Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՆՍԵՄ. ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՈԳԻՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ



Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի…

ԺԱՆՍԵՄ

♦ Աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Սեմերջյանը ծնվել է 1920թ. մարտի 9-ին, Սելեզում (Թուրքիա): 1922թ. թուրքերի իրականացրած հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան, հաստատվում Սալոնիկում: Այնուհետ 1931թ.-ին Ժանսեմի մայրը ամուսնու մահից հետո որդուն բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:

♦ Փարիզը միշտ էլ մշակութային կենտրոնի համբավ է ունեցել, եւ ահա հենց այստեղ էլ՝ Մոնպառնասի «ազատ ակադեմիաներում» մասնագիտական առաջին դասերն է ստանում ապագա մեծ նկարիչը: Ավելի ուշ ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: 1956թ. ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ:

♦ Տաղանդաշատ նկարիչն ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Հռոմում…

♦ Ժանսեմը հաճախ է նկարել ազգային թեմաներով՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում», «Հայ ծերունու մահը»… Նա առավելապես ստեղծել է հասարակ մարդկանց կենցաղը պատկերող կտավներ՝ բոբիկ, ցնցոտիներով մարդիկ՝ տառապանքի դրոշմը դեմքներին..

♦ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրեւ միզերաբլիստ՝ թշվառների, դժբախտների, ընչազուրկների նկարիչ: Ինքը կխոստովանի. «Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն բնույթով հոռետես չեմ, այլ ընդհակառակը: Բայց, եթե խորանանք, ապա իմ մեջ խոր վիշտ կտեսնենք, այս վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում: Երբ երիտասարդ էի՝ երազում էի այդ մասին նկարել, սակայն ինքս ինձ ասում էի՝ դա հնարավոր չէ, պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել…»:

♦ Ժանսեմը պատկառելի տարիքում էր, երբ սկսեց նկարել «Եղեռն» շարքը… Նկարում էր իրար հետեւից՝ ասես ուզում էր ձերբազատվել այդ տխուր հիշողություններից՝ «Երկնագույն եղեռն», «Բռնություն», «Տեղահանություն», «Ռեքվիեմ»,«Վերջին քուն», «Ջարդ», «Գաղթականներ»…. 34 նկարներ, որոնք պակաս խոսուն չեն, քան եղեռնի մասին պատմող որեւէ ահասարսուռ պատմություն:

♦ Եղեռնին նվիրված այս նկարաշարը անչափ դիպուկ է բնութագրել հայտնի արվեստաբան Քրիստիան Բլանը՝ «Կորուսյալ հոգիներն իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչ աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողություններն են: Ժանսեմը հայելի է, որ մեզ ցուցանում է մեկ այլ կյանք, կյանքն այն մարդկանց, ովքեր տանջամահ եղան, սակայն նրանց կենդանի հուշը ունի հիշողության իրավունք: Լռության աղաղակներ: Հայացք… Դա կյանքի վերջին ճիչն է. վախից համրացած երեխայի աղաչող հայացքը, կնոջ վշտակորույս հայացքը, որից խլել են իր երեխային, եւ որի երբեմնի մայրական կաթով լեցուն, ծանր ու կենսատու ստինքները դատարկվել են, մզվել, կախվել հողին… Ժանսեմը ձեռնարկել է այս ծանր ուխտագնացությունը եւ դուրս է եկել տառապած, առհավետ ազդված….»:

♦ Նկարիչը 2001 թվականին այցելեց Հայաստան եւ իր վրձնած «Եղեռն» նկարաշարը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Ժանսեմը վախճանվել է 2013 թվականին, Փարիզում: Նրա գործերից շատերը գտնվում են Եվրոպայի եւ ԱՄՆ մի շարք թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:

Պատրաստեց Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Հոգևոր-մշակութային


12/03/2015