Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՈՌՈՒԿԸ` ԿՐԾՔԻՆ



Արամ Պողոսյանը հինգ երեխաների հայր է: Ճակատագրի բերումով այժմ ապրում է արտերկրում: Կնոջ հետ որոշել են չորս աղջիկներին էլ ամուսնացնել հայրենիքում ապրող հայ տղաների հետ, որը կարևոր հիմք կդառնա Հայաստանում ապրելու համար: Եվ ահա Հայաստանում ծնվել է առաջնեկ թոռնիկը, և ծնողները իրենց որդու` Վաղինակի հետ այստեղ են: Վաղինակը չորս քույրերից կրտսերն է, որի 11 տարին լրացավ փետրվարի 27-ին:

«Հայ զինվոր» թերթի խմբագրություն էր եկել հայրը` որդու հետ, և մինչ ինքը կներկայացնի, թե ինչ նպատակով է եկել, որդին` ցույց է տալիս ֆիդայու հագուկապով և մեկ էլ Գարիկ հոպարի մեդալ ու շքանշաններով իր լուսանկարները: Գարիկ Եղիազարյանը հայրիկի մանկության ընկերներից է, հայոց բանակի առաջին զինվորներից, եղել է տանկի հրամանատար: ոցել է թշնամու տանկին:

-Գաղթից հետո մերոնք հաստատվել են Հրազդանի Սոլակ գյուղում: Հայրիկիս Սիրանուշ մորաքույրը տեսել է Անդրանիկին և մեծ ոգևորությամբ էր պատմում մեզ նրա քաջագործություններից, ես էլ, ինչ լսել եմ, պատմում եմ իմ երեխաներին: Ու միայն տեսնել ու զգալ է պետք այն ոգևորությունը, որով ապրում է որդիս: Հեռուստացույցով, համացանցով մշտապես Հայաստանի հետ է: Հետո էլ, երբ սկսվեց սահմանային լարվածությունը, ինձ ցույց տվեց իր ձեռքով գրված նամակը, որը հասցեագրել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«Պարոն նախարար, հարգարժան Սեյրան Օհանյան, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ես ու հայրս հայրենիքի զինվորներ ենք և հարկ եղած դեպքում պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հատկապես մեր թշնամին պետք է զգա, որ մեր ազգը անմահ է և պետք է քայլի հավերժի ճանապարհով»:

Շատ էր ոգևորվել, երբ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ նամակը տեղ է հասել:

Զրույցը 11-ամյա Վաղինակի հետ հետաքրքիր է, ոգևորող: Եղեռնի անմոռուկը կրծքին` շրջում է ողջ Հայաստանով, այցելում է Եռաբլուր, Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի հուշարձանին, Արցախյան պատերազմից հետո տղաների հիշատակին կառուցված հուշակոթողներին և բոլոր վայրերում լուսանկարվում է, որ տանի հետը, ցույց տա իր օտարազգի ընկերներին և քանի որ հայոց պատմությանն էլ քաջատեղյակ է, օտարներին ներկայացնի ինչպես Արցախյան, այնպես էլ Հայոց Մեծ եղեռնի իրական պատմությունը:

-Մենք պետք է հիշենք և պահանջենք, իսկ դրա համար պետք է լավ իմանանք մեր պատմությունը և կարողանանք պաշտպանել մեր երկիրը,- ասում է Վաղինակը:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Բանակ և հասարակություն


12/03/2015