ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Ապրիլի 18-23-ը մի շարք միավորումների ու զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերջին զարգացումների համայնապատկերի վրա նպատակուղղված էր մեր երկրի պաշտպանունակության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Զորավարժության անցկացումը նախատեսված էր տարվա մարտական պատրաստության պլանով: Առավելագույնս հաշվի էին առնվել հակառակորդի կողմից առկա սպառնալիքները եւ նրա բոլոր հավանական գործողությունները։ Պաշտպանության բանակը լրիվ աստիճանի մարտական պատրաստականության է բերվել ոչ սովորական կերպով: Ուշադրության կենտրոնում են եղել ղեկավարման կետերի ծավալումը, զորքերի ղեկավարման, միավորումների ու զորամասերի հերթապահների գործողությունները, պաշտոնական անձանց կողմից գործառութային պարտականությունների կատարումը, ըստ իրադրության անձնակազմի գործողությունները, մարտական պատրաստականության բերման պլանների ունկնդրումը եւ այլն:
Պաշտպանական մարտի նախապատրաստման եւ շտաբների հմտությունները կատարելագործելու ընթացքում մշակվել են խնդրի պարզաբանման, իրադրության գնահատման եւ մտահղացման սահմանման, ծառայությունների պետերի առաջարկությունների, որոշման ընդունման ու մարտական խնդիրների առաջադրման եւ այլ ուսումնական հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել որոշումների ճշտման, տեղանքում փոխգործակցության, ինչպես նաեւ համակողմանի վերահսկողության եւ օգնության ցուցաբերման հարցերին:
Անչափ կարեւոր էր բանակի, միավորումների ու զորամասերի հրամանատարների, շտաբների գործողությունների ներդաշնակումը պաշտպանական մարտի վարման ժամանակ: Մարտական խնդիրները լուծվել են հաջորդաբար՝ ըստ իրավիճակի:
Եզրափակիչ փուլում կատարելագործվել են հրամանատարների եւ շտաբների` հարձակողական մարտի կազմակերպման ներդաշնակ գործողությունները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը երկու հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակներում ապրիլի 22-ին ժամանել էր Արցախ, հրամանատարաշտաբային զորավարժությունները համարեց այս տարվա ամենախոշոր ու կարեւորագույն միջոցառումը։ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը իր մասնակցությունն, իր տեսական գիտելիքներն ու փորձն է բերել համաբանակային միջոցառման եզրափակիչ փուլին, որի առանցքը մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն էր։
Իսկ մինչ այդ, մշակվել էին խնդրի պարզաբանման, իրադրության գնահատման, ծառայությունների պետերի առաջարկությունների, որոշման ընդունման եւ մարտական խնդիրների ու մտահղացումների առաջադրման, ինչպես նաեւ որոշման, տեղանքում փոխգործակցության եւ համակողմանի կազմակերպման, հարձակողական մարտի պլանավորման եւ այլ ուսումնամարտական հարցեր: Անվիճարկելի էր պատերազմի բովով անցած հրամանատարների՝ իրադրության սթափ գնահատման, հավանական պատերազմական գործողությունների իրատեսական ընկալման եւ հնարավոր գործողությունների ու որոշումների ընդունման կարողությունը։
Զորամասի կազմով եւ աջակցող ստորաբաժանումների տեխնիկայի եւ կրակային միջոցների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը ցույց տվեց հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում տեսական մշակումների գործնական կիրառության արդյունավետությունը։ ԼՂՀ նախագահի ներկայությունը եզրափակիչ փուլին եւս փաստում է միջոցառման կարեւորությունը մեր երկրի պաշտպանունակության համար։
Հրամանատարաշտաբային զորավարժության (ՀՇԶ) արդյունքների ամփոփման ու վերլուծության ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը նշեց, որ այն իր բնույթով, անձնակազմի ու տեխնիկայի ընդգրկմամբ, ինչպես նաեւ առաջադրված խնդիրների բարդությամբ աննախադեպ էր: Ներկայացնելով ՀՇԶ-ի առանձնահատկությունները՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը վերլուծության հիման վրա նշեց, որ հրամանատարությունը տիրապետում է իրավիճակին, հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղման համար զինանձնակազմը կատարել է իր առաջ դրված խնդիրները, լավ է կազմակերպել հավանական հակառակորդի օդային ու հրթիռային խոցման միջոցների դիմագրավումը: Զորավարժությունն անցկացվել է մարտական իրադրությանն առավելագույնս մոտեցված պայմաններում, իսկ մասնակից անձնակազմը իր մաշկի վրա զգացել է այն բոլոր դժվարությունները, որոնք անխուսափելի են պատերազմի ժամանակ:
Խոսք եղավ նաեւ թերությունների ու բացթողումների մասին: Զորավարժության ղեկավարը նշեց, որ նախորդ փուլերի համեմատ եզրափակիչ փուլում զինծառայողներն ավելի ինքնավստահ էին գործում, եւ ավելի էր զգացվում նրանց գործիմացությունը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Ա. Դավթյանը հանգամանալից ներկայացրեց ՀՇԶ-ի վերլուծությունը՝ կանգ առնելով ինչպես հաջողությունների, այնպես էլ թերությունների վրա: Նշվեց, որ ներգրավված ու մասնակից անձնակազմերին հաջողվել է հասնել զորավարժության անցկացման պլանով առաջադրված ուսումնական նպատակներին:
Վերջում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը հրապարակեց գլխավոր շտաբի պետի հրամանը անձնակազմի խրախուսման մասին:
Ըստ զորավարժության մասնակից բարձրաստիճան զինվորականների գնահատականների` զորավարժության արդյունքները հիմնականում գոհացուցիչ են, ակնհայտ է ներգրավված անձնակազմի մասնագիտական կարողությունների, գիտելիքների ու փորձի հարստացման, առաջադրված խնդիրները լուծելու հմտությունների զարգացման միտումը, որը զորավարժությունից զորավարժություն ավելի է ընդգծվում ու առարկայանում։ Այդ են պահանջում մեր երկրի շահը եւ անվտանգության աստիճանի բարձրացման հրամայականը:
ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
կապիտան
Լուսանկարները` ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ
կապիտան