Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ԿՈՓՈՒՄ Է



Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակը, զորամասերում մարզական ակտիվների բնականոն աշխատանքը պաշտպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում են, առավել ևս՝ զորակոչի ամիսներին: Սպորտային անկյունների նյութատեխնիկական բազայի ապահովումը, մարզվող զինծառայողների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությունն ու նրանց առողջության պահպանումը խիստ կարևոր հրամայականներ են, որոնք դրված են զորամասերի հրամանատարական կազմի առջև:

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ֆիզպատրաստության դասերն անցկացվում են ըստ ուսումնական պլանի, լիարժեք: Սպորտային հրապարակում, որ համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին, կիրակի օրերին կազմակերպվում են ժամանցային միջոցառումներ, ներզորամասային մրցումներ:

Ինչպես տեղեկացրեց զորամասի ֆիզպատրաստության սպա, կապիտան Արտակ Գրիգորյանը, թեև զորամասը դեռ չունի սպորտային դահլիճ, բայց դա չի խանգարում բարձր մակարդակով դասընթացները կազմակերպելուն: Վերջին յոթ ուսումնական փուլերի ավարտին զորամասը միմիայն «լավ» գնահատական է ստանում, իսկ զորամասի զինծառայողները հաջող ելույթներ են ունենում ներբանակային սպորտային մրցույթներում:

-Ֆիզպատրաստության դասընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում քննական նորմատիվներին: Մենք աշխատում ենք նաև ուժի, դիմացկունության և արագության վրա՝ ուսուցանելով ձեռնամարտի հիմունքները: Դասերի կամ պարապմունքերի ժամանակ հետևում ենք անվտանգության կանոնների, ինչպես նաև յուրաքանչյուրի նախընտրելի ծանրաբեռնվածության պահպանմանը: Մեզ համար կարևոր է, որ ունենանք առողջ, կոփված և դիմացկուն մարտիկներ,- շեշտում է կապիտան Գրիգորյանը:

Նա միաժամանակ ցավով է նկատում, որ նորակոչիկների մեծ մասը բանակ է զորակոչվում ֆիզիկապես ոչ այնքան կոփված:

-Դպրոցներում ֆիզպատրաստության դասերը հիմնականում ձևական բնույթ ունեն: Պատանիների մեծ մասն այսօր սպորտով չի զբաղվում: Բնական է, որ դա անդրադառնում է նրանց նախազորակոչային վիճակի վրա: Եվ մենք այստեղ փորձում ենք բաց թողածը լրացնել,- ասաց Արտակ Գրիգորյանը:

Զորամասում հանգստյան օրերին թե՛ սպորտհրապարակում, և թե՛ շարային հրապարակում կազմակերպվում են սպորտ-մասսայական միջոցառումներ՝ ձեռնամարտի, ձգումների, վազքի, կշռաքարի բարձրացման, ինչպես նաև շախմատի, նարդու, սեղանի թենիսի մրցումներ, պարանի ձգում: Զինվորները մեծ սիրով են մասնակցում այդ միջոցառումներին:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Ազգային բանակ


26/02/2015