Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՀՐԱՇՔԸ



Տիկին Սուսաննայի համար ուրիշ խորհուրդ ունի հուլիսի 23-ը: Այդ օրը ծնվեց ավագ որդին` առաջնեկը, որին Նվեր անվանակոչեցին: Ամուսինը` Արկադյան, ցնծության մեջ էր: Հետո ծնվեցին Նախշունը, Նորիկը: Ադրբեջանցիները գրավեցին Հարությունագոմերը՝ հայրը նրանց տեղափոխեց թիկունք, իսկ ինքը մնաց ծննդավայրը ազատագրելու: Արկադյան հերոսաբար զոհվեց… Նվերը 7 տարեկան էր, Նախշունը` 5, իսկ Նորիկը` 2 տարեկան: Հայրիկի զոհվելուց հետո Նվերը վերադարձավ հայրենի գյուղ, որտեղ ապրում էին եւ՛ հորական, եւ մորական տատիկ-պապիկները: Օգնում էր նրանց բոլոր գործերում: Գյուղում էլ ավարտեց դպրոցը, եւ մայրը` տիկին Սուսաննան, որը մեծ դժվարություններ էր կրում, սակայն հայ մորը հատուկ պատվախնդրորեն ու արժանապատիվ էր մեծացնում իր երեխաներին` վերցրեց Նվերին ու բերեց Երեւան: Գործերը հանձնեց Վ. Սարգսյանի անվան ՌԻ ու որդուն ասաց, ավելի ճիշտ` պատգամեց՝ սովորի՛ր, տղա՛ս, դու պետք է գեներալ դառնաս, ես ու հայրդ չէինք որոշել, նույնիսկ չէինք մտածել այդ մասին, բայց հոգով զգում եմ, որ նա էլ է ուզում, որ դու դառնաս զինվորական…

Անցել են տարիներ: Այս տարի հուլիսի 23-ին Նվերը կդառնա 31 տարեկան:

-Ես պետք է վիրահատվեի: Վիրահատությունը ծանր էր, սակայն Նվերս չկարողացավ գալ,- վերհիշում է մայրը,- մենք ասես հոգով զգում ենք մեկմեկու, ես գիտեի, որ որդիս չի կարող թողնել իր զինվորներին, որովհետեւ այդ օրերին սահմաններում իրավիճակը անասելի լարված էր: Վիրահատությունից հետո ինձ թվում էր՝ Նվերս շոյում է ձեռքերս, համբուրում է` ես դա զգում եմ, ու չնայած ցավազրկմանը, բացում եմ աչքերս,- Նախշո՛ւն, Նվերս եկե՞լ է,- հարցնում եմ: – Աղջիկս բացասաբար շարժում է գլուխը: Ես նորից նիրհում եմ ու տեսնում Նվերիս…

Հետո, երբ տղաս եկավ ինձ տեսության, ու մենք երկար զրուցեցինք, պարզվեց, որ մայրական բնազդը ինձ չի դավաճանել` ճիշտ նույն պահին, երբ ինձ թվում էր, թե որդիս համբուրում է ինձ` որդիս դիրքերում մտքով ինձ հետ մի կրակոց է արձակում երկինք, ու ինչպես պատմում է որդիս. «Ասես հրաշք եղավ, բացվեց երկնքի կապույտը, ու այնտեղ երեւաց մի եկեղեցի, որն այնքան նման էր մեր Գանձասարին: Ու որդիս մատաղ է խոստանում, որ երբ ոտքի կանգնեմ` մատաղ անենք Գանձասարում…

Եվ հուլիսի 23-ին մենք ընտանիքով Գանձասարում էինք: Մատաղն օրհնեց Տեր Գրիգորը, որն էլ մկրտեց մեզ բոլորիս` ինձ, Նվերիս, Նախշունիս, Նորիկիս: Տեր Գրիգորը մասնակից է եղել Գանձասարի պաշտպանությանը:

Մկրտությունից հետո տղաս շտապ մեկնեց դիրքեր եւ հենց նույն գիշեր էլ կատարել է շատ կարեւոր մի առաջադրանք, որը նույնպես եղել է կամոքն Աստծո: Իրոք, այդ նման է հրաշքի: «Գիշերով քայլում ես, ու չգիտես՝ ոտքդ անվնաս կհասնի՞ հողին: Երբ ոտք դրեցի մի արահետի ու պատրաստվում էի այդպես իջնել ձորակ, զգացի, որ այդ օրը նարոտով պարանոցիցս կախված խաչը իրեն զգացնել տվեց, ծակեց մարմինս, ու ես ճանապարհս փոխեցի: Հետո, երբ մեր հանձնարարությունը լրիվ կատարած վերադառնում էինք, տեսա, որ հենց այդ արահետով արդեն բարձրացող ադրբեջանցի զինվորը պայթեց ականի վրա…»:

Իմ որդին գեներալ է դառնալու, Աստված նրա հետ…

Պատրաստեց Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ճակատագրեր


05/03/2015