Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ»



Հատված Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գրքից

Ձեռքս վերցնելով Հակոբ Հարությունի «Կապույտ հազ» գիրքը` ակամայից կարոտալի մանկությանս հոգեհմա զգացողությունն ունեցա: Ինձ թվաց` բարձրանում եմ ծննդավայրիս Կապույտ խաչ բարձունքը, որտեղ կապույտ հազ բուժող մատուռն է` իր խաչքարով: Հիշեցի, թե ինչպես մատուռի լուսամուտից կապույտ հազով հիվանդին երեք անգամ անցկացնում էին, հետո նրա շորերից կտրում, կապում էին մատուռի մոտ աճած չայլուից:

Երբ բացում էի գիրքը, չգիտես ինչու, ներքուստ հավատացած էի, որ հենց այդ մաքուր, ամոքաբեր զգացողությունը այնտեղ կգտնեմ: Ու չսխալվեցի…

Գեղարվեստում Հակոբ Հարությունի ինքնաորոնումը նրան հասցրել է «Կապույտ հազին», որը հեղինակի 5-րդ գիրքն է: Հեղինակը ծնվել է 1959թ., Սիրիայում: 1965 թվականին հայրենադարձվել է և այսօր ապրում է Հրազդան քաղաքում: Հեղինակը նոր գրքում իմաստավորում է իր ով լինելը ոչ թե հայելային անդրադարձմամբ, այլ հայացքը խաչքարից չկտրելով, քանի որ այնտեղ է երևակվում ճակատագրի առեղծվածային ընթացքը. «Խաչքարի հայելում` խաչելություն…»:

Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Հակոբ Հարությունն էլ իր գրքում արտահայտած ազգային գաղափարախոսության խոսքաշարում փորձում է յուրովի պատասխանել ուղենշային այս հարցադրումներին: Գրքի հերոսը կամավորական լեգեոնական է, ազգային ոգու և մտածողության կրող, որը խոնարհվում է միայն հայրենյաց բագինին: Դրանով էլ նա հզոր է ու վեհ:

Հ. Հարությունը ուրույն ընկալմամբ է մեկնում Ագռավաքարի խորհուրդը` այն տեսնելով տապանաքարի այլակերպումների մեջ և գեղարվեստորեն ենթադրել տալիս, որ Մհերը դուրս է գալու մեր նախնյաց հիշատակներից, այսինքն` մեր ներսից, երբ մենք արժանի լինենք նախնյաց փառքին:

Մահապարտ Ղազարը դառնում է այն կանաչ շիվը, որ ահավոր ողբերգությունից հետո պետք է ծաղկեր` շարունակելով Գասապենց գերդաստանը` աչքը հառած պապենական Չնքուշին: Ղազարի ոգին անցել է սերնդեսերունդ և փոխանցվել է իր ծոռ Մանոլիկին, որն այժմ ժամապահ է Արցախի սահմանին:

Գիրքը հայի անկոտրում ոգու, հայրենասիրության և ազգային արժանապատվության մասին է: Այն գրված է սեղմ, հստակ և նպատակադիր, արտահայտում է ոչ միայն հայ ոգու ուժականությունը, այլև հայոց լեզվի ոգեղեն թափը:

Ալիխանե Մամե
բանաստեղծ

Մահապարտ Ղազարը դառնում է այն կանաչ շիվը, որ ահավոր ողբերգությունից հետո պետք է ծաղկեր` շարունակելով Գասապենց գերդաստանը` աչքը հառած պապենական Չնքուշին: Ղազարի ոգին անցել է սերնդեսերունդ և փոխանցվել է իր ծոռ Մանոլիկին, որն այժմ ժամապահ է Արցախի սահմանին:

ՆԻԿՈՂՈՍԻ ԱՂՈԹՔՆ ԱՌ ԿԵՆԱՑ ԾԱՌ

«Ղազա՛ր, մա՛նչս, դուն անցար տարիքիդ վրայով ու հասկցար, որ մեջդ բորբոքվող ցավը կերածդ կաթի համն է: Դեմքիդ աղվամազին տակ, կը հավատամ, հիմա խորշոմներ կը ծաղկին, ու տղայությունդ, ժամեժամ առնականացնելով հոգուդ դեգերումները` իբրև վրեժի տեգեր, ցցվեցան ժամանակածոր արյունոտ վերքիդ մեջ, որտեղ Տուտան վիհին մեջ գահավիժած հարազատներուդ աղեխաշ արձագանքներն են քեզմե խլել պատանեկությունդ: Բայց, փա՛ռք Աստուծո, որ արյունդ հեռավոր Ամերիկայի մեջ ջուր չդարձավ, այլ խոխոջեց Գասապենց աղբյուրի զնգուն մաքրությամբ: Ներե՛, որ իմ ձեռամբ չսափրեցի դեմքիդ աղվամազը և օրհնությամբ չհամբուրեցի բաց ճակատդ իբրև ողջերթ: Զիս հասկցար` հայր եմ, որ կորսնցուցած է ընտանիքն ու ողջ գերդաստանը, ու դուն, դուն ես մնացած Գասապենց վերջին զարմը: Կը հասկնաս` վերջի՛ն զարմը… հա՛, հասկցած ես… ատոր համար հրաժեշտի եկածները սրտապնդած ես Չնքուշի ասացվածքով. «Երկիրով մահը հարսանիք է», ու պարած եք, թու՛նդ եք պարած… Իմ քաջ տղա՛, չէ՞ որ գիտեմ` պարուդ ժամին փոշին ինչպես թիկնոց կըլլա քու ուսերուդ, կրա՛կ մանչս: Եվ հպարտ եմ, որ դուն, իմ ապավեն վերջի՛ն զավակ, ինծմե ծածուկ ճշգրտեցիր նախանշածս խոտոր ճամբան ու մաքրեցիր ինծմե հուր-հավիտյան խարանված թերարժեք ապրելուն պատիժը:

Դուն բացիր աչքերս, և հիմա թռչկոտող ոտնահետքերուդ արձագանքները հազար տարեկանիս կը բացատրեն` ինչ ըսել է հայր ու հայրենիք… ու նաև` վրե՛ժ, վրե ՛ժ, վրե ՛ժ… Աչքերս կը կարմրին կաս-կարմիր արյունիս խռովքեն: Այտերս կը շառագունին քու երբեմնի հանդիմանութենեն… «Կարոտելով` հայրենիքը կը թաղեն, իսկ վրեժով` կապրեցնեն»:

Օրհնյա՛լ ըլլաս, մա՛նչս, վախկոտին միշտ կը գտնե տառապանքը կորստաբեր, ուժեղին դեմ կը կուրանա անգամ փամփուշտը թշնամիին: Ըմբոստ հոգիդ մահվան գլխով արդեն թռած է ու կը սավառնի: Օն անդր, առա՛ջ: Ես թիկնապահ երազդ եմ, իմ հայրենյաց ազնի՛վ զինվոր, թող աղոթքս ըլլա քու պահապան հրեշտակդ ու քեզ նորեն տեսնելու տենչս` քու զրահդ: Քաջ չնքուշցիի ճակտին գիրը քեզի կուղղորդե: Ինչ որ ըլլա, պիտի ըլլա. մի՛ երկնչիր, մաքրե՛ աշխարհեն մեր պղծված անկյունը քու ոգեղեն թափեն հոսող քրտինքովդ:

Գիտցա՛ծ եղիր, ոգիին պզտիկն ու մեծն չկա: Դուն ելած ես չարերուն դեմ, և սա մանկանց խաղ չէ: Զենքի մարդ ես, ուրեմն զենքդ ձեռքերուդ մեջ հանապազ թող քրտնի: Ղազա՛ր, զավա՛կս, այդ ե՞րբ, ինչպե՞ս դուն հասակ առիր, որ չըմբռնեցի: Միայն հիմա կը հասկնամ, որ իմ մասն ես ու փրթած ես ինծմե: Ես չեմ ընկալած ժամանակը, որ անգամ երազով եկավ քովս. կը հիշե՞ս` ան արդեն քեզի պատմած եմ: Վիհ էր, սև վիհ, և աղունակները, թևերնին կապկպած, կը նետվեին ու կը ձուլվեին մթությանը:

Ժամանակը ցուցուց, որ ադ վիհը անտակ Տուտանն էր` մայրդ, եղբայրներդ ու քույրերդ կլլած ու նաև` մեր ազգ ու տակը: Կը հիշե՞ս մեր ոռնոցը ադ լուրն առած պահուն: Դուն չըլլայիր, ինչ պիտի ընեի օտարության մեջ այս պաղ: Այժմ գիտեմ, որ պիտի սպասեմ քեզի: Կըսեն` ձեր մեկնումեն առաջ ձեզի ապսպրած են դառնալ «վահանով կամ վահանին վրա»: Դյուրին է ըսել… Ես քեզի կը սպասեմ, կը սպասեմ վահանով քու գալուդ: Կըսեն, որ դուն քովդ եղած-չեղածը պարպեր ես սեղանին` ըսելով. «Այս հայ որբերուն, իսկ կյանքս` հայրենիքիս»:

Արցունքը կը խեղդե զիս: Այդ ե՞րբ ինծմե մեծ ու որբատեր դարձար, տղա՛ս, ինչպե՞ս դարձար տեսակ, արյա՛ն գույն, ելևէ՛ջ, ժառանգական ու բաժի՛ն խաչ, ու ծնունդդ աչքալուսանք բողբոջ դարձավ ճղակոտոր կենաց ծառին:

Քնքուշեն հեռանալեն ետք Սուրբ Կարապետ եկեղեցիին մեջ կերոն վառեցինք: Ճակատագիրը հարկավ գիտեր, մենք չէինք գիտեր, որ յոթը անվան տեր Սուրբ Կարապետը քեզի ուխտավոր կօծեր` քաջակորով բազուկի ուժ ներարկելով արյունիդ մեջ: Կը քալեինք մտատարտամ, ես ալ հուշիկ երգ կըսեի. «Սուրբ Կարապե՛տ, լույս է իջեր, ուխտավորաց շնորհ բաշխեր»: Չէի գիտեր, որ մեր կողմեն չգիտակցված ծեսի մեջ օրվան ես ալ քեզի զինվոր կը կարգեի:

Դուն ըսիր. «Երբ որ դառնանք, Սուրբ Սարգսի պայտի հետքը պիտ համբուրեմ»: Ես հասկցա, որ կը խայտար սրտիդ մեջ սեր: Միտքով հիմա կը համբուրեմ Չնքուշի այն լույս քարը, որուն վրա դրոշմված է Սուրբ Սարգսի ձիուն պայտը, կը փափագիմ, որ ճակատագիրը քեզի պարգևե շատ զավակներ. մեր գերդաստանին անունները մնացած են անտեր` իբրև մոլոր, շրջիկ արձագանքներ Տուտան վիհին մեջ: Համոզված եմ` հոն է քո սերդ ալ. իմ տեսած երազի աղավնիներեն մեկն ալ ան էր…

Տղա՛ս, ամբողջովին խենթեցած եմ, դուն կերթաս պատերազմ, իսկ իմ միտքես ինչեր կանցնին: Բայց և ինչո՞ւ պիտի չանցնի, երբ կերթաս հաղթելու, արժեւորելու մեջդ հոսող արյան կանչը, երբ կերթաս մա՛րդ ու հա՛յ կոչվելու:

Ուղիդ է միակ ու ճշմարիտ: Պի՛նդ կեցիր, տղա՛ս, ես կուգամ ետևեդ, և քեզի հետ է արժանավայել իմ ապրիլը, ու թե պետք է` մեռնի՛լը անգամ: Պի՛նդ կեցիր ու դիմացկուն` արդարության, իրավունքի ու վրեժի՛ ցասման ժամուն: Ղազա՛ր, տղա՛ս, կարծես նոր սկսա քեզի սիրել: Տե՛ս, կ’ըսեմ, զիս չլքես, ես կ’ուզեմ թոռներուս խաղը տեսնալ Չնքուշի հարթ ու տափարակ տանիքներուն վրա ցատկռտելեն: Տե՛ս, մեր ամբողջ տոհմի կենաց ծառին բունն ես դարձած: Սերս ու ծառին կանաչը քեզի պահապան` Աստուծո աչոք: Ղազա՛ր, տղա՛ս, թող քու աչքդ ու մանգաղդ սուր նույն կերպ կտրեն…»: Հիմա Հայ մեռնիլը դարձած է առօրեական, սովորական, ընկալելի… Ա՛յ, Հայ ապրիլն է, որ դժվար է ու սխրանք: Քա՛ջ մնա ու համարձակ, ուժեղ ու կանգուն, աներեր ու վրեժիդ մեջ խստավարք, բայց ոչ բնավ դաժան ու քստմնելի: Ընդունելի ըլլա մահապարտիդ մատաղը` պատանեկությունդ ծաղկաբողբոջ:

Մեկնելուդ նախընթորին զիս անբնական գրկեցիր: Դաստակներուդ պնդութենեն ապահով զգացում մը պատեց համակ, վաղուց կորսնցուցած երանավետ հանդարտություն: Հայր ըլլալու երջանկությունը զիս ողողեց, և զավակի համն ու բույրը մեկեն առի: Հասկցա ես, թե ինչու մարդը հայր կ’ըլլա… Անհայրենիք մարդն ո՞վ է: Տղա՛ս, երբ որ ըլլաս շանթ ու կայծակ, միևնույն է, միշտ անձրևե… Ինքդ քու մեջդ անձրևե, որ հոգիիդ իջած աշխարհի փոշիեն բան մը չմնա, որ հոգիդ մաքրվի այրող արյան ծխածածկեն` գորշ ու լերդոտ, կծվծացնող աչքերդ ու նաև քիմքիդ համը:

Ղազա՛ր, տղա՛ս, մխիթարվե՛ Աստուծո պարգև տառապանքով. ան կը պահպանե սուրբ հիշատակներդ հավերժացնող ծեսը քու մեջդ, որ կրկնությամբ ամենօրյա կը դառնա քու կենսակերպդ ավանդահարգ: Ես ոչ մեկ բանե կը վախնամ, ու քու Դավիթի քայլով կը հավատամ վերածնվող արդարության հրաշքին մեծ:

Զավա՛կս, նորեն… նորեն Աստված քեզի հետ:

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


05/03/2015