Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ… ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ



Արայիկ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Փոխգնդապետ

Ծնվել եմ Ասկերանի շրջանի Ազնեկ գյուղում: Ազնեկը մեր հայրենական գյուղն է: Փոքր եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է շրջկենտրոն` Ասկերան, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգը: Կարելի է ասել՝ մի կարգին չեմ էլ սովորել, քանի որ պատերազմի ամենածանր ժամանակահատվածն էր, և կրթօջախներն անորոշ ժամանակով փակված էին: Մենք մի քանի ընկերներով, այսպես ասած` մեր ընկերախմբով, տեղներս չէինք գտնում, փախչում էինք տնից, փորձում ընդգրկվել այս կամ այն ջոկատի կազմում, գնալ առաջնագիծ, այնտեղ, որտեղ թեժ մարտեր էին… Մեզ արգելում էին. «Փոքր եք, պատերազմը ձեր գործը չի, մի քիչ էլ համբերեք»: Սակայն մեր ուշքն ու միտքը կռվին մասնակցելն էր:

1994 թվականին մեր տասնյոթ տարին լրացավ, ու թեև մենք կարող էինք մասնակցել ռազմական գործողություններին, սակայն գարնանը հաստատված հրադադարը մեր պատանեկան հույսերն ի չիք դարձրեց: Մայիս ամսին ես եւ իմ հասակակիցները զորակոչվեցինք գեներալ Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնական կենտրոն, որտեղ էլ առաջին անգամ զինվորական համազգեստ հագանք: Ինչքան հպարտ էինք: Զինվորական հանդերձանքի մեջ կարծես մեկ օրում մեծացանք, տղամարդ դարձանք: Մեզնից առաջ էլ՝ փետրվար, մարտ ամիսներին մեր ընկերներն էին զորակոչվել: Այստեղ երեքամսյա պատրաստություն անցնելուց հետո էր միայն հնարավոր ընդգրկվել այս կամ այն ստորաբաժանման կազմում: Հրադադարը հաստատվեց, և մենք մնացինք ծառայելու Իվանյանի ուսումնական կենտրոնում: Այդ ժամանակ սպայական կադրերի պակաս կար, և մեկ տարի երկու ամիս ծառայելուց հետո ժամկետային անձնակազմից սպայակազմ ընտրեցին: Ես էլ այդ խմբում էի:

Հետո մեզ ընդգրկեցին եռամսյա սպայական դասընթացներում` շնորհելով սպայական սկզբնական կոչում: Դասընթացները ավարտելուց հետո ծառայության նշանակվեցինք զորքերում: Անձամբ ես ծառայությունս սկսել եմ տանկային ուսումնական կենտրոնում` տանկային գնդի կազմում: Եղել եմ դասակի հրամանատար, ապա գումարտակի շտաբի պետ: Սովորել եմ համազորային ակադեմիայում և ավարտելուց հետո նշանակվել առանձին մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ, այնուհետև՝ գումարտակի հրամանատար: Այժմ զորամասի հրամանատարի տեղակալ եմ:

21 տարի զինվորական գործի մեջ եմ, քսանմեկ տարի շարունակ սիրով ու անտրտունջ, ամենայն պատասխանատվությամբ ու բարձր գիտակցումով եմ կատարել պարտականություններս:

Առաջնագծում ծառայող սպայի ամբողջ օրը՝ «վերկացից» մինչեւ «քնիրը», անցնում է զորքի հետ: Առաջնագծում մարտական ծառայություն կատարող զինվորականին ոչ մի բան չպետք է շեղի իր բուն ծառայության՝ մարտական առաջադրանքի կատարումից:

Իմ հիմնական խնդիրը մարտական պատրաստությունն է: Անցած ուսումնական փուլն ավարտեցինք լավ արդյունքով: Այս ուսումնական փուլում արդեն իսկ ավարտել ենք վաշտի, գումարտակի ներդաշնակման փուլերը: Առհասարակ զորամասի մարտական պատրաստության վիճակը որոշվում է զորավարժությունների ու տարեվերջյան ստուգումների արդյունքում: Մեր զորամասը, վստահաբար կարող եմ ասել, լավագույնների շարքում է:

Պատրաստեց Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/03/2015