ՈՒՍՈՒՑԻՉԸ
Նա խստապահանջ է, ինքնավստահ, հազվադեպ է ժպտում, բայց շատ ջերմ ու բարեհամբույր է: Ես ունկնդրում եմ նրա դասը. կոշտ ու կոպիտ լեզվի համարում ունեցող գերմաներենը չափազանց երգեցիկ է հնչում նրա շուրթերից… Աստղիկ Հարությունյանը դասավանդում է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող է: Երիտասարդ ուսուցչուհին առաջինն է ճանաչվել նաև նույն մրցույթի՝ «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգում:
-Ինչո՞ւ ընտրեցիք ուսուցչի մասնագիտությունը:
-Ուզում էի նմանվել մորս: Մայրս բանասեր է: Նրա կերպարը, խոսքը, շարժուձեւը, հագուկապը միշտ հիացրել են ինձ: Նրան հաջողվում էր սեր արթնացնել լեզվի, ակնածանք՝ ուսուցչի հանդեպ… Նա կարողանում էր սովորեցնել… Իսկ դա մեծ արվեստ է, որ ամեն մեկին տրված չէ: Եվ ես երազում էի ուսուցիչ դառնալ` նրա նման ուսուցիչ… Հիմա արդեն ինքս վստահ կարող եմ ասել, որ ուսուցչի մասնագիտությունը աշխարհի ամենապատվաբեր մասնագիտությունն է:
-Ընդունվեցիք Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան…
-Դեռ սովորում եմ ասպիրանտուրայում… Եթե ինձ առաջարկեն, ասենք՝ թարգմանիչ աշխատել, խոստանան տասնապատիկ ավելի աշխատավարձ, ես կհրաժարվեմ… Ես կրթությամբ ուսուցիչ չեմ, ես իմ էությամբ եմ ուսուցիչ:
-Երեք տարի է, ինչ դասավանդում եք վարժարանում: Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
-Աշխատանք էի փնտրում, համացանցում հայտարարություն գտա, զանգահարեցի, ներկայացա հարցազրույցի: Այն տեւեց մի քանի ժամ… Անգամ հոգեբան էր մասնակցում: Տարբեր իրավիճակներ քննարկեցինք, եւ միայն ամենավերջում հետաքրքրվեցին` ի՞նչ կրթություն ունեմ, ի՞նչ գնահատականներով եմ ավարտել: Հասկացա` այստեղ կարեւորը ոչ թե դիպլոմն է, դրա գույնը, այլ մարդը… Տպավորված էի:
-Ինչպիսի՞ պահանջներ ներկայացրեց վարժարանի ղեկավարությունը:
-Վարժարանի պետն ասաց. «Ուզում եմ՝ մեր սաների գերմաներենի իմացությունը հասնի այնպիսի մակարդակի, որ մեզ մատնացույց անեն»: Ես ուրախացա, որ օտար լեզուն ռազմամարզական վարժարանում այդպես կարեւորվում է. չէ՞ որ օտար լեզուն զարգացնում է նաև մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում աշխարհայացքը… Եվ ես ստանձնեցի այդ պատասխանատվությունը:
-Դժվար չէ՞ր:
-Ես պետք է տղաներին համոզեի, որ գերմաներենը երկրորդական առարկա չէ: Կարողացա: Վաշտի հրամանատարները հաճախ են ինձ հարցնում. «Ինչպե՞ս է քեզ հաջողվում ստիպել սաներին ամբողջ գիշեր գերմաներեն կարդալ` այն էլ իրենց քնի հաշվին»:
-Ե՞վ, ի՞նչ եք պատասխանում:
-Որ պարտադրանքը իմ աշխատանքի մեթոդը չէ… Ես, օրինակ, մի քանի ֆիլմ եմ բերել դասարան, դուք տեսնում եք սեղանին դրված տեսաերիզները: Ես ասում եմ տղաներին` «Գիտե՞ք` ինչու այդ ֆիլմերը չենք դիտում, որովհետեւ դուք բավական բառապաշար չունեք: Մենք կդիտենք, եթե այս երեք տեքստը յուրացնեք»: Աշակերտի համար ուսուցման գործընթացը պետք է պատճառաբանված, իմաստավորված լինի: Նա պետք է իր ընդունակությունների զարգացման դրդապատճառն ունենա:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում սաներին:
-Ես միշտ հիմնվում եմ սովորողի ոչ թե չիմացածի, այլ իմացածի վրա, այսինքն՝ եթե սանը արժանանում է չորս գնահատականին, ես ասում եմ` քանի որ սովորել էիր սա՛, սա՛, սա՛, ուստի ստանում ես չորս: Նա հասկանում է, որ եթե հաջորդ դասին մի բան ավելի սովորի, առավել բարձր գնահատականի կարժանանա: Ես միշտ ավելին եմ պահանջում, քանի որ միայն այդպես է հնարավոր ստանալ այն, ինչ իրականում ուզում ես: Իմ աշխատանքը կառուցվում է առավելագույն արդյունք ստանալու ձգտման վրա:
-Եթե բնութագրելու լինեք Ձեր սաներին, ապա, ըստ Ձեզ, ո՞րն է նրանց ընդհանրությունը:
-Իմ սաները ունեն իրենց կարծիքը, դիրքորոշումը այս կամ այն հարցի շուրջ, ինչն ինձ շատ է դուր գալիս: Նրանք կարող են հակադրվել, եթե համաձայն չեն: Շրջահայաց են, տեղեկացված, պահանջկոտ: Նման պայմաններում կրթությունը պետք է անձնակենտրոն լինի: Եթե մարդուն չճանաչես, նրա անհատականությունը չբացահայտես, ուսուցումն անարդյունավետ կդառնա:
Հետո մանկավարժը պետք է ստեղծագործող անձնավորություն լինի, չձանձրացնի աշակերտին, մի քիչ անսպասելի լինի: Ինքն իրեն քննադատելու ունակություն ունենա եւ գերազանցիկ աշակերտի պես քրտնաջան աշխատի: Այսօրվա մանկավարժի առաջին թշնամին` «Ես ամեն ինչ գիտեմ» մեծամտությունն է… Գիրք կա, որ հինգ անգամ կարդացել եմ` համագործակցային ուսուցման մեթոդների մասին է: Բարդ է շարադրված, մինչեւ չեմ հասկացել, չեմ փակել: Մեր խնդիրը չէ ինքներս մեզ կամ դիմացինին ապացուցել, որ մենք գիտենք, մեր խնդիրը դասավանդվող առարկան հասու դարձնելն է: Պետք է սա հասկանանք: Մենք` ուսուցիչներս, պետք է զարգացնենք աշակերտի քննադատական մտածողությունը, որովհետեւ այսօր մենք պասիվ ընկալողներ չենք դաստիարակում… Աշխարհը արագ է փոփոխվում, եւ մենք պետք է օգնենք, որ աշակերտը այդ աշխարհին համահունչ մարդ մեծանա: Եվ այս համատեքստում կարեւոր է, որ երիտասարդին սովորեցնենք ինքնակրթվել…
-Ուսուցչին այսօր մեծ առաքելություն է վերապահված. կրթելուց բացի, նա պետք է նաեւ դաստիարակի:
-Ուսուցման եւ դաստիարակության գործընթացները հնարավոր չէ առանձնացնել, դա մի ամբողջություն է: Ուսուցումը սովորողի եւ սովորեցնողի փոխհարաբերություն է: Պարզապես պետք է հրաժարվենք հարց-պատասխան սպառված մեթոդից եւ շեշտը դնենք խմբային քննարկումների, բանավեճերի, այսինքն՝ ինտերակտիվ ձեւի վրա: Նմանօրինակ դասերի ընթացքում սանը սովորում է լսել, խոսել, ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը, սովորում է հանդուրժել, զարգացնում է վերլուծելու ունակությունը, եզրահանգումներ է անում, ձեւավորում է մի շարք անձնային որակներ, սոցիալական հմտություններ: Նա դաստիարակվում է: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին նաեւ ձերբազատվել բարդույթներից:
-Եվ որպես վերջաբան՝ կասե՞ք, թե որն է ամենագլխավորը ուսուցչի աշխատանքում:
-Մենք պետք է կարողանանք գնահատել ազնիվ, բարի, կամեցող, արդարամիտ, աշխատասեր մարդուն. սա մեր ամենակարեւոր անելիքն է: Ես ուզում եմ, որ ուսուցիչը ավելի մեծ հեղինակություն ունենա հասարակության մեջ, հարգվի, ուզում եմ, որ դպրոց չմտնեն նրանք, ովքեր չեն հասկանում, չեն գնահատում կրթօջախի պատիվը:
Հ. Գ.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու, վարժարանի սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար՝ Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերով է խրախուսել ուսուցչուհուն, մաղթել անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ իր ազգանվեր առաքելության մեջ:
Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում