Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԷՆՎԵՐԻ ՎԵՐՋԸ»



Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ վերահրատարակվել է Վլադիմիր Պետրոսյանի «Էնվերի վերջը» գիրքը: Այն փաստավավերագրական մի պատմություն է հայ ժողովրդի մեծ զավակներից մեկի՝ Հակոբ Մելքումյանի սխրանքի մասին, որը մեր պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի դահիճ Էնվեր փաշայի 40 հազարանոց բանակը ոչնչացրած հմուտ զորավար:

Էնվերն ապրել է թյուրքական մեծ կայսրություն ստեղծելու գաղափարով: Բուխարան, Խիվան, Թուրքեստանը զավթելով՝ նա մտմտացել է Միջին Ասիան անջատել Ռուսաստանից: Հեղինակը մեջբերել է Էնվերի կոչը. «Ես հասկացել եմ, որ ժողովրդին իմպերիալիզմի լծից փրկելու համար պետք է սկսեմ ռուսական տիրապետության ջախջախումից»:

Հարկ է նշել նաեւ, որ զորավար Մելքումյանի ղեկավարած մարտական ջոկատում կռվել են հազարավոր ազատատենչ տարալեզու կամավորներ, որոնց մեջ եղել են նաեւ արեւմտահայ գաղթականներ: Նրանք անձնվիրաբար պայքարել ու մարտնչել են մեր ժողովրդի ոսոխի՝ արյունալի ոճիր կատարողների՝ երիտթուրքերի պարագլուխների եւ թուրք դավադիրների դեմ:

Հակոբ Մելքումյանի հայրենանվեր գործունեությունը համայն հայությունը պիտի դարեդար հիշի եւ պահպանի նրա անունը իբրեւ քաղաքացիական կռիվների տարիներին իր ազգի թշնամիների դեմ մարտնչող խիզախ զորահրամանատարի, որը եղել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Հայկ Բժշկյանի, Վահան Տերյանի հավատարիմ զինակիցը:

Վլադիմիր Պետրոսյանը, ի դեպ, զորավարին նվիրված «Հակոբ Մելքումյան» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակն է նաեւ:

Գրքի հեղինակը հույս է հայտնում, որ Հակոբ Մելքումյանի ծննդավայրի՝ Արցախի Խիրխան գյուղի դպրոցը կանվանակոչվի քաղաքացիական պատերազմի հերոս, Կարմիր դրոշի շքանշանի քառակի ասպետ հերոսի անունով, ինչով էլ կհավերժացվի նրա փառքը:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային


05/03/2015