.8 հազար զինծառայող:

«Նրանք բնակարանային օրենսգրքով նախատեսվածից ավելի մեծ բնակտարածքով բնակարաններ են գնում,- նշել է վարչության պետը:-«Ընդ որում՝ տարվա վերջում այս գումարից չի օգտագործվել ընդամենը 1022 ռուբլի 68 կոպեկ, ինչը վկայում է` բյուջետային միջոցների ծախսումը կատարվել է բարձր արդյունավետությամբ»,- ավելացրել է Պիրոգովը:

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԱԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովի՝ ավելի քան 22 հազար զինծառայող 2015 թվականին պետք է ապահովվի մշտական բնակարանով: «Այս տարի բնակարան պետք է ստանա 22.1 հազար զինծառայող: Նրանցից 14.7 հազարը կստանա մասնավոր և սոցվարձակալության պայմանագրերով բնակարաններ, իսկ ավելի քան 7 հազար մարդ՝ բնակարան ձեռք բերելու նպաստ»,- տեղեկացրել է պաշտոնյան:

Ըստ Ցալիկովի `«ծրագիրը ծավալուն է, 2014 թվականի համեմատ այն աճել է գրեթե 2 անգամ»:

Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Սոցիալ-իրավական, Տարածաշրջան


05/03/2015