ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
Խորհրդային բանակի վերջին շրջանի հայ ռազմական գործիչներից է գեներալ-լեյտենանտ Ռուբեն Գրիգորի Մաղալյանը (Մաղալով): Նա կուրսանտի ուսադիրներով ծառայությունն սկսելով Թբիլիսիում, ավարտել է Դոնի Ռոստովում՝ գեներալ-լեյտենանտի կոչումով և Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնում, որտեղից էլ անցել է կենսաթոշակի: Կարճ ժամանակ անց կրկին վերադարձել է մարտական շարք, այս անգամ արդեն որպես Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի քաղպաշտպանության գծով խորհրդական և միաժամանակ հիշյալ տարածաշրջանի Հայրենական պատերազմի և քաղպաշտպանության ծառայության վետերանների հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ:
Սկզբից ևեթ նշենք, որ գեներալ-լեյտենանտ Ռուբեն Մաղալյանի կենսագրությունը ցարդ անծանոթ էր իր հայրենակիցներին: Ծառայության մեջ լինելով Կարպատներում և հեռավոր Ղազախստանում՝ նա կտրված է եղել հայկական միջավայրից: Եվ ուզում ենք «մոռացության» գրկից հանել հայազգի գեներալին:
Ռուբեն Մաղալյանը ծնվել է Վրաստանի Հանրապետության Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղից Թբիլիսի տեղափոխված արհեստավոր Գրիգոր Մաղալյանի հարկի տակ՝ 1935 թ. հունվարի 7-ին՝ լինելով թվով երկրորդ զավակը նրա ընտանիքում:
Մաղալյանների տունը գտնվել է Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասում, որտեղ տեղակայված էր նաև Անդրկովկասյան կարմրադրոշ ռազմական օկրուգի զորամասերից մեկը: Ռուբենի մանկության ու պատանեկության տարիները համընկնում են Հայրենական մեծ պատերազմի շրջանի հետ, երբ նրա դպրոցական ընկերներից շատերի հայրերն ու եղբայրները մեկնել էին ռազմաճակատ: Ռազմաճակատում էին նաև Ռուբենի հայրն ու երկու հորեղբայրները: Բարձր առաջադիմությամբ ավարտելով միջնակարգը՝ նա 1953 թ. ընդունվել է Թբիլիսիի ռազմական ուսումնարան: Ուսումնառությունն ավարտելով՝ ծառայության է նշանակվել Մերձկարպատյան ռազմական օկրուգում՝ որպես ծանր տանկային դիվիզիայի դասակի հրամանատար: 1957թ.-ին ճակատագիրը նրան դարձյալ վերադարձնում է ծննդավայր Թբիլիսի, որտեղ նա ծառայում է Անդրկովկասյան ռազմական օկրուգում՝ նախ որպես ուսումնական դիվիզիայի դասակի ու վաշտի, ապա նաեւ գնդի գումարտակի հրամանատարի, ինչպես և շտաբի պետի պաշտոններում: Այնուհետեւ Անդրկովկասյան օկրուգից ռազմական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուղարկվում է Մոսկվա՝ Մ. Վ. Ֆրունզեի անվան ակադեմիայում ուսանելու:
1972 թ. հաջողությամբ ավարտելով ակադեմիան՝ մայոր Ռ. Մաղալյանը կրկին ծառայության է ուղարկվում Մերձկարպատյան ռազմական օկրուգ: Նշանակվում է մոտոհրաձգային գնդի հրամանատար, ապա մի կարճ ժամանակ անց նրան վստահվում է դիվիզիայի շտաբի պետի պատասխանատու պաշտոնը: 1974 թ. կրկին ուղարկվում է Մոսկվա՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբին կից Վորոշիլովի անվան կրկնակի շքանշանակիր ռազմական բարձրագույն ակադեմիայում կատարելագործելու իր տեսական ու փորձնական գիտելիքները: 1976 թ. հունիսին հաջողությամբ ավարտում է ակադեմիան և, ի թիվս այդ տարվա մյուս շրջանավարտների, դիպլոմների հանձնման ժամանակ գնդապետ Ռ. Մաղալյանը եւս արժանանում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Խորհրդային Միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան մարշալ Վիկտոր Կուլիկովի շնորհավորանքին:
Հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո գնդապետ Ռ. Մաղալյանը նշանակվում է Միջինասիական ռազմական օկրուգի դիվիզիայի հրամանատար, որը տեղակայված էր Ղազախստանի Հանրապետության Կարագանդայի մարզում: Երեք տարի անց` 1979 թ., նրան շնորհվում է գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ 1980 թ. նշանակվում է Միջինասիական ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի քաղպաշտպանության գծով տեղակալ: Շուտով, գերազանց ծառայության համար, նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում:
FFF
1986 թ. ապրիլի 26-ին Խորհրդային Միությունում տեղի է ունենում Չերնոբիլի ատոմակայանի չորրորդ բլոկի պայթյունը, որը երբևէ աշխարհում տեղի ունեցած ամենամեծ աղետներից է: Ռ. Մաղալյանը մայիսի 8-ին իր հրամանատարության տակ գտնվող զորամասերի հետ տեղափոխվում է Չերնոբիլ: Եվ դեռ դարացունց աղետի հետևանքների վերացման գործը չավարտած՝ տեղի է ունենում Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Գեներալ-լեյտենանտ Ռ. Մաղալյանն իր ջոկատներով շուտով հայտնվում է Հայաստանում ու ճամբար դնում աղետի գոտում: Բայց, ցավոք, նա այստեղ չի կարողանում երկար մնալ: Զգացնել է տալիս Չերնոբիլում ստացած սրտի կաթվածը: Աղետի գոտում թողնելով իր զինվորներին՝ ստիպված մեկնում է Հայաստանից:
Առողջական վիճակի վատթարացման պատճառով գեներալ Ռ. Մաղալյանը 1995 թ. ժամկետից շուտ թողնում է ծառայությունն ու անցնում վաստակած հանգստի: Շարք է վերադառնում արդեն որպես Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսկովկասյան տարածաշրջանի Հայրենական պատերազմի և քաղպաշտպանության ծառայության վետերանների խորհրդի նախագահ՝ միաժամանակ ստանձնելով Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի հրամանատարի քաղպաշտպանության գծով խորհրդականի պատվավոր պաշտոնը:
Գեներալ-լեյտենանտ Ռ. Մաղալյանը ԽՍՀՄ զինված ուժերում և Ռուսաստանի Դաշնության բանակում ծառայելու շուրջ 40 տարիների ընթացքում արժանացել է մի շարք բարձր շքանշանների ու 25-ից ավելի հայրենական ու արտասահմանյան երկրների մարտական մեդալների, այլ բարձր պարգևների: Այսօր էլ նա որպես նվիրյալ զինվոր շարունակում է իր ծառայությունը հասարակական կյանքում:
ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող
Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում