Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՄԵՆԱԿ ՉԵՍ…



Երկար տարիներ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում ավագ բուժքույր եմ աշխատել: Աշխատել եմ սիրով, նվիրումով: Այժմ զինվորական թոշակառու եմ, երկրորդ կարգի զինհաշմանդամ:

Անկեղծ լինենք, չեմ կարող ցավով չխոստովանել, որ այսօր ժամանակները շատ-շատ են փոխվել. սոցիալական ծանր վիճակը, նյութապաշտությունը երկրորդական պլան են ասես մղել առաքինությունը, բարությունը, գութը, մարդկային բոլոր բարձր արժեքները:

Բոլորովին վերջերս առողջական շատ լուրջ խնդիրների առջև կանգնեցի, սակայն այս դաժան փորձությունը եկավ կարծես ապացուցելու, որ այսօր ամեն ինչ չէ, որ անդարձ կորած է. կյանքիս այս դժվարին փուլում ամեն քայլափոխի ես ականատես եղա մարդկային բարության, գթասրտության, ուշադրության, կարեկցանքի, ու խարխլված առողջությունս քիչ թե շատ վերականգնվեց ոչ այնքան դեղերից, որքան մարդկային այդ ջերմ վերաբերմունքից:

Չգիտեմ` ճակատագիրն ինչ է սահմանել ինձ համար, բայց չեմ կարող երախտիքս չհայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ, նյութական օգնություն ցուցաբերեցին, շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց հուսադրող խոսքերով քաջալերեցին, հավատ և հույս ներշնչեցին:

Շնորհակալության ջերմ խոսքերս առաջին հերթին ուզում եմ հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Շնորհակալ եմ նաև հայոց բանակի բոլոր բժիշկներին, բուժանձնակազմին` իրենց գործի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվության համար: Բանակի թերթի միջոցով ուզում եմ նաև երախտիքս հայտնել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Լևոն Հակոբյանին, «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժնի վարիչ Լևոն Բադալյանին, ֆրանսահայ մասնագետ Գևորգ Աբգարյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանին, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանին, Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանին:

Բոլորին` հիվանդ մարդուն հույս, լույս և կյանք պարգևելու համար:

Աստծո օրհնանքը` ձեզ,

Աստծո պարգևը` ձեր զավակներին,

Եղեք երջանիկ, միշտ առողջ ապրեք,

Բարություն ու լույս ձեր շուրջը սփռեք:

Հրանուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

պահեստի ենթասպա,

երկրորդ կարգի զինհաշմանդամ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Բանակ և հասարակություն


12/03/2015