Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Քաշաթաղի շրջվարչակազմը հերթական հայրենանվեր նախաձեռնությունն իրականացրեց Արցախում տեղակայված զորամասերից մեկում: Բարի ավանդույթի համաձայն՝ Հայոց բանակի զինվորներին ոգևորելու համար շրջկենտրոն Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի (ղեկավար` Հ. Գրիգորյան) երգիչ-երաժիշտները ելույթ ունեցան զորամասի շարահրապարակում:

Շրջկենտրոնի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 և Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել հայրենիքի պաշտպանների համար, նամակներ գրել:

Հրամանատարությանը, սպայական անձնակազմին, զինվորներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն, հզոր ոգի: Նա շեշտեց, որ բոլոր քաշաթաղցիները հայոց բանակին նեցուկ են՝ պատրաստ նաև զինվորի հետ, զինվորի կողքին դիրքերում հերթապահելու եւ սահմանը հսկելու:

…Զրուցում եմ զինվորների հետ, որոնք մեր հայրենիքի տարբեր վայրերից են, եկել են պաշտպանելու Արցախ աշխարհի հաղթանակը, տեր կանգնելու ազատամարտի հերոսների կերտած հպարտությանը: Մեկը շուտով զորացրվելու է, մյուսին մեկ տարի է մնացել, շատերը նոր են զորակոչվել: Նրանք միասին մի բռունցք են և ի զորու թեկուզ կյանքի գնով պաշտպանելու հայ մանուկի անվտանգությունը, սուրբ հողի անարատ մնալը…

♦♦♦

Զորամասում նաև «Ասպետ» թերթն է հրատարակվում՝ «Ամենահզոր զենքը զինվորի ոգին է» կարգախոսով: Եվ այդ ոգին էր, որ հունվարի սկզբին անձնազոհության մղեց զորամասի զինծառայողներ Կարեն Գրիգորյանին և Վարդան Մկրտչյանին, որոնք իրենց կյանքի գնով հետ մղեցին անարգ թշնամուն:

Ընդամենը 2 ամիս է, ինչ բանակ են զորակոչվել Հրաչ Շահնազարյանը և Գևորգ Հարությունյանը: Արդեն հասցրել են ընկերանալ և հարմարվել զինվորական կյանքին ու հիմա պատրաստվում են հերթափոխի: Ավաննես Խաչատրյանը, Միսակ Կյուրեղյանը և Արտավազդ Հովհաննիսյանը նույնպես հասցրել են լինել առաջին գծում, զգացել են թշնամու շունչը և գիտեն իրենց անելիքը: Իսկ երևանցի Վահան Սաֆարյանը արդեն արժանացել է կրտսեր սերժանտի կոչման:

Ավագ լեյտենանտ Արսեն Խաչատրյանը գոհ է իր զինվորներից. «Զգոն են, աչալուրջ, բանիմաց: Նման տղաների հետ հեշտ է պաշտպանել երկրի սահմանը»,-ասում է նա:

Լեյտենանտ Մնացական Պետրոսյանն ընդամենը մեկ տարի է, ինչ այստեղ է և զինակից ընկերների հետ իր նպաստն է բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Անցած տարվա օգոստոսյան դեպքերի ժամանակ նրանց երկուսի վաշտն էլ դիմակայել է թշնամու ոտնձգություններին:

Հայրենյաց պաշտպանի օրվա հետ իրենց ծննդյան օրը տոնեցին շարքայիններ Նորայր Գևորգյանը և Տիգրան Թադևոսյանը:

♦♦♦

Երբ հրաժեշտ էինք տալիս զորամասին՝ տղաներից մի քանիսը արդեն ոգևորված դիրքեր էին բարձրանում՝ իրենց հետ տանելով հայ դպրոցականների նամակներն ու նվիրած քաղցրավենիքը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ազգային բանակ


05/03/2015