Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՅՔ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ



Կանայք ծառայում են մի շարք երկրների բանակներում. ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Դանիա, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Շրի Լանկա, Պորտուգալիա, Իսրայել, Իսպանիա, Հունաստան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա և այլն:

ԱՄՆ

Մինչև 1948թ. կանայք կարող էին ծառայել միայն պատերազմի ժամանակ, սակայն 1948 թ.-ին ընդունված «Զինված ուժերում կանանց ինտեգրման մասին» օրենքում կանանց սկսեցին ընդունել նաև խաղաղ պայմաններում: 1992 թվից կանանց օրենքով չի արգելվում դառնալ մարտական օդաչուներ, իսկ 1993թ.-ից` նաև ծառայել մարտական նավերի վրա: 1976թ.-ից կանայք կարող են ընդունվել պաշտպանության նախարարության բոլոր ուսումնական հաստատությունները, ներառյալ նաև ռազմական ակադեմիաները:

Կանանց արգելվում է անմիջական մասնակցություն ունենալ մարտական գործողություններին, ծառայել հատուկ նշանակության ուժերում: Անկախ այս արգելքի գոյությունից, միայն Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ զոհվել է 140 ամերիկացի կին զինծառայող, ավելի քան 860-ը վիրավորվել են: 2012թ.-ին պենտագոնը հայտարարեց, որ կմեղմացնի ռազմական գործողություններին կանանց մասնակցության սահմանափակումները:

Ներկայումս ԱՄՆ 1,5 միլիոնանոց բանակի 14,5%-ը կանայք են: 2009թ. տվյալներով, կին զինծառայողների շարքերում եղել են 100 գեներալ, 55 հազար սպա, 280 հազար զինվոր և սերժանտ:

ԻՍՐԱՅԵԼ

1959 թվականից օրենսդրորեն ամրագրված է երկու սեռերի պարտադիր զինվորական ծառայությունը: Զորակոչվում են 18-24 տարեկան չամուսնացած կանայք: Իսրայելի պաշտպանության բանակի առաջին Կանանց կորպուսն ստեղծվել է 1948թ.-ից: 1995թ.-ից կանայք իրավունք ստացան ծառայելու նաև ռազմաօդային ուժերում, իսկ 2000թ.` մարտական ստորաբաժանումներում: Այժմ Իսրայելի պաշտպանության բանակի մոտ 33%-ը կանայք են:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

1653թ. Անգլիայում հայտնվում են առաջին կանանց ռազմական հոսպիտալները, որտեղ աշխատում էին զինվորների կանայք: 1917-1919 թթ. անգլիական զինված ուժերում ձևավորվում են Կանանց թագավորական ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերի Թագավորական օժանդակ կորպուսը և ավտոտրանսպորտի հատվածի Կանանց լեգեոնը` ընդհանուր 100 հազար հոգի թվաքանակով:

ԿԱՆԱԴԱ

1895թ.-ից կանայք սկսում են ծառայել տղամարդկանց հետ հավասարապես՝ որպես լիիրավ զինծառայողներ ոչ միայն ապահովման ծառայությունում, այլև մարտական զորամասերում, ինչը շարունակվում է մինչ օրս:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

1990-ականներից կանանց թույլատրել են ծառայել բոլոր զորատեսակների ոչ մարտական ստորաբաժանումներում: 2010 թ. տվյալներով՝ հնդկական բանակում ծառայում է 1012 կին սպա:

ԳԵՐՄԱՆԻԱ

1975 թ. կանանց թույլատրվեց ծառայել սանիտարական զորքերում, իսկ որոշ ժամանակ անց` նաև ռազմական նվագախմբերում: 2001թ.-ից գերմանուհիներին թույլատրվեց ծառայել բոլոր ռազմական մասնագիտություններով և բոլոր զորատեսակներում՝ ներառյալ դեսանտային զորքերը, ստորջրյա նավատորմը և ռազմաօդային ուժերը: Կանայք կազմում են անձնակազմի 8,9%-ը` 16 900 հոգի (2010թ.), որոնցից 2600-ն ունեն սպայական կոչում:

ԼԵՀԱՍՏԱՆ

Այս երկրում կանայք պարտադիր զինծառայության չեն զորակոչվում, բայց իրավունք ունեն ծառայության անցնելու կամավոր հիմունքներով: Մինչև 1999 թ. կանանց զինծառայության էին ընդունում միայն բացառության կարգով և հատուկ պայմաններով: 2011թ. տվյալներով՝ լեհական զորքերում կանայք կազմում են զինծառայողների ընդհանուր թվի 1,2%-ը (962 հոգի), որոնցից 550-ը` սպա, 355-ը` սերժանտ, 57-ը` շարքային:

ԻՏԱԼԻԱ

1999թ.-ին ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս կանանց անցնել զինված ուժերի շարքերը: Իտալուհիները կարող են ծառայել ԶՈՒ ցանկացած ստորաբաժանումներում, բացի ստորջրյա նավատորմից և հատուկ նշանակության ջոկատից: Այժմ կանանց թիվը ցամաքային զորքերում կազմում է անձնակազմի 6,3%-ը, ռազմածովային ուժերում` 3,8%, ռազմաօդային ուժերում` 1,6%-ը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս կին զինծառայողների թիվը եղել է 25 հազար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` մոտ 1 մլն: Այս պատերազմների ժամանակ ստեղծվել են միայն կանանցից բաղկացած մարտական զորամասեր:

2012 թ. տվյալներով՝ ՌԴ ԶՈՒ-ում ծառայում է մոտ 50 հազար կին, նրանց 1,5%-ը գրավում է առաջնային հրամանատարական պաշտոններ: Կին զինծառայողները պայմանագրային ծառայության են անցնում նաև շարքային ու սերժանտական կազմում գործնականում բոլոր տեսակի զորքերում, միավորումներում և զորամասերում:

ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱ

Այստեղ կանայք ծառայում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում եւ կարող են մասնակցել մարտական գործողությունների: Կին կադրային զինծառայողները ԶՈՒ կազմում. 4% Նորվեգիայում, 6% Շվեդիայում, ժամկետային զինծառայողների թվում` 1,5%:

Չինաստանի բանակում կանանց հստակ թիվը և տոկոսն անհայտ է, սակայն հայտարարվում է, որ նրանց թիվը մարտական զորամասերում աճել է: Վերջերս ստեղծվել է միայն կանանցից բաղկացած հատուկ նշանակության առաջին ջոկատը:

Հարավային Կորեայում կանայք ռազմական ակադեմիա ընդունվելու իրավունք են ստացել 1998թ.-ից: Այժմ ծառայում է 2900 կին սպա:

Հյուսիսային Կորեայի մասին բաց տեղեկություններ չկան, սակայն, միջազգային փորձագետների գնահատականներով, կանայք կարող են կազմել բանակի 10%-ը:

ԹՈՒՐՔԻԱ

1955թ.-ից կանանց սկսել են ընդունել ռազմական ակադեմիա, 1957թ.-ից սպայական կոչում ստանալու իրավունք են ստացել: Այժմ թուրքական զորքերում ծառայում է 1600 կին:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ռազմական


12/03/2015