ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջև համագործակցությունն ու բարեկամությունը խոր արմատներ ունեն: Վարժարանի սաները բազմիցս այցելել են համալսարան, մասնակցել տարաբնույթ մշակութային, հայրենասիրական ուղղվածությամբ միջոցառումների, հանդիպել մեր մշակույթի անվանի ներկայացուցիչներին, ոգեշնչվել նրանց ելույթներով: Մայիսի 4-ին այդ համագործակցության հերթական դրսևորումն էր, այս անգամ հյուրընկալողի դերում վարժարանն էր: Ռազմական կրթօջախ էին այցելել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեվան, մշակութային ոլորտի հայտնի և սիրված դեմքեր, համալսարանի ուսանողներ: Զինվորական կարգուկանոնից, խստապահանջությունից բացի կարեւորելով նաև հոգևոր ու մշակութային դաստիարակությունը` ուսանողները վարժարանի պատանի սաների համար ասմունքեցին, երգեցին, ներկայացրին առավելապես Սեդա Վերմիշեվայի ստեղծագործությունները: Ելույթ ունեցան նաև Բարսեղ Կանաչյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը, օպերային երգիչ Կարպիս Մանուկյանը, երաժշտական արվեստի դպրոցի աշակերտները: Վարժարանի բեմի վրա կայացավ նաև երգի պրեմիերա. Սեդա Վերմիշեվայի բանաստեղծության բառերով և երգահան Ժասմինա Արևշատյանի գրած երաժշտությամբ երգիչ Ալեքսանդր Ժույկովը դաշնակահար Լևոն Հարությունյանի նվագակցությամբ առաջին անգամ կատարեց «Արցախ» երգը` ոգևորության մեծ ալիք բարձրացնելով դահլիճում: Տիկին Արևշատյանը տեղեկացրեց, որ հետագայում նախատեսվում է երգի կատարումը նվագախմբի հետ միասին:
-Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու, մեր բանակի վաղվա օրը տեսնելու համար: Ուրախ և հպարտ եմ, որ ես իմ գրվածքներով, մեր մյուս գործիչները հնարավորություն ունենք փոքր-ինչ բարձրացնելու ձեր ոգին: Հավատացնում եմ, զինվորականի համար ոգին անչափ կարևոր է, դրա շնորհիվ ես հաղթում թվապես և տեխնիկապես ավելի ուժեղ հակառակորդին: Հուսով եմ, մեր ելույթները օգտակար կլինեն ձեզ համար, իսկ դուք էլ ձեր հերթին կնպաստեք ընկերների, պարզապես տարեկիցների ոգու ամրապնդմանը,-իր խոսքում նշեց տիկին Վերմիշեվան:
Միջոցառումն ամփոփեց վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը: Նա նշեց, որ վարժարանի սաների մեծ մասը համալրելու է ազգային բանակի սպայակազմը, և նմանատիպ միջոցառումները խիստ կարևոր են ապագա սպաների ընդհանուր կրթվածության, աշխարհընկալման, ինտելեկտուալ բարձր որակների համար: Գնդապետը հատկապես նշեց վարժարանի և լեզվաբանական համալսարանի միջև համագործակցության բարձր մակարդակը և շնորհակալագրով պարգևատրեց այդ կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցող, համալսարանի գրադարանի միջոցառումների կազմակերպիչ Զարուհի Ավետիսյանին, որը նաև տվյալ հանդիպման նախաձեռնողներից էր:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան